«Թամարն էն կինը չի»

14/04/2011

Երեկ հրավիրված ասուլիսի ընթացքում «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Պողոսյանը հայտարարել է, թե ինչու է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ժամանակից շուտ Հոգաբարձուների խորհրդի նիստ հրավիրել եւ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամում 5 միլիոնի պակասորդ հայտնաբերել: Ըստ Թ. Պողոսյանի` Հոգաբարձուների խորհրդի նիստը տարվա ընթացքում հիմնադրամի հետ սփյուռքի նախարարի ունեցած հակասությունների պատասխանն էր: Իսկ հիմնադրամի եւ Սփյուռքի նախարարության միջեւ առաջին կոնֆլիկտը, Պողոսյանի ներկայացմամբ` եղել է այն, որ 2010թ. ապրիլի 22-ին իրեն կանչել են ՀՀ սփյուռքի նախարարություն եւ առաջարկել են կնքել պայմանագիր համահայկական մշակութային մասնագիտական համաժողովների անցկացման համար: Եվ երբ Թամար Պողոսյանը հարցրել է, թե դա ինչ որոշում է, պատասխանել են. «Կառավարության 2009թ. որոշմամբ, մասնագիտական համաժողովները դուք պետք է իրականացնեք, եւ ամսի 24-ին մասնագիտական համաժողովը սկսվում է»: «Ես ասում եմ` 22-ն է, ի՞նչ համաժողովի մասին է խոսքը: Պատասխանում են, թե` տիկին Պողոսյան, քանի որ դուք շատ զբաղված եք եղել, այդ ծրագիրն արդեն ուրիշ կազմակերպություն իրականացրել է: Այս պայմանագիրը կնքեք` ձեր գործառույթները փոխանցելու համար: Ես, բնականաբար, այդ պայմանագիրը չկնքեցի: Այս խոհանոցը երբ բացահայտվեց, հասկացա, թե ինչ է կատարվում: Երբ ես չստորագրեցի, նրանք շոկի մեջ ընկան, քանի որ նրանց ամբողջ սխեման քանդվեց: Հակառակ դեպքում բոլոր ծրագրերը պետք է դեմ տային, իրենք անեին, ես էլ այդ թղթերը ստորագրեի: Հայտարարում եմ` ուզում են ինձ դատեն, ինչ ուզում են անեն` սա փողեր լվանալու սխեմա է: Հրանուշ Հակոբյանը կանգնեց փաստի առաջ, որ տիկին Պողոսյանը էն կինը չի, որին կանչես ասես` արի ստորագրի, նա էլ ստորագրի: Ահա թե ինչ է կատարվում, երբ քաղաքական հենարան չունես եւ ոչ մի օլիգարխ սիրեկան չունես: Իմ դեպքում ստացվեց այն, ինչ ստացվեց»,- ասել է Թամար Պողոսյանը: