Փոքր քայլերով

14/04/2011

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն, ելույթ ունենալով ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում, անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորմանը` ասելով. «ԵԱՀԿ-ն մեծ ուշադրություն է հատկացնում ձգձգվող հակամարտությունների կարգավորմանը, քանի որ դա կարեւոր է կազմակերպության անդամ 56 երկրների միասնության համար: Հակամարտող կողմերի միջեւ փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորման հարցում օգնություն ցուցաբերելու համար ես հաջորդ ամիս այցելելու եմ Հարավային Կովկաս: Հակամարտությունների կարգավորման ուղղությամբ իրականացված յուրաքանչյուր փոքր քայլը կարող է մեծ արդյունքներ ունենալ»: Ի դեպ, 2010թ. դեկտեմբերին Լիտվայի նախագահը հայտարարել էր, որ ձգձգվող հակամարտությունները բավական զգայուն են, եւ վստահեցրել էր, որ ԵԱՀԿ-ն կարող է լուծել Հարավային Կովկասի ու Մերձդնեստրի «սառեցված» հակամարտությունները: