Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը շարունակում է պայքարը գնաճի դեմ։
Եվ այդ պայքարի տրամաբանության շրջանակներում՝ 2011 թվականի ապրիլի 12-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` սահմանելով այն 8.5%: Իսկ դա այնքան էլ չի նպաստում տնտեսական ակտիվությանը: Փորձենք պարզաբանել, թե ինչո՞ւ են տնտեսագետները կարծում, որ տոկոսադրույքի մակարդակը բացասաբար է ազդում տնտեսական ակտիվության վրա։ Պատկերավոր նկարագրենք։ Ենթադրենք՝ դուք ունեք որոշակի գումար եւ ցանկանում եք այն գործի մեջ դնել։ Ակնկալում եք 15% շահութաբերություն տարվա կտրվածքով։ Սակայն մինչեւ բուն գործին անցնելը բանկային տոկոսադրույքը գերազանցում է 15%-ը՝ դառնալով 16 կամ 17%։ Այդ դեպքում ինչո՞ւ պետք է գումարը դնեք գործի մեջ, չարչարվեք, ռիսկի գնաք՝ 15% շահույթ ստանալու համար, եթե կարելի է այդ գումարը ներդնել բանկում` որպես ավանդ, եւ տանը նստած, առանց ոչինչ անելու, ստանալ ավելի շատ եկամուտ։ Դիտարկենք երկրորդ դեպքը։ Դուք ցանկանում եք գործ սկսել, սակայն գումար չունեք։ Պայմանները նույնն են՝ դուք ակնկալում եք 15% շահութաբերություն։ Սակայն, եթե բանկերը վարկը տրամադրում են 15%-ով, ապա անիմաստ է դառնում վարկային միջոցներով գործ սկսելը։ Ստացվում է՝ դուք աշխատելու եք բանկի համար. գոյացած հասույթով փակելու եք վարկի տոկոսները։ Հենց այդ պատճառով էլ ասում են, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը վնասում է տնտեսական ակտիվությանը։ Հայաստանի դեպքում տոկոսադրույքին գումարվում է այն, որ մասնավորապես փոքր ու միջին բիզնեսին վարկերը տրամադրվում են կարճ ժամանակով, եւ վարկը ստանալուց մի քանի ամիս անց գործարարը հանկարծ հայտնաբերում է, որ իր շրջանառու միջոցները վերջանում են, եւ շատ արագ գնում է դեպի սնանկացում։ Իսկ վերաֆինանսավորման տոկոսադրույքը հենց այն, այսպես ասած, ուղենիշն է, որը ձեւավորում է բանկային շուկայական տոկոսադրույքը։ Այլ կերպ ասած՝ Կենտրոնական բանկն այդ գործիքի միջոցով ազդում է շուկայական տոկոսադրույքների վրա։ Եվ որքան բարձրանում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այնքան թանկանում են վարկերը։
Սակայն, սա Կենտրոնական բանկի ամենակարեւոր գործիքն է գնաճի դեմ պայքարում (պարտադիր պահուստների նվազագույն չափի հետ միասին)։ Օգտակար է դա տնտեսությանը, թե վնաս՝ ԿԲ-ին կարող է եւ չհետաքրքրել, քանի որ օրենսդրությամբ նրա հիմնական խնդիրը ոչ թե տնտեսական աճի ապահովումն է, այլ գների կայունությունը։ Ընդ որում՝ մյուս բոլոր խնդիրները ստորադասվում են գնաճի դեմ պայքարի գերխնդրին. դա նույնպես օրենքի պահանջն է։
Սակայն միայն ԿԲ-ն ոչինչ չի կարող անել գնաճի դեմ, եւ այստեղ նրան օգնություն է պետք։ Նշենք, որ Կենտրոնական բանկը չի էլ թաքցնում, որ միայնակ անզոր է պայքարել գնաճի դեմ: «Խորհուրդը գտնում է, որ 2011թ. տարեսկզբից դրամավարկային պայմանների խստացումը, հարկաբյուջետային քաղաքականության զսպող ազդեցությունը համախառն պահանջարկի ձեւավորման վրա, պետական այլ կառույցների աջակցությունը հակագնաճային միջոցառումների իրականացման գործընթացում իրական նախադրյալներ կստեղծեն գնաճը 2011 թվականի երկրորդ կեսից նպատակային միջակայք վերադարձնելու համար»,- նշված է ԿԲ խորհրդի նիստի արձանագրության մեջ:
Պետական այլ կառույցներն էլ ձգտում են ամոթով չթողնել երկրի Կենտրոնական բանկին։ Ամեն մեկն իր հերթին ինչ-որ բան անում է։ Կառավարությունը կրճատում է բյուջեի դեֆիցիտն ու օրենսդրական նախաձեռնություն տանում ԱԺ, որով իրեն իրավունք է վերապահում 90 օրով սահմանել այն ապրանքների գները, որոնց արժեքը մեկ ամսվա ընթացքում կթանկանա 30%-ով։ Ազգային ժողովն իր հերթին է նպաստում գնաճի զսպմանը՝ հաստատելով այս օրինագիծը։ Թոշակների եւ նպաստների բարձրացման՝ ՀՅԴ-ի առաջարկի հետաձգումը (կամ՝ փաստացի մերժումը) նույնպես կարելի է տեղավորել հակագնաճային տրամաբանության շրջանակներում։ Իհարկե, թե՛ Դաշնակցությունը, թե՛ կոալիցիոն պատգամավորները մասնավոր զրույցներում նշում են, որ պատճառը միջոցների բացակայությունն է, սակայն դա միակ պատճառը չէ։ Վերջիվերջո, թոշակների եւ նպաստների բարձրացումը նշանակում է բնակչության մոտ եղած փողի քանակի՝ հետեւաբար նաեւ` պահանջարկի ավելացում։ Մինչդեռ ԿԲ-ն կաշվից դուրս է գալիս փողի քանակը կրճատելու համար։ Այնպես որ, գիտակցաբար, թե իրենց կամքից անկախ՝ հայրենի պատգամավորները օգնել են Կենտրոնական բանկին լուծել իր խնդիրը։
Մի տեսակ աբսուրդ է թվում. գնաճի դեմն առնում են, որ մարդիկ կարողանան յոլա գնալ, որ թոշակառուն ու նպաստառուն՝ իրենց չեղածին հավասար թոշակով, կարողանան գոնե ուտելու բան գնել։ Այսինքն՝ ստացվում է, գնաճի դեմ պայքարում են ոչ թե ինքնանպատակ, այլ հանուն բնակչության։ Մյուս կողմից՝ զրկում են այդ նույն բնակչությանը մի քանի կոպեկ ավելի գումար ստանալու հնարավորությունից։ Այս մոտեցման ամենատրամաբանական բացատրությունն այն է, որ մեզանում ավելի կարեւոր է ոչ թե գնաճի հետեւանքը, այլ պարզապես դրա ցուցանիշը։
Իսկ եթե խոսքը վերաբերում է ոչ թե իրական գնաճին, այլ ընդամենը ցուցանիշին, ապա, անշուշտ, այստեղ ԿԲ-ին կարող է օգնության հասնել Ազգային վիճակագրական ծառայությունը։ Չնայած այս կառույցի հիմնական գործառույթը ոչ թե իրականության վրա ազդելն է, այլ՝ այն թվային տեսքով ներկայացնելը, սակայն, արի ու տես, որ ԱՎԾ-ն ձեւը գտել է՝ ներկայացնելուն զուգահեռ` ազդելու կոնկրետ գնաճի ցուցանիշի վրա։ Կենտրոնական բանկի՝ վերը նշված հաղորդագրության մեջ կարող եք կարդալ նաեւ այս պարբերությունը. «2011 թվականի մարտին արձանագրվել է 0.8% գնաճ: Չնայած սպառողական զամբյուղի նոր կշիռների հիման վրա հունվար եւ փետրվար ամիսների վերագնահատված գնաճը նվազեցրել է մարտի 12-ամսյա ցուցանիշը, այդուհանդերձ, այն դեռեւս բավականին բարձր է` 11.5%»։
ԱՎԾ-ն գնաճը հաշվարկում է 470 անուն ապրանք ծառայությունների հիման վրա, որտեղ յուրաքանչյուր ապրանք ունի իր կշիռը։ Այս անգամ այս կառույցը փոխել է գնաճի հաշվարկման մեթոդը` նվազեցրել է հացամթերքի եւ բենզինի կշիռները: Իհարկե, մարդիկ այս ընթացքում ամենեւին էլ չեն սկսել քիչ հացամթերք սպառել, սակայն, քանի որ հացամթերքը թանկացել է, ապա այս ապրանքախմբի կշռի փոքրացման արդյունքում նվազում է նաեւ դրա գնաճային «ներդրումը»։ Մի խոսքով, վիճակագրական այս ֆոկուսի արդյունքում գնաճը պաշտոնապես նվազում է մոտ 1 տոկոսով, թեեւ գներն իրականում չեն իջել: Պետք է արժանին մատուցել մեր վիճակագիրներին, քանի որ նրանց արածը իսկական «Նոու-Հաու է», եւ այդ «տրյուկը» կարող են օգտագործել նաեւ այլ երկրների կառավարությունները՝ իրենց ցուցանիշները «գեղեցկացնելու» համար։
Այս ամենից հետո, մենք գրեթե չենք կասկածում, որ տարեվերջին պաշտոնական վիճակագրությունը կարձանագրի 6%-ին մոտ գնաճ։ Ինչպես ասում են՝ ոչխարները կենդանի կմնան, գայլերն էլ` կուշտ։ Արանքում կտուժի միայն ժողովուրդը։