«Եթե Հայաստանի կառավարությունը առավել նպատակասլաց դիրքորոշում որդեգրի հայ-թուրքական արձանագրությունների հարցում եւ ճիշտ քայլեր ձեռնարկի, սահմանը շատ արագ կբացվի»,- երեկ Ստրասբուրգում ԵԽ ԽՎ նիստի ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: «Որոշակի քայլեր պետք է ձեռնարկվեն առկա խոչընդոտները վերացնելու համար, ինչից հետո մենք պատրաստ ենք բացել սահմանը: Այդ իսկ պատճառով մենք միշտ հրավիրել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին` քննարկելու այս հարցը: Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը պետք է մասնակցեն այս խոչընդոտների հաղթահարմանը: Երբ նրանք իրականացնեն իրենց պարտավորությունները, մենք կկարողանանք լուծում գտնել: Սակայն, եթե նրանք արդյունքների չհասնեն, ամեն ինչ բավականին կբարդանա»,- հայտարարել է Էրդողանը: Դիմելով ԵԽ ԽՎ անդամ եվրոպացի պատգամավորներին` Էրդողանը մեղադրել է ՀՀ կառավարությանը գործընթացը ձգձգելու եւ սփյուռքում անգործություն դրսեւորելու մեջ. «Գուցե դուք չգիտեք այս մասին, սակայն ես ուզում եմ, որ իմանաք: Երբ մենք ստորագրեցինք արձանագրությունները, գնացինք այդ քայլին, որպեսզի լուծենք առկա խնդիրները: Սակայն ես տեսա, որ հայկական կողմը որեւէ քայլ չի ձեռնարկում, երբ գործը հասնում է սեփական սփյուռքին: Եթե Հայաստանի կառավարությունը կարողանա առաջ շարժվել առավել նպատակաուղղված կերպով եւ գնա ճիշտ ճանապարհով, ապա, ես վստահ եմ, որ մենք կկարողանանք առաջընթաց արձանագրել եւ շատ արագ բացել սահմանը»: Էրդողանին տրված հարցում Արմեն Ռուստամյանը հիշատակել էր նաեւ Կարսի հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող արձանն ապամոնտաժելու մասին վարչապետի պահանջը եւ հետաքրքրվել` արդյո՞ք այդ քայլը նպաստում է հարեւան երկրի հետ հարաբերությունների կարգավորմանը: Իր պատասխանում Էրդողանը, սակայն, այս հարցին որեւէ կերպ չի անդրադարձել: Նա ընդամենը խոսել է Թուրքիայում օրինական եւ ապօրինի ապրող հազարավոր հայերի մասին` ասելով. «Իմ երկրում 70.000 հայ կա` Թուրքիայի քաղաքացի: Բացի այդ, եւս 40.000 հայեր ապրում են առանց քաղաքացիության: Մենք նրանց ետ չենք ուղարկում Հայաստան, թեեւ կարող ենք, եթե ցանկանանք: Նրանք շարունակում են ապրել, որովհետեւ դժվարություններ ունեն սեփական երկրում»:
Ի դեպ, ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ԵԽ ԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն անմիջական ճնշում է գործադրում ԵԽ ԽՎ-ի քարտուղարության վրա: Վերջինիս հաղորդմամբ` երեկ ԵԽ ԽՎ-ում ելույթ է ունեցել նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը. «Ես նախապես էի հերթագրվել, որպեսզի հարց տամ Էրդողանին: Ելույթից առաջ ես իջա ԵԽ ԽՎ քարտուղարություն` ճշտելու իմ հերթական համարը, ես երրորդն էի, իսկ պատվիրակության մյուս անդամը` Զարուհի Փոստանջյանը` չորրորդը: Այդուհանդերձ, Էրդողանի ելույթից հետո բավական ուշ հրապարակվեց ցանկը, եւ պարզվեց, որ ես 3-րդը չեմ, այլ` 21-րդը, իսկ Փոստանջյանն ընդհանրապես 27-րդն էր: Այդկերպ, մենք զրկվեցինք Թուրքիայի վարչապետին հարց տալու հնարավորությունից»,- պատմել է Ն.Զոհրաբյանը` հայտարարելով, որ հայկական պատվիրակությունը մտադիր է պարզաբանումներ պահանջել ԵԽ ԽՎ քարտուղարությունից այդ «թերացման» համար: «Իմ անձնական կարծիքով, տեղերի կտրուկ փոփոխությունը ԵԽ ԽՎ նախագահ Չավուշօղլուի կողմից քարտուղարության վրա ճնշման հետեւանք է»,- ասել է Ն. Զոհրաբյանը:
Ի դեպ, նրա փոխանցմամբ` ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության քարտուղարը բռնության է ենթարկվել Ռեջեփ Թայիբ Էրդողանի թիկնազորի կողմից: «Նրա շքախմբում կին թիկնապահներ կային, նրանցից մեկը տեղ էր զբաղեցրել իմ կողքին: Իմ մոտ էր նաեւ քարտուղարը, ում խնդիրն էր` թարգմանել հայերեն: Թիկնապահը հնարավորինս խանգարում էր մեզ, փակում ճանապարհը, իսկ մի պահ կտրուկ հրեց քարտուղարին»,- ասել է Ն. Զոհրաբյանը: Ելույթից հետո, սակայն, ինչպես նշել է Ն. Զոհրաբյանը, չնայած Էրդողանին շրջապատող մարդկանց, թիկնապահների, պատվիրակության անդամների բոլոր դիտողություններին, ինքը «ճեղքել է շղթան» եւ հասել Թուրքիայի վարչապետին: Նա Էրդողանին ալբոմ է նվիրել մի քանի երեխաների լուսանկարներով, ովքեր զոհ են գնացել 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը: «Ալբոմը կազմվել է ԿԳ նախարարության մասնակցությամբ: Ես ասացի նրան, որպեսզի նա ուշադիր նայեր այդ անմեղ երեխաների աչքերին եւ տեսներ այդ աչքերում առկա ցավը: Ի պատասխան` Էրդողանն ասաց, որ անպայման դա կանի, բայց եթե Հայաստանը շարունակի ելնել նույն դիրքերից, ապա Թուրքիան նույնպես կսկսի ցուցադրել որոշակի լուսանկարներ: Անձամբ ինձ հետաքրքիր է, թե այդ ի՞նչ լուսանկարներ է նա պատրաստվում ցուցադրել»,- ասել է Ն. Զոհրաբյանը: Նրա փոխանցմամբ` Չավուշօղլուի եւ մի քանի այլ պաշտոնատար անձանց հետ կարճ զրույցից հետո իրեն «բառացիորեն, կոլեկտիվ կերպով գրկել ու հեռացրել են Էրդողանի մոտից»: