Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի հրավերով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ պաշտոնական այցով մեկնել է Լյուբլյանա: Երկու նախագահների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել նախագահների համատեղ մամուլի ասուլիսը:
«Ուշադրությամբ ու բարի նախանձով էի հետեւում Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի` բոլորովին վերջերս արած հայտարարությանը, որ Խորվաթիայի Եվրամիությանն անդամակցությունն ունի մեծ կարեւորություն ոչ միայն Խորվաթիայի, այլեւ Սլովենիայի եւ առհասարակ ողջ եվրոպական տարածաշրջանի համար: Երկու հարեւան երկրները լուրջ լարվածություն են ունեցել, սակայն կարողացել են վեր կանգնել կաղապարված մտածելակերպից եւ խնդիրները լուծել քաղաքակիրթ, բանակցային ճանապարհով` հաշվի առնելով ընդհանուր տարածաշրջանային շահը: Ցավոք, մեր տարածաշրջանում իրադրությունը մի փոքր այլ է: Եվրաինտեգրման ուղին, փաստորեն, ոչ բոլորի պատկերացմամբ է համընկնում խաղաղ, բարեկեցիկ, ազատ ու անվտանգ զարգացման հետ: Մեր անմիջական հարեւանը թյուր ըմբռնեց եվրոպական ուղին` եվրոպական տարածաշրջանը դիտելով միայն որպես նավթի ու գազի համար հարմար շուկա: Հիրավի զավեշտական է, երբ եվրոպական ուղին որդեգրած մեր հարեւանը սպառնում է հարվածել հայկական քաղաքացիական օդանավերին, ամենօրյա ռազմատենչ քարոզչություն է իրականացնում եւ սպառնում ղարաբաղյան հարցը լուծել պատերազմով: Մեր մյուս հարեւանը` Թուրքիան, որ դարձյալ ձգտում է դեպի Եվրոպա, չի ուզում բացել Հայաստանի սահմանը, թեեւ միջազգային պարտավորություն է ստանձնել: Արդյո՞ք անտեղյակ են մեր հարեւանները, որ Եվրոպայի արժեհամակարգի առանցքն ազատ տեղաշարժն է։ Այս ամենով հանդերձ` տարածաշրջանային եւ ոչ մի զարգացում ի զորու չէ հետ պահել մեզ մեր ընտրած ուղուց: Հայաստանը հաստատակամ է ընդլայնել համագործակցությունը Եվրոպական Միության ու նրա անդամ երկրների հետ, հատկապես` Արեւելյան գործընկերության շրջանակներում»,- ասել է Ս. Սարգսյանը:
Սլովենիայի նախագահն էլ նշել է. «Մենք գիտակցում ենք, թե որքան կարեւոր է աշխատել միասին լուծել քաղաքական հիմնախնդիրները, որի վրա հիմնված են միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը: Սլովենիան սատարում է Մինսկի խմբի ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում, որը հակամարտություններից ամենաերկարատեւներից է Եվրոպայում»:
Ավելի ուշ Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի անունից տրվել է պաշտոնական ճաշ, որտեղ Ս. Սարգսյանն ասել է. «Հայաստանն առաջնորդվում է բարի կամքով: Մենք երբեք հետ չենք կանգնել մեր միջազգային պարտավորություններից եւ պատրաստ ենք շարունակելու բանակցությունները Մինսկի խմբի համանախագահությամբ եւ միջնորդությամբ, բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, որ կապահովեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությունն ու անվտանգությունը»: