Ծեծկռտուք Արմավիրում

14/04/2011

«Հա ի՞նչ, կռվել են 15-16 տարեկան երկու դեռահասներ, ի՞նչ կա դրանում: Այդ միջադեպը ղարաբաղյան հարց սարքեցին»,- news.am-ի թղթակցի հետ զրույցում վրդովվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը` խոսելով իր զարմիկի մասնակցությամբ վերջերս տեղի ունեցած ծեծկռտուքի մասին: «Այո, իմ եղբորորդին մասնակցել է ծեծկռտուքին, բայց որեւէ բան չի եղել, ուղղակի երկու տղաներ կռվել են»,- ասել է Ռ.Գասպարյանը` հավաստիացնելով, որ կռվի ժամանակ զենք չի օգտագործվել: Հարցին, թե ինչո՞ւ է այդ դեպքում քրեական գործ հարուցվել, Ռ. Գասպարյանը պատասխանել է. «Կռիվ է եղել, գործ են հարուցել»: Նա նաեւ ասել է, թե «կռվի ժամանակ ոչ ոք չի տուժել, ուղղակի իրար թեթեւակի քերծել են»: news.am-ի փոխանցմամբ, սակայն, Ռ. Գասպարյանը մինչ այդ խորհրդարանի միջանցքում իր գործընկերներին հրազենի եւ գազային ատրճանակի կիրառմամբ «ինչ-որ» ծեծկռտուքի մասին է պատմել: Ավելի վաղ news.am-ը տեղեկացրել է, թե ծեծկռտուքը տեղի է ունեցել ապրիլի 8-ին Արմավիր քաղաքի Երեւանյան փողոցի վրա գտնվող «Լեգենդա» բենզալցակայանի մոտ, որը պատկանում է Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի եղբորը` Սեդրակին (Արմավիրում նա հայտնի է Աշոտ անվամբ): Ժամը 17-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է բերվել գլխի սալջարդ ստացած 1980թ. ծնված Կամո Խլղաթյանը, ով, ըստ արմավիրցիների, «Լեգենդա» ՍՊԸ-ի համասեփականատերն է: Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ քննչական խմբին նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է փողոցում վայր ընկնելու հետեւանքով: Ոստիկանությունը պարզել է, սակայն, որ իրականում Խլղաթյանը վնասվածքը ստացել է «Լեգենդայի» մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով: Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-քննչական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ նույն օրը Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբորորդու` 1994թ. ծնված Էմանուել Գասպարյանի եւ 1977թ. ծնված Գոռ Խլղաթյանի միջեւ` ճանապարհը չզիջելու հետեւանքով: Գոռ Խլղաթյանը հարվածել է Էմանուել Գասպարյանին, ինչին հետեւել է քաշքշուկը:

Միմյանից բաժանվելուց հետո Է.Գասպարյանը նշված միջադեպի մասին տեղեկացրել է իր հարազատներին, որոնք էլ որոշ ժամանակ անց եկել են «Լեգենդա» բենզալցակայանի մոտ, քանի որ վստահ էին, որ Խլղաթյանի ազգականներին կհանդիպեն այդ վայրում: Այդտեղ էլ երեքից հինգ րոպե տեւողությամբ վեճ է տեղի ունեցել, որի մասնակիցները դիմել են նաեւ բռունցքների օգնությանը: Ծեծկռտուքին մասնակցել է նաեւ Արմավիրի քաղաքապետի եղբոր մյուս որդին` Կամոն, որն էլ ստացել է գլխի սալջարդ: Նա հիվանդանոցում բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել: Արմավիրցիները պատմել են, որ վեճի մասնակիցներից մեկը գազային ատրճանակից օդ է կրակել:

Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Արմավիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (հասարակական կարգը խախտող խմբային գործողություններ կազմակերպելը, դրանց ակտիվորեն մասնակցելը): Հայտնի է, որ ծեծկռտուքին մասնակցել են նաեւ Էմանուել Գասպարյանի ընկերը` ոմն Սուրեն, ինչպես նաեւ` նրա քրոջ որդիները` Գագիկը եւ Աշոտը:

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից կայքին հայտնել էին, որ ապրիլի 9-ին բերման է ենթարկվել ծեծկռտուքի մասնակիցներից Արտակ Պապոյանը: Պարզվել է նաեւ գազային ատրճանակից կրակողի ինքնությունը, նա Սուրեն Սուքիասյանն է, ով երկու կրակոց է արձակել իր անվամբ գրանցված «Ատմաչա» գազային ատրճանակով: