Դատապարտել է

14/04/2011

Գարեգին Բ կաթողիկոսը նամակ է հղել Ժնեւի եկեղեցական խորհրդի ատենապետ Վիգեն Վարձպետին, որտեղ անընդունելի եւ դատապարտելի է համարել Ժնեւի եկեղեցական վարչության կողմից Սուրբ Հակոբ եկեղեցին ապրիլի 10-ին փակելու որոշումը: Այդ մասին news.am-ին ասել է կաթողիկոսի մամուլի քարտուղար Վահրամ քահանա Մելիքյանը` մեկնաբանելով Շվեյցարիայի հայոց թեմում եւ հայ համայնքում ստեղծված բարդ իրավիճակը: «Նշելով, որ հայ եկեղեցականի եւ հայ հավատացյալի առջեւ ոչ ոք իրավունք չունի փակելու Աստծո տան դռները` Նորին Սրբությունը հորդորել է անհապաղ բացել եկեղեցին եւ ապահովել արարողությունների կանոնավոր եւ անխափան անցկացումը: Այս առնչությամբ տեղեկացնում ենք նաեւ, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստացվել է Շվեյցարիայի առաջնորդական տեղապահ, տեր Մեսրոպ վարդապետ Պարսամյանին հայ համայնքին ներկայացնելու համար Շվեյցարիա մեկնած ԱՄՆ Արեւմտան թեմի առաջնորդ Տեր Հովնան արք. Տերտերյանի տեղեկագիրն առ այն, որ տեր Աբել քահանա Մանուկյանը ի ներկայության նորանշանակ առաջնորդական տեղապահի, պարոնայք Վարդան Սրմաքեշի եւ Արտեն Շելեֆյանի, հանձնառություն է ստանձնել առաջիկա կիրակի Ժնեւի հայ համայնքին ներկայացնել Հայր Մեսրոպին` ճանաչելով առաջնորդական տեղապահի նրա հանգամանքը, ինչպես նաեւ գրությամբ դիմել տեղապահ Հայր Սուրբին` խնդրելով նրա միջնորդությունը Վեհափառ Հայրապետի առջեւ` ներողամտություն ցուցաբերելու եւ հովվական ծառայության մեջ վերականգնելու համար»: