Մինսկի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունն արդեն խլել է 12 մարդու կյանք: Եվ հնարավոր է` սա դեռ սկիզբն է: 150 հոսպիտալացվածներից ամենաքիչը 40-ի վիճակը չափազանց ծանր է: Տուժածների թվում կան նաեւ օտարերկրացիներ` ռուսներ, չինացիներ, հայեր, ուկրաինացիներ, ադրբեջանցիներ…
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որ պայթյունից անմիջապես հետո ժամանեց ողբերգության վայր, խիստ լակոնիկ կերպով արտահայտվեց: «Մեզ շատ լուրջ մարտահրավեր են նետել»,- ասաց նա ուժայիններին: «Բատկայի» կողմից լրացուցիչ հրամանների կարիք այլեւս չեղավ:
Մի քանի ժամ անց Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ Անդրեյ Շվեդը հայտարարեց, որ իրավապահները ձերբակալել են մի քանի հոգու, ովքեր կասկածվում են ահաբեկչական գործողությանը մասնակցություն ունենալու մեջ: Միաժամանակ համացանցում հայտնվեց ահաբեկչական գործողության հնարավոր իրականացնողի ֆոտոռոբոտը. դա երիտասարդ տղամարդ է` կովկասցու ընդգծված արտաքինով: Դեռեւս այնքան էլ պարզ չէ` ֆոտոռոբոտը ուժայիննե՞րն են տրամադրել, թե՞ դա համակարգչային ինչ-որ հնարամիտների սադրանքն է: Իշխանությունները ԶԼՄ-ներին կոչ են արել այս ողբերգական թեման սպեկուլյացիայի առարկա չդարձնել` սպառնալով դրա համար խիստ պատասխանատվության ենթարկել: Իսկ գործի հետաքննությունն ընթանում է գաղտնիության պայմաններում. տեղեկատվություն տրամադրվում է միմիայն մամուլի պաշտոնական ասուլիսներում եւ ճեպազրույցներում: Այդուհանդերձ, ամեն ինչ արգելել չի հաջողվում: Ամեն դեպքում, տարբեր վարկածներ արդեն իսկ շրջանառվում են:
Կարծեմ չինացի իմաստուններից մեկն է ասել, որ ճշմարտությունը պարզելու համար պետք է փնտրել նրան, ով ամենից շատ է շահագրգռված այս կամ այն իրադարձությամբ: Թերեւս, շարժվելով այս տրամաբանությամբ` բելառուսական ընդդիմադիրները տեղնուտեղը հայտարարեցին, որ իշխանությունները մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությունը կօգտագործեն` երկրում այլախոհությունը ճնշելու, առանց այդ էլ ճնշված ընդդիմությանը հետապնդելու եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմն ամրապնդելու համար:
Իրենց հերթին` իշխանական կառույցների ներկայացուցիչներն ընդդիմադիրներին կոչ արեցին պատասխանատու լինել իրենց խոսքերի համար, այլ կերպ ասած` ձայները կտրել, եւ ակնարկեցին, որ հենց նրանք` ռեժիմի հակառակորդները, միանգամայն կարող էին նման մի բան կազմակերպել` երկրում իրավիճակն ապակայունացնելու համար: Եթե հաշվի չառնենք հնարավոր մոլագարի կամ «ռումբը» անզգույշ տեղափոխելու մասին «կենցաղային» վարկածները, Մինսկի մետրոյում ահաբեկչական գործողության մասին «ներքին վարկածներն» այսքանն են: Մնում են միջազգային վարկածները:
Ռուսական հետք
Մինսկում հնչում են Ռուսաստանի հետ պայմանական միջպետական սահմանը չեղյալ հայտարարելու եւ այն իր անվանն ավելի համապատասխան դարձնելու կոչեր: Այս վարկածի կողմնակիցները գտնում են, որ Բելառուսը համարում են Ռուսաստանի մերձավորագույն դաշնակից, իսկ Ռուսաստանը պատերազմ է մղում Հյուսիսային Կովկասի իսլամական ինքնավար հանրապետությունների դեմ, եւ այդ պատճառով ՌԴ-ում ահաբեկչական գործողություններից հետո ուժգին պայթյուն տեղի ունեցավ նաեւ նրա դաշնակից պետությունում` Բելառուսում: Ռուսաստանը «մեղավոր» է համարվում նաեւ Վրաստանի պատճառով. իբր դա Ռուսաստանի հատուկ ծառայությունների վրեժն է այն բանի համար, որ Մինսկը չի ցանկանում անցագրային ռեժիմ մտցնել Թբիլիսիի հետ եւ չի ճանաչում Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախությունը:
Երկու «տեսություններն» էլ թերություններ ունեն: Կովկասցի իսլամիստների ինչի՞ն է պետք պայթեցնել Մինսկի մետրոն, եթե կարելի է նման մի բան անել իրենց հետ պատերազմ մղող Ռուսաստանի տարածքում: Մոսկվան հիանալի կերպով ուսումնասիրել է Լուկաշենկոյի բնավորությունը. նրա վրա սպառնալիքներով ու զգուշացումներով չես ազդի: Եթե ինչ-որ բան կարելի է ստանալ Ալեքսանդր Գրիգորեւիչից, ապա` միայն համոզելով եւ խոստումներով: Եվ հետո, սա այն դեպքը չէ, որ Վրաստանի համար բաց լինելու պատճառով ահաբեկչություն կազմակերպվի. գործը կբացահայտվի, եւ Ռուսաստանը կկորցնի իր համար այնքան կարեւոր դաշնակցին, այն էլ` շատ երկար ժամանակով:
Վրացական հետք
Ռուսաստանյան ԶԼՄ-ները, հղում անելով ինչ-ինչ խորհրդավոր աղբյուրների` ոչ պակաս խորհրդավոր ինչ-ինչ կազմակերպություններում, ակնարկներ արեցին, թե Վրաստանը կապ ունի այս ամենի հետ: Իմ կարծիքով` սա ամենատխմար վարկածն է: Վրաստանի հատուկ ծառայությունների ինչի՞ն է դա պետք: Ի նշան երախտագիտությա՞ն, որ Լուկաշենկոն, չնայած Մոսկվայի պահանջներին, հաստատակամություն հանդես բերեց եւ չճանաչե՞ց Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը, թե՞ այն բանի համար, որ հաշվի չառնելով Մոսկվայի պահանջները` խստացնելու Վրաստանի հետ անցագրային եւ տնտեսական ռեժիմը, քանի որ վրացական անցանկալի տարրերն ու ապրանքները Բելառուսից թափանցում են Ռուսաստան, Լուկաշենկոն շարունակում է լոյալ ռեժիմ պահպանել: Սա Վրաստանի կողմից մեծագույն հիմարություն կլիներ. եթե ամենաչնչին ակնարկն անգամ բացահայտվի վրացական հետքի մասին, ապա Բելառուսի նախագահը կանի այն, ինչին ապարդյուն փորձում է հասնել Ռուսաստանը: Իսկ եթե դա Ռուսաստանի սադրանքն է, որի նպատակը հետաքննությունը դեպի «վրացական հետքի» կողմը շեղելն է, ապա… սպասենք հետաքննության արդյունքների հրապարակմանը:
Լիբիական հետք
Սա ամենաէկզոտիկ վարկածն է: Ընդամենը մի քանի օր առաջ ՄԱԿ-ի հաղորդագրություններում հայտնվեց մի տեղեկատվություն, թե Մուամմար Կադաֆիի կողմնակից զինյալների շարքերում կան նաեւ բելառուս վարձկաններ: Իբր նրանք կան նաեւ խռովարարների կողմում: Մինսկը ՄԱԿ-ի պաշտոնյաների կողմից արդեն անհիմն մեղադրվել է Կոտ դգ Իվուարին ապօրինի զենք մատակարարելու մեջ: Իր մեղավորությունը հաստատելու պաշտոնական ապացույցներ պահանջելով` արդյունքում բելառուսական կողմը ՄԱԿ-ի գրասենյակից պաշտոնական ներողություն ստացավ: Բելառուսի ԱԳՆ-ն այս անգամ եւս պահանջեց կոնկրետ եւ համոզիչ ապացույցներ, որ իր երկրի քաղաքացիները մասնակցում են Լիբիայում մղվող մարտերին: Առայժմ այդպիսի ապացույցներ չկան: Սակայն, եթե դրանք հանկարծ հայտնվեն, ապա հնարավոր է` արժե ավելի ուշադիր քննել Մինսկի մետրոյի պայթյունի «լիբիական հետքը»: Դրա պատճառը կարող է լինել հենց թեկուզ հասարակ վրեժխնդրությունը:
Ղրղըզական հետք
Թերեւս ամենաանհեթեթ վարկածն է: Դրա էությունը հետեւյալն է. ահաբեկչությունը կազմակերպել են Ղրղըզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւի երդվյալ թշնամիները, որովհետեւ վերջինս պաշտոնանկությունից հետո ապաստան էր գտել Ալեքսանդր Լուկաշենկոյի մոտ: Պաշտոնական Բիշքեկը մի քանի անգամ կիսաբերան պահանջել էր Մինսկից` իրեն հանձնել նախկին նախագահին, սակայն մերժում ստանալով` որոշել էր չփչացնել Լուկաշենկոյի հետ հարաբերությունները եւ Բակիեւին հանգիստ էր թողել: Իհարկե, Բակիեւը կարող էր թշնամիներ ունենալ. իշխանությունից նրան հեռացնելու գործընթացը զոհեր պահանջեց: Զոհեր եղել են նաեւ նրա իշխանության օրոք: Սակայն Ղրղըզստանում արյան վրեժխնդրությունը շատ հազվադեպ երեւույթ է: Իսկ պատկերացնել, որ Բակիեւի երդվյալ թշնամին կպայթեցնի Մինսկի մետրոն… բացարձակ անհեթեթություն է:
Արեւմտյան հետք
Մետրոյում տեղի ունեցած պայթյունով արեւմտյան հատուկ ծառայությունները Ալեքսանդր Լուկաշենկոյին վերջին նախազգուշացումն արեցին: Մարդու հավատը չի գալիս: Որովհետեւ պարզապես հավատդ չի գալիս: