Սեր առ ՏՏ ու գյուղ

14/04/2011 Արա ԳԱԼՈՅԱՆ

«Մեծ բեկման» տարվանից հետո գյուղատնտեսության մասին այսքան խոսել էին մեկ էլ 60-ականներին: Երբ «հարազատ կոմունիստական կուսակցությունը» որոշեց մսի, կաթի եւ այլ սննդամթերքների արտադրության գծով հասնել ու անցնել Ամերիկային: Բայց հետո նույն կուսակցությունը մեյդան գցեց պողպատի, տրակտորի ու այլ սարքավորումների արտադրության քանակով նույն ցուցանիշն ապահովելու լոզունգը: Մեյդան գցեց, ու գյուղատնտեսությունը հասարակական ուշադրությունից դուրս մնաց: Հավանաբար, նաեւ այն պատճառով, որ անցած դարի 60-ականներին արդեն ամոթ էր ագրարային երկիր կառուցելու տեսլականը: Հիմա երեւի արդեն ամոթ չէ: Ու բոլորը խոսում են գյուղին ու գյուղացուն աջակցելու մասին: Ավելի ճիշտ` աջակցության ծրագրեր կազմելու անհրաժեշտության մասին: Հատկապես, որ նախորդ տարվա համեմատ պայմանները բարենպաստ էին: Ճիշտ ժամանակին ու մեղմ գարուն էր սկսվել: Բերքատվության աճի ակնկալիք կար: Կառավարող ու հարակից քաղաքական դեմքերը, գյուղատնտեսության ոլորտի չինովնիկները աշխատող տեսախցիկների առջեւ իրար հերթ չտալով` այդ մասին էին խոսում: Աչքով տվեցին: Բարենպաստ եղանակին հաջորդեցին կարկուտն ու ցրտահարությունը: Հայտնի բան է, աջակցության ծրագիրը դեռ աջակցություն չէ: Ու հիմա մեծ-մեծ ծրագրեր կազմողները կարծես իրենց մեղավոր են զգում «աչքով տալու» գործում: Որովհետեւ իրենք էլ գիտեն, որ օգնել չեն կարող:

Հատկապես Գյուղնախարարությունը, որ SMS հաղորդագրություններով երեկ գյուղացիներին խորհուրդ էր տալիս հետեւել ռադիոհեռուստատեսային հաղորդումներին: Հայտնի բան է` որբին օգնող չկա, որբին խորհուրդ տվողներն են շատ: Ինչ որ ասվեցին խորհրդատվական ասուլիսներում ու հեռուստառադիո հաղորդումներում, համարյա բոլորը գիտեն: Դրա համար գյուղոլորտի բարձրագույն պաշտոն, կամ նույն ոլորտի բարձրագույն կրթություն ունենալ պետք չէ: Նույնիսկ գյուղացի լինել պետք չէ: Անգամ քաղաքաբնակները գիտեն, թե ինչ են անում գյուղացիները գարնանային ցրտահարության օրերին: Բայց մեր Գյուղնախարարությունը մասնագետների ասուլիս էր կազմակերպել: Մասնագետները պատմեցին այգիներն ու բանջարանոցները ցրտահարությունից պաշտպանելու տեղական ու արտասահմանյան մեթոդների մասին: Արտասահմանյան մեթոդների մասին խոսելն ինչ-որ իմաստով թիթիզություն էր: Որովհետեւ դրանք կիրառելի չեն: Իսկ քամու ուղղությունը հաշվի առնելու անհրաժեշտությունը, խոնավ հարդի կույտեր սարքելն ու դրանք վառելու պատմական պահը որոշելու խորհուրդները, ենթադրվում է, որ պիտի օգնեն: Խորհուրդների ցանկն, իհարկե, այսքանով չի ավարտվում: Մեր չինովնիկներն ու մասնագետները գյուղացուն հորդորում են թաղանթով ծածկել սածիլները, գիշերը ջեռուցել ջերմոցները: Իհարկե, թաղանթ ու ջերմոց ունեցող գյուղացին ինքնուրույն գլխի չէր ընկնի:

Պետությունը հո մի քիչ էժան թաղանթ կամ վառելիք չի՞ հասցնելու գյուղացիներին: Պետությունն ի դեմս ոլորտի չինովնիկների` պիտի խորհուրդներ տա: Անվճար ու խելոք խորհուրդներ: Բայց նկատելի առաջընթաց կա: 19-20-րդ դարերի տեխնիկական միջոցների` ռադիոյի եւ հեռուստատեսության կիրառումը, խորհուրդ-տեղեկատվությունն ապահովելուց զատ, մեր` այսինքն` ՀՀ գյուղնախարարությունը մի քայլ առաջ է անցել: Գյուղատնտեսության տեսանկյունից` մի քայլ: Իսկ վարչակառավարման տեսանկյունից` դա հսկայական առաջընթաց է: Մինչ գյուղատնտեսության խնդիրների հոգածությանն անցնելը, ժամանակակից տեղեկատվական ոլորտն էր մեր կառավարության քնքուշ սիրո առարկան: Հիմա նոր տեխնոլոգիաներն ի պետս օգտագործելով` գյուղացուն SMS հաղորդագրություններ են առաքվում: Փաստորեն, սերն առ տեղեկատվական տեխնոլոգիաներ անհետեւանք չի անցել: Ընդունեք, որ դա ոգեւորող փաստ է: Եթե, իհարկե, չեք կարդացել այդ հաղորդագրությունը: Իսկ այն ազդարարում է. «Այս գիշեր ՀՀ տարածքում սպասվող ցրտահարության հետեւանքները մեղմելու համար հետեւեք ռադիոհեռուստատեսային տեղեկատվությանը: ՀՀ գյուղնախարարություն»: Բա հո ժամանակակից տեխնոլոգիաներով պարզ-պարզ չեն գրելու, թե «Այս գիշեր ՀՀ տարածքում սպասվող ցրտահարության հետեւանքները մեղմելու համար հիշեք ու կիրառեք պապենական հմտությունները` խոնավ տերեւ ու ծղոտ վառեք»: Կարկուտի ու ցրտահարության դեմը չառանք, վնասների փոխհատուցման խոստում չտվինք: Ինչպես միշտ: Մնում է` սպասենք ու մի քանի օրից հաշվենք գյուղատնտեսության ոլորտի վնասները: Հաշվենք` գյուղմթերքների (ու ոչ միայն) ապագա գնաճը հիմնավորելու փաստարկ ունենալու համար: Իսկ տրամաբանական փաստարկներ գտնելն անհրաժեշտ է: Էն, որ գնաճի դեմն առնելուն վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական բարձրացումը չի օգնելու, համ կառավարությունում գիտեն, համ էլ Կենտրոնական բանկում: Գիտեն նաեւ, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամն ավարտվել է: