Lenta.ru կայքի փոխանցմամբ, Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել մարտի 17-ին հայկական գերությունից Ադրբեջան վերադարձած ադրբեջանական բանակի սերժանտ Անար Հաջիեւի դեմ: Մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 272-րդ հոդվածով (հայրենիքի դավաճանություն): Ադրբեջանի «Կտտանքների դեմ կոմիտեի» նախագահ Էլչին Բեհբութովի խոսքերով, Հաջիեւն իրեն արդեն մեղավոր է ճանաչել եւ ցավում է տեղի ունեցածի համար: Նրան փաստաբան է տրամադրվել: Միեւնույն ժամանակ, Բեհբութովը չի նշել, թե որն է ադրբեջանցի սերժանտի մեղքը:
Իրավապաշտպանի փոխանցմամբ, Հաջիեւի ճակատագրին կարող են արժանանալ եւս երկու զինծառայողներ, ովքեր, հավանաբար, նույնպես վերադարձել են հայկական գերությունից:
Հիշեցնենք, որ Հաջիեւը գերի է ընկել 2009 թվականի մայիսի 10-ին: Մարտի 17-ին հայ-ադրբեջանական շփման գծում նրան փոխանակել էին Տավուշի մարզի բնակիչ Արթուր Բադալյանի հետ: