Մուբարաքը ձերբակալվել է

14/04/2011

Եգիպտոսի իշխանությունները երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին կալանքի տակ են վերցրել: Այս մասին հայտնում է «Ֆրանսպրես» գործակալությունը` վկայակոչելով Եգիպտոսի դատախազությանը: Մուբարաքն առաջիկա 15 օրը կալանքի տակ կանցկացնի Շարմ ալ Շեյխի միջազգային հիվանդանոցի հիվանդասենյակում: Բժիշկները, Մուբարաքի առողջական վիճակից ելնելով, արգելել են նրան տեղափոխել Կահիրեի բանտ: Նախօրեին երեկոյան Հոսնի Մուբարաքը Շարմ ալ Շեյխի միջազգային հիվանդանոց էր տեղափոխվել արյան բարձր ճնշման գանգատներով: Ավելի ուշ Եգիպտոսի գլխավոր դատախազության քննիչները նախկին նախագահին հարցաքննել էին հենց հիվանդանոցում: Եգիպտոսի ոստիկանությունը երեկ առավոտյան 15 օրով ձերբակալել է նաեւ Մուբարաքի երկու որդիներին: Ըստ «Associated Press»-ի` նախկին նախագահի որդիները ձերբակալվել են` հունվար-փետրվար ամիսներին Եգիպտոսում տեղի ունեցած հակակառավարական բողոքի ակցիաների դաժանաբար ճնշման, ինչպես նաեւ` կոռուպցիոն գործերի մեջ նրանց մասնակցությունը պարզելու նպատակով: Մուբարաքի եւ նրա մերձավորների սպասվող հարցաքննության մասին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ Մուբարաքը, հրաժարականից հետո առաջին անգամ, հրապարակավ ելույթ ունեցավ: Հիշեցնենք, որ Մուբարաքի ելույթն անցած կիրակի ցուցադրվել էր «Ալ Արաբիա» հեռուստաալիքով: Նա իր ուղերձում հերքել էր կաշառակերության գործով իր նկատմամբ ներկայացված բոլոր մեղադրանքները` հայտարարելով, թե պատրաստ է համագործակցել քննչական մարմինների հետ:

Բացի այդ, նախկին նախագահն իր ելույթում սպառնացել էր, որ ճաղերի ետեւում կհայտնվեն բոլոր նրանք, ովքեր կեղծ տեղեկություններ են տարածում իր մասին եւ «արատավորում են իր եւ իր ընտանիքի հեղինակությունը»: