ԱՄՆ Այովա նահանգի Դե Մոյն քաղաքում տպագրվող «Des Moines Register» օրաթերթը համարվում է «The Washington post», «The NeW York Times» թերթերից հետո ամենաընթերցվող թերթերից մեկը: Թերթի խմբագրությունը հսկայական շենք է զբաղեցնում, ունի 200-ից ավելի աշխատակից, տասից ավելի բաժիններ` իրենց առանձին խմբագիրներով, եւ տպագրվում է 200.000 օրինակ: Օրաթերթն իր էլեկտրոնային կայքում ամեն րոպե թարմ տեղեկատվություն է տարածում: Ավելին` ելնելով հասարակական պահանջից, թերթում հսկայական ներդիրներ են տեղադրվում հատուկ խմբերի համար, օրինակ` երիտասարդների, թոշակառուների, մարզասերների, արվեստասերների եւ այլն: Մեզ հետ զրույցում թերթի ներկայացուցիչներն ասացին, որ «Des Moines Register» օրաթերթը թեեւ ֆինանսավորվում է Վաշինգտոնում գործող ինտերնետային մի խոշոր ընկերությունից, այդուհանդերձ, 60% ծախսերը կարողանում է փակել թերթի վաճառքի եւ գովազդատուների միջոցով ստացված եկամուտներով: Ինչպես հայաստանյան տեղեկատվական դաշտում, այնպես էլ` ԱՄՆ տպագիր մամուլը մտահոգություն է հայտնում թերթի վաճառքի ծավալների անկման վերաբերյալ: Թե՛ Վաշինգտոնում, եւ թե՛ Այովա նահանգում ասացին, որ ինտերնետային ցանցի մատչելիության հետ մեկտեղ` նվազում է տպագիր մամուլի հանդեպ հետաքրքրությունը: ԱՄՆ-ում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նույն լրատվամիջոցների ինտերնետային կայքերի այցելուները զգալի շատ են, քան տպագիր թերթի ընթերցողները: «Des Moines Register» թերթի ընթերցողների միջեւ անցկացրած հարցախույզի արդյունքում նույն թերթի լրագրող, սյունակագիր Ռեխա Բասուն համարվել է տեղական լուրերի լավագույն մեկնաբան եւ արժանացել է բազում մրցանակների: Դե Մոյնում մեզ տեղեկացրին, որ Ռ. Բասուն համարվում է ամենահամարձակ եւ հեղինակավոր լրագրողներից մեկը եւ շաբաթվա մի քանի համարներում տպագրված նրա սյունակների ընթերցողները թերթը հաճախ գնում են նրա մեկնաբանությունները կարդալու համար: Բացի հեղինակային սյունակից, նա բազմաթիվ հետաքննություններ է իրականացրել թրաֆիկինգի, ընտանեկան բռնությունների եւ, առհասարակ, մարդու իրավունքների հետ կապված դեպքերի վերաբերյալ: Ստորեւ ներկայացնում ենք մեր զրույց-քննարկումը Ռ. Բասուի հետ:
– Ինձ համար մարդու իրավունքն ամեն ինչից վեր է: Բացի թերթից, ես ունեմ իմ անձնական ինտերնետային էջը, որտեղ հնարավորություն ունեմ անձամբ շփվել ընթերցողներիս հետ, բավարարել նրանց հետաքրքրությունները եւ արտահայտել կարծիքս: Թերթում գրում եմ շաբաթական երեք նյութ: Մեզ մոտ ընդունված է հեղինակային սյունակ հասկացությունը, որտեղ գրելու համար, ի դեպ, տարիների փորձ ու հաջողություններ են անհրաժեշտ: Իմ ինտերնետային էջում ստեղծել եմ առցանց շփման այնպիսի մոդել, որտեղ ես կարող եմ ոչ միայն գրել, այլեւ` տեսաձայնագրություններ տեղադրել եւ առցանց երկխոսել: Այլ կերպ ասած` դրանք նման են տեսահաղորդումների, որոնք կարող ենք բաց, առցանց քննարկել այցելուների հետ: Եթե ծանոթ եք մեր նահանգում տիրող իրավիճակին, ապա պետք է պատկերացնեք, որ մեզ մոտ կանայք դժվարությամբ են կարիերա ստեղծում, որովհետեւ կանանց համար ճանապարհ բացելու տաբու է դրված: Հիմա շատ բան է փոխվել, բայց նախկինում կինն, օրինակ` քաղաքականության կամ գործարար դաշտում, տեղ չուներ: Ես փորձել եմ մշտապես կանանց իրավունքների, դերի բարձրացման հրապարակումներով սառույցը տեղից շարժել: Մենք նույնիսկ շարժում ստեղծեցինք, որը կոչվում էր` «Վարդագույն գետտոյի խումբ»: Մեզ մոտ կանայք մինչեւ այսօր անգամ աշխատավարձ ստանալու հարցում արժանանում են խտրական վերաբերմունքի: Գործատուն նույն աշխատատեղի համար կնոջը զգալի ցածր է վարձատրում, քան տղամարդուն: Ինչեւէ, «Վարդագույն գետտոյի խումբն» աստիճանաբար վերածվեց համայնքի եւ ընդվզումների ալիք բարձրացրեց: Պետք է նշեմ, որ այսօր Այովայում կանայք մեդիա-դաշտում շատ մեծ ազդեցություն ունեն: Մեր թերթի բիզնես-տնօրենը, հրատարակիչը կին է, ով հսկայական աշխատանք է կատարում: Ի դեպ, իմ ամենամտերիմ ընկերուհին հայուհի է եղել:
– Ռեխա, Վաշինգտոնում հեղինակավոր դիվանագետներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ տպագիր մամուլն աստիճանաբար նահանջ է ապրում, քանի որ ԱՄՆ բնակչությունը հիմնականում օգտվում է ինտերնետային տեղեկատվական դաշտից: Ի՞նչ մեխանիզմներ եք ստեղծում թերթը, ընթերցողներին չկորցնելու համար:
– Իսկապես, այդ խնդիրն ակտուալ է: Մեզ մոտ տեղեկատվական դաշտում շատ մեծ մտահոգություն կա: Բանն այն է, որ նախկինում եթե ինտերնետում միայն կարելի էր կարդալ տվյալ թերթի էլեկտրոնային տարբերակն, ապա այսօր շատ թերթեր նաեւ առցանց տեղեկություններ են տեղադրում: Հիմա ինտերնետային առցանց թերթերից շատերը դա անում են վաճառքի ձեւով: Այսինքն` փորձում են թերթն իրացնել վիրտուալ դաշտում, քանի որ ֆինանսական կորուստները գնալով շատանում են: Որոշ առցանց թերթեր էլ դա անում են անվճար` ընթերցողներին չկորցնելու, ինչպես նաեւ` հնարավորություններ ունենալու հանգամանքով պայմանավորված: Մենք հիմա ինտերնետում ունենք 24-ժամյա առցանց թերթ: Այսինքն` կենդանի, անընդհատ տեղեկատվական հոսք տարածող թերթ է: Աշխատանքային այս ֆորմատը նաեւ մեծ հեղինակություն է բերում թերթին, ընթերցողին բերում է դեպի մեզ:
– Հայաստանյան տպագիր մամուլում ընդունված է առաջին էջում տպագրել հիմնականում որեւէ քաղաքական իրադարձություն: Արդյո՞ք թերթի առաջին էջի վերաբերյալ սկզբունքային դիրքորոշում կա, թե՞…
– Ոչ, մեզ մոտ նման բան չկա: Թեեւ քաղաքական իրադարձությունները կարեւոր են համարվում, այդուհանդերձ, մեր առաջին էջը զբաղեցնում է այն իրադարձությունը, որը մեր երկրի, նահանգի կամ հասարակության համար հրատապ է: Օրինակ` եթե նկատեցիք, մեր թերթի առաջին էջում տպագրել ենք թոշակառուների դժգոհությունների վերաբերյալ խմբագրական: Եթե մեր թերթը համեմատելու լինենք «The Washington post»-ի հետ, ապա պետք է ասեմ, որ այն շատ քաղաքականացված է: Մենք փորձում ենք հասարակական բոլոր շերտերի համար տեղեկատվական հոսք ապահովել: Նախընտրական շրջանում, անշուշտ, գերակշռում են քաղաքական հոդվածները:
– Հայաստանում տեղեկատվության ազատությունը, մեղմ ասած` կասկածի տակ է դրվում ինչպես տեղական կազմակերպությունների, այնպես էլ` միջազգային կառույցների կողմից: Մամուլի «բերանը» փակելու համար խստագույն օրենքներ են ընդունվում, դատարաններում այս կամ այն թերթի դեմ բազմաթիվ հայցեր կան: Այսինքն` ամեն ինչ արվում է ազատ մամուլը ոչնչացնելու ուղղությամբ: Նույնիսկ դեպքեր եղան, երբ թերթի բանկային հաշիվները կալանքի տակ դրվեցին, սնանկացվեցին: Ձեզ մոտ ինչպիսի՞ն է պատկերը:
– Աստված իմ: 20 տարուց ավելի ես այս թերթում եմ աշխատում եւ երբեւէ որեւէ մեկի կողմից ճնշում չեմ զգացել: Ուզում եմ մի դեպք պատմել, որը կլինի ձեր հարցի պատասխանը: ԱՄՆ-ում ընդունված է, որ նախագահի թեկնածուն ձգտում է արժանանալ թերթերի բարյացակամ վերաբերմունքին: Նախագահական ընտրություններից առաջ մեր խմբագրություն պիտի գար Հիլարի Քլինթոնը: Հենց այս սրահում մենք խմբագրակազմով նրա հետ քննարկում սկսեցինք, եւ ես նախապես գիտեի, որ մեր թերթի այս հսկայական, բազմամարդ խմբագրությունից բոլորն էլ պաշտպանելու են Հ. Քլինթոնին: Քննարկման ժամանակ բոլորն էլ հայտնեցին իրենց համակրանքը եւ վստահեցրին, որ պաշտպանելու են նրան: Այսինքն` թերթն էլ պաշտպանելու է նրա թեկնածությունը: Խմբագրությունը հայտնեց, որ ընդունում է նրա քաղաքական գիծը եւ ձայները տալու է նրա օգտին: Այդ պահին ես հայտնեցի, որ չեմ պաշտպանելու իրեն` ասելով, որ նրա որդեգրած քաղաքականությունը սխալ եմ համարում: «Ես պաշտպանելու եմ Բարաք Օբամային»,- ասացի ես: Դրանից հետո ես հազարավոր նամակներ էի ստանում, որտեղ մարդիկ վստահեցնում էին, թե վերանայել են իրենց որոշումը եւ պաշտպանելու են Օբամայի թեկնածությունը: Շատ չանցած ինձ զանգահարեց Օբաման եւ շնորհակալություն հայտնեց: Նույն բանն արեց նրա կինը` Միշել Օբաման: Այդ իմաստով նաեւ պետք է նշեմ, որ Օբաման շատ բաց է, որովհետեւ պաշտպանելով իրեն` ես կարող եմ նաեւ սուր քննադատությամբ հրապարակմամբ հանդես գալ: Ասածս այն է, որ երբեք, ոչ մի հանգամանքում որեւէ մեկը չի կարող անձնական կարծիքս կամ լրագրողական դիրքորոշումս չընդունել: Ես շատ ազատ եմ բոլոր հարցերում, եւ ձեր մատնանշած սահմանափակումները, ճնշումները ոչ միայն ինձ համար խորթ են, այլեւ` անհավատալի:
– Դուք նշեցիք, որ Հիլարի Քլինթոնն անձամբ եկել էր «Des Moines Register» թերթի խմբագրություն: Հետաքրքիր է` ձեզ մոտ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հարցազրույցների ժամանակ լրագրողների հարցերը գրաքննության ենթարկվո՞ւմ են: Արդյո՞ք նախապես հարցերը համաձայնեցվում են պատասխանողի հետ, նա մինչեւ հարցազրույցը ծանոթանո՞ւմ է հարցերին:
– Օ՜, ի՞նչ եք ասում, իհարկե` ոչ: Հակառակ դեպքում հարցազրույցի իմաստը ո՞րն է: Մենք նույնիսկ դեմ ենք նրանց խոսքերի խմբագրումներին, կտրատումներին: Հակված ենք տպագրել ամբողջությամբ: Նման կարեւոր հարցազրույցների ժամանակ նույնիսկ լրագրողներն աշխատում են պաշտոնյային պրովոկացիայի ենթարկել: Իսկ ձեզ մոտ ինչպե՞ս է, ինձ շատ հետաքրքիր է:
– Մեզ մոտ, օրինակ` ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի հետ հարցազրույցների ժամանակ լրագրողների հարցերը նախապես ներկայացվում են: ՀՀ վարչապետի հետ վերջին հանդիպման ժամանակ տպագիր մամուլի ներկայացուցիչներ չէին հրավիրվել, քանի որ, ի տարբերություն հեռուստաեթերի` տպագիր մամուլն ավելի ազատ է: Իսկ հեռուստաընկերությունները մատուցում են այն, ինչն իշխանություններին դուր է գալիս:
– Այդ դեպքում ինչպե՞ս եք կարողանում որոշել պաշտոնյայի պատրաստվածության աստիճանը, նրա գործունեության արդյունավետությունը եւ մի շարք այլ հարցեր, որոնց միջոցով կարելի է որոշել ուղիղ հարց ու պատասխանի միջոցով: Աստված իմ, ինչպե՞ս կարելի է նման ձեւով աշխատել: Մեր երկիրը, օրենքները մեզ շատ մեծ լիազորություններ են տալիս, եւ լրագրողի հարցերին չպատասխանելու պրակտիկա գոյություն չունի: Դա օրենքով սահմանված նորմ է: Այսինքն` երկրի, նահանգի, քաղաքի պատասխանատուները հաշվետու են մամուլին:
Այովա-Երեւան