Ընտրություններ Ղարաբաղում

02/11/2005 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ԼՂՀ Մարտունու շրջանի վերաբնակեցվող Վարանդա գյուղում, որտեղ բնակվում է 17 ընտանիք, հոկտեմբերի 30-ին յուրահատուկ աշխուժություն էր տիրում: Գյուղի բնակարաններից մեկում, որը ժամանակավոր տրամադրված է դպրոցին, վարանդացիներն առաջին անգամ եկել էին ընտրելու իրենց համայնքի ղեկավարին ու ավագանու անդամներին: Մինչ այդ գյուղը չուներ համայնքի կարգավիճակ, իսկ ղեկավարի պաշտոնակատարն էր Ռուդիկ Բաղդասարյանը, որն իր թեկնածությունը չէր առաջադրել: Ի դեպ, պաշտոնակատարը Վարանդայի բնակիչ չէ:

Գյուղապետի 4 թեկնածուներից մեկը կին է՝ Ալինա Սեւլիկյանը, որն ունի 10 երեխա: Նրանք Վարանդայում ապրում են 2001 թվականից: Համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունեին 56 հոգի, որոնցից մասնակցեցին 51-ը: Պայքարը հիմնականում երեք թեկնածուների միջեւ էր, որոնցից Արամ Ավանեսյանը՝ հավաքելով 23 ձայն, ընտրվեց գյուղապետ: Նշենք նաեւ, որ ավագանու անդամ ընտրված վեց հոգուց հինգն իգական սեռի ներկայացուցիչներ են: Թեկնածուների հետ ունեցած զրույցից պարզվեց, որ գյուղն, ի տարբերություն մնացած վերաբնակեցվող գյուղերի, ունի չլուծված բազմաթիվ խնդիրներ: Նորընտիր գյուղապետի խոսքերով, առաջնահերթ են դպրոցի շենքի եւ գյուղատնտեսության զարգացման հարցերը:

Իսկ Ալինա Սեւլիկյանն իր մտահոգությունն արտահայտեց խմելու ջրի վերաբերյալ, նշելով, որ անձրեւոտ եղանակներին ջուրը խմելու համար պիտանի չի լինում: Նա միաժամանակ նկատեց, որ կարեւոր է լուծել նաեւ բուժկետի հարցը: Այստեղ բուժքույրը լինում է շաբաթական երկու անգամ, իսկ դեղամիջոցների մասին նա ասաց. «Դեղամիջոցների տրամադրման հարցում նույնպես առկա են թերացումներ: Փոքր զավակս արդեն 8 ամսական է, բայց մինչեւ հիմա պատվաստում չեն կատարել»: Ա. Սեւլիկյանը առկա խնդիրների շարքում ընդգծեց նաեւ, որ գյուղում ընդհանրապես սեփականաշնորհում չի իրականացվել, եւ բնակիչները չունեն իրենց հողատարածքների սեփականության վկայականները: Հոկտեմբերի 30-ին ընտրություններ անցկացվեցին նաեւ Մարտունու շրջանի մեկ այլ վերաբնակեցվող գյուղում՝ Վազգենաշենում: Այստեղ համայնքի ղեկավար ընտրվեց Սերգեյ Աղասյանը: ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ նոյեմբերի 20-ին համայնքի ղեկավարների հերթական ու արտահերթ ընտրություններ կանցկացվեն նաեւ հանրապետության 9 համայնքներում: