Այսօր, ապրիլի 14-ին, լրանում է հայ ամենաինքնատիպ նկարիչներից մեկի` Վահրամ Գայֆեջյանի ծննդյան 132-ամյակը: Նրա անունն, ի տարբերություն Սարյանի, Սուրենյանցի, գրեթե անհայտ է: Զրույցն արվեստաբան Մարտին Միքայելյանի հետ միտված է հիշեցնելու, որ ունեցել ենք անկրկնելի մի Վարպետ, ում արվեստն ունի բացահայտման եւ աշխարհին ներկայացնելու անհրաժեշտություն:
– Մեր նախորդ զրույցին խոսեցիք Վարդգես Սուրենյանցի մասին` նշելով, որ նա այսօր էլ հասկացված ու գնահատված չէ նույնքան, որքան իր կենդանության օրոք: Նույնը պնդում եք նաեւ Վահրամ Գայֆեջյանի մասին: Սակայն, եթե Սուրենյանցի գոնե անունը ծանոթ է շատերին, Գայֆեջյանի անունը, ըստ էության, ոչինչ չի ասում:
– Այդպես է: Սուրենյանցը համեմատաբար ավելի ճանաչված է: Գայֆեջյանը վարագույրի ետեւում է: Անգամ ուսանողները շփոթում են Գայֆեջյան եւ Գաֆէսճյան ազգանունները. շփոթում են հայ մեծ նկարչի եւ գործարարի անունները: Վահրամ Գայֆեջյանը ծնվել է Ախալցխայում,1879-ին, մահացել Երեւանում, 1960-ին: Ուսանել է Մոսկվայում, Լազարյան ճեմարանում: Ունի համալսարանական կրթություն, իրավաբանի մասնագիտություն: Նա ինտելեկտուալ էր, իսկ նկարիչների մեջ այդպիսիք շատ չեն: 19-րդ դարի վերջին, 20-րդի սկզբին ինտելեկտուալները քիչ չէին: Գիտենք նկարիչների, ովքեր տաղանդավոր են` որպես նկարիչ, սակայն մտածողության առումով սահմանափակ են: Օրինակ` Նիկո Փիրոսմանին, Վանո Խոջաբեկյանը: Գայֆեջյանի ժամանակակից ամենազարգացած նկարիչը Պոլ Քլեն էր (նա Կանդինսկու ընկերն էր):
– Որքանո՞վ է օգնում ինտելեկտը նկարչին, այս դեպքում` Գայֆեջյանին:
– Շատ չեն այն ժողովուրդները, ովքեր հին մշակույթ են ունեցել եւ այդ մշակույթի ոգով շարունակել են 20-րդ դարում այդ ճանապարհը: Օրինակ` մեր հարեւան պարսիկները մեծ մշակույթ ունեցող ժողովուրդ են, բայց նրանք իրենց մշակույթը կրոնական, քաղաքական պատճառներով չշարունակեցին 20-րդ դարում, իսկ հայերն ունեցան Սարյան, Վահրամ Գայֆեջյան, Եղիշե Թադեւոսյան, Հարություն Կալենց…
– Գիտակցվա՞ծ չեք նշում Բաժբեուկ-Մելիքյանի անունը:
– Այո՛. Բաժբեուկ-Մելիքյանը իմ ասածների մեջ չի մտնում: Նա լավ նկարիչ էր, երբ սկսեց. շատ հետաքրքիր են նրա կուբիստական նկարները: Սակայն Ստալինը դասակա՛ն նկարչություն էր սիրում, Վերածնունդ: Բաժբեուկ-Մելիքյանը նկարում էր պաշտոնական ճաշակով, միայն թե կոլտնտեսականների կամ բանվորների փոխարեն` նկարում էր մերկ կանանց: Ինչ խոսք, նա տաղանդավոր մարդ էր: Նկարիչն ուրիշ բան է: Այվազովսկին մեծ նկարիչ է, սակայն նրա նման նկարիչ ուրիշ ժողովուրդներ էլ ունեն: Մեր Սարյանն, օրինակ, Այվազովսկու չափ անուն չունի, բայց գիտե՞ք` ի՜նչ մակարդակի նկարիչ է: Կամ Գայֆեջյանը: Նա շատ նուրբ մարդ էր, այնքան հարուստ ներաշխարհ ուներ, որ թեեւ ուրիշների նման Փարիզը չէր տեսել, սակայն նրա նկարչությունն այնպիսին է, որ որեւէ մեկի մտքով չի անցնի, թե նա աշխարհ չի տեսել: Սարյանի, Կոնչալովսկու նկարներից երեւում է, որ կրում են ստալինյան ճնշումների ազդեցությունը: Գայֆեջյանի դեպքում քիչ նկարներ կան, ուր ինչ-որ չափով զգալի է ժամանակաշրջանի ազդեցությունը:
– Գայֆեջյանի դուստրը` Էլեն Գայֆեջյանը, հոր մասին գրում է, որ նա իրեն համարում էր ամբողջի մաս, եւ աշխարհի Չարն ու Բարին ընկալում էր որպես անձնական ուրախություն կամ տրտմություն:
– Եթե Էլեն Գայֆեջյանը դա չգրեր, ապա նրա նկարչությունից դա պարզ երեւում է: Չկան բարդ կառուցվածք ունեցող նկարներ, սակայն շատ լավ երեւում է, թե որքան կապված է տիեզերքի, բնության, աշխարհի հետ: Ինքը տակավին գաղտնիք է նաեւ աշխարհի արվեստաբանների համար: Ընդունված է, որ աբստրակտ արվեստի առաջին գործը ստեղծել է Վասիլի Կանդինսկին` 1910թ.: Բայց ավելի շուտ այդպիսի նկարներ նկարել է Գայֆեջյանն` առանց երեւակայելու, թե ինքն է առաջինն այդպիսի նկարներ արել` 1902-ից մինչեւ 10-ական թվերը: Նա ունի աբստրակտ աշխատանքներ, որոնք ինքն աբստրակցիա չի համարել: Զարմանալի է, որ երբ բացվեց նրա հետմահու ցուցահանդեսը, այդ փոքր նկարները ցուցադրված էին հետեւյալ խորագրով` «Դեկորատիվ մոտիվներ»: Կգա ժամանակ, որ մի անշահախնդիր մշակութաբան կանդրադառնա դրան:
– Նո՞ր պետք է անդրադառնան:
– Դա անելը միայն գրելը չէ: Խոսքը ներկայացնելու մասին է: Նրա ցուցահանդեսը պետք է բացել եվրոպական մեծ քաղաքում:
– 20-րդ դարի սկիզբը հարուստ էր կատակլիզմներով` Առաջին համաշխարհային պատերազմ, Հայոց ցեղասպանություն, հեղափոխություն Ռուսաստանում… Գայֆեջյանի անձնական կյանքն էլ լի էր կորուստներով: Սակայն հետաքրքիր է, նրա արվեստը կարելի է բնութագրել այսպես` «Կյանքը հրաշալի է»:
– Նկարչությունը գրականության պես չի կարող ընդգրկել կյանքը: Նկարչության հնարավորությունն այս առումով սահմանափակ է: Ֆրանսիացիներն իրենց հեղափոխությունը, քաղաքական իրադարձությունները կտավին էին հանձնում: Ֆրոմանտենը, ով ֆրանսիացի նկարիչ էր, շատ զարմացավ, որ Հոլանդիայում պատերազմները, քաղաքականությունը կտավներում չի արտացոլվում: Անգամ Ռեմբրանդտը, Վերմեերը, Ֆրանց Հալսը նկարում էին բնություն, նատյուրմորտներ: Այն, ինչ հոլանդացի արվեստասերն ընդունում է: Այդպես էլ հայերս` մեր մանրանկարչության մեջ ունենք արտացոլված իրականությունը, բայց ոչ առարկայական: Մեր մանրանկարչությունը շատ առանձին է, հետեւաբար` ունի մի քանի դպրոց: Եթե մարդը չի իմանում, թե հայ մանրանկարչությունը գեղարվեստական ինչ բարձր մակարդակ ունի, նա չի հասկանա ասածներս: Այվազովսկին պիտի հասնի այդ մակարդակին եւ երբեք չի հասնի: Ինչո՞ւ: Որովհետեւ նա պրոֆեսիոնալ սովորել է նկարչություն, այդ ժամանակ լուսանկարչությունը նոր էր, եւ նրանք փոխարինում էին լուսանկարչությանը: Նկարչությունն այդտեղ քիչ է: Համեմատեք Մախոխյանի (ծովանկարիչ, 1869-1937) ծովն ու Այվազովսկու ծովը: Առաջինն ավելի՛ նկարչական վերաբերմունք ունի:
– Հասարակության վերաբերմունքն է նկարչին բարձրացնում Պառնաս կամ նետում անդունդ: Իսկ հասարակությունն ավելի հեշտ ընկալում է Այվազովսկի, քան Մախոխյան:
– Հասարակությունն ինքն է որոշում, դա իր ճաշակն է: Կարծում եք` մենք գիտե՞նք, թե ինչ է հայ կամ բյուզանդական, սիրիական մանրանկարչությունը: Դժվար է ասել, որ մենք Հռիփսիմեի տաճարի ճարտարապետության կամ մանրանկարչության կրողն ենք: Մենք այսօր լրիվ ուրիշ ենք. այսօր ավելի շատ ենք ճանաչում մի թիֆլիսահայ նկարչուհի, ում Փարաջանովը գովաբանեց, քանի որ իր նկարչության շարունակողն էր: Շուկայում նա մեծ անուն ունի, քանի որ Փարաջանովն ասաց` նա հանճարեղ նկարիչ է, եւ վերջ: Մինչդեռ տաղանդաշատ Քնարիկ Վարդանյանին եւ Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանին քչերը գիտեն:
– Սուրենյանցն ասում էր, որ գեղեցիկի փնտրտուքը տալիս է ազատ լինելու իրավունք: Ի՞նչ եք կարծում, հայերիս մասին կարելի՞ է ասել, որ գեղեցիկի փնտրտուքը մեզ համար անհրաժեշտություն է:
– Մենք դրա կարիքը չունենք, արվեստի պահանջ մենք չունենք: Մենք ընթանում ենք գլոբալիզացիայի ճանապարհով:
– Գայֆեջյանի, մյուս նկարիչների արվեստին ծանոթանալու համար շատ ժամանակ է հարկավոր. պատկերասրահում մեկ-երկու ժամ մնալով` դժվար է նկար առ նկար ուսումնասիրել: Մոսկվայի Պուշկինի անվան թանգարանի տնօրեն Իրինա Անտոնովան մեկ նկարի ցուցադրություն էր կազմակերպել: Այսինքն` ցուցադրվում է միայն մեկ նկար, որը դիտելու համար էլ մարդիկ գնում են թանգարան:
– Դա նորույթ չէ: Ժամանակին այստեղ բերեցին Կանդինսկու մեկ նկար, ցուցադրեցին եւ տարան: Ժամանակի, ճանաչել-չճանաչելու խնդիրը հավերժական է: Մեր ժողովուրդը շատ զարգացած ժողովուրդ էր:
– Մինչեւ ե՞րբ:
– Գոնե մինչեւ 1990թ.: Հիշում եմ երեք մեծ ցուցահանդես, ուր ժողովրդի մեծ հոսք է եղել: Առաջինը կանադահայ լուսանկարիչ Արթին Գավուքի լուսանկարների ցուցահանդեսն էր Սփյուռքահայության կոմիտեի սրահում: Մեկ ամիս ցուցադրվեց, եւ մարդկանց հոսքը չէր դադարում: Իսկ այստեղ ապրում էր նրա ընկեր եւ տաղանդավոր լուսանկարիչ Անդրանիկ Քոչարը, ում այցելուներից ոչ ոք չէր ճանաչում: Երկրորդ` Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» կտավն ու դրա էսքիզները ցուցադրելու ժամանակ եւ, երրորդ, Սարյանի թանգարանում Շահեն Խաչատրյանը ցուցադրեց Այվազովսկու, իմ կարծիքով, երրորդական կարգի նկարները: Խոսքը հայ եկեղեցու պատվերով կատարած նկարների մասին է: Իմիջիայլոց, մեր պատկերասրահի` Այվազովսկու երկու սրահներում էլ ներկայացված է շատ լավ հավաքածու, սակայն չեմ հիշում դեպք, երբ այդ սրահները մարդաշատ են եղել:
– Ինչպե՞ս մի քանի խոսքով կներկայացնեիք Գայֆեջյանին, որպեսզի ընթերցողները շտապեն պատկերասրահ` փնտրելու նրա կտավները:
– Նկարչությունը մեծ չափերի մեջ չէ: Փոքր չափերի մեջ կարելի է հասնել շատ մեծ արդյունքի: Գայֆեջյանը փոքր չափերի մեջ հասնում է մեծ արդյունքի: Գայֆեջյանի նմաններն աշխարհում քիչ են: