Հելլադայի դիվանագիտական որոգայթները։ Հայացք XXI դարից

14/04/2011 Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Թե ինչպես արքայից արքան զորքն անցկացրեց մարդու միջով Պարսից արքաներն աչքի էին ընկնում իրենց անմարդկային դաժանությամբ: Քսերքսեսը` հատկապես:

…Լյուդիայի ամենահարուստ մարդը Պյութիոսն էր: Նա անմնացորդ նվիրված էր պարսիկներին եւ ամեն կերպ նպաստում էր, որպեսզի նրանք նվաճեն Հելլադան: Ժամանակին նա մաքուր ոսկուց պատրաստված ծառ էր նվիրել Դարեհին: Երբ Քսերքսեսը սկսեց արշավանքը դեպի Հելլադա, Պյութիոսն այցելեց արքայից արքային եւ կրկին փաստելով իր հավատարմությունն ու սերը պարսիկների նկատմամբ` կերակրեց ողջ բանակին եւ պատրաստակամություն հայտնեց մասնակցել նրա մատակարարմանը: Արքայից արքան մերժեց. նա օգնության կարիք չուներ: Սակայն խիստ շոյված այդ ժեստից եւ նշելով, որ նման առաջարկություն ոչ ոքից չէր ստացել, իր հերթին` թանկարժեք ընծաներ նվիրեց հելլենացի բարերարին եւ նրա հինգ որդիներին բարձրաստիճան զինվորական պաշտոններ տվեց պարսկական բանակում: Իսկ մի քանի օր անց տեղի ունեցավ արեւի խավարում, եւ գուշակների կանխագուշակումներից վախեցած Պյութիոսը կրկին ներկայացավ Քսերքսեսին ու խնդրեց իր ավագ որդուն ազատել բանակից: Արքայից արքայի ռեակցիան անսպասելի էր, զայրույթը` սարսափելի: Թե ինչպե՞ս է իր ստրուկը, նա այդպես էր անվանում իրեն ծառայող բոլոր հելլեններին, համարձակվում նման բան խնդրել, երբ իր` արքայի որդիները, եղբայրները, կանայք, հարազատները կռիվ են գնում: Այնուհետեւ նա մի այնպիսի որոշում է կայացնում, որը չի տեղավորվում նորմալ դատողության շրջանակներում, եւ որը սադիզմ որակելը խիստ մեղմ կլիներ: Արքայից արքան հրամայում է Պյութիոսի ավագ որդուն, որի համար նա խնդրել էր Քսերքսեսին, մեջտեղից կիսել: Եվ մի կեսը դնել` աջ, մյուս կեսը` ձախ կողմն այն ճանապարհի, որտեղով անցնելու էր զորքը: Հրամանն անմիջապես կատարվում է հոր աչքի առաջ:

Քսերքսեսի անհավասարակշռված, հաճախ` մեկ ծայրահեղությունից մյուսին անցնող տրամադրության եւ արարքների մասին է վկայում հետեւյալ դիպվածը եւս: Աթենքից նահանջելիս` նա փյունիկյան նավով մեկնում է Ասիա: Նավարկության ժամանակ ուժեղ հողմ է բարձրանում եւ նավաբեկությունն անխուսափելի է թվում: Արքան, որին բոլորը համարում են արիության տիպար, սարսափի մեջ է: Նավապետն ասում է, թե միակ փրկությունը նավի ծանրաբեռնվածությունը թեթեւացնելն է: «Այժմ դուք կարող եք ցույց տալ ձեր սերը արքայի նկատմամբ. իմ փրկությունը կախված է ձեզնից»,- դիմում է արքայից արքան իր բազմամարդ շքախմբին: Պարսիկները երկրպագում են նրան եւ խումբ-խումբ նետվում ծովը: Նավը փրկվում եւ ապահով տեղ է հասնում: Ափ դուրս գալով, Քսերքսեսը նավապետին պարգեւում է ոսկե պսակ` արքայի կյանքը փրկելու համար, ապա հրամայում է գլխատել նրան` այդքան շատ պարսիկների խորտակած լինելու համար:

Դաժանությունը, ընդհանրապես, արքայական ընտանիքի հոբբին էր: Քսերքսեսի կինը` Ամեստրիսը, խոր ծերության հասակում ողջ-ողջ թաղել տվեց անվանի պարսիկների տասնչորս տղաների, մտածելով, որ Աստված դրա համար կերկարացնի իր կյանքը: Իսկ մինչ այդ խանդի հողի վրա նա կտրել տվեց եւ շների առաջ գցեց ամուսնու հարազատ եղբոր` Մասիստեսի կնոջ ստինքները, ականջները, շրթունքները, լեզուն, քիթը, եւ այդ վիճակում ուղարկեց տուն:

Արքայից արքան դաժանությունը դարձրել էր քաղաքական կատեգորիա, գոյության եւ ապրելակերպի անքակտելի մասնիկ, ինչը քստմնելի օրինակ էր ծառայում զինակիցների համար: Տիրակալն ամեն կերպ խրախուսում եւ քաջալերում էր նրանց գործած վայրագությունները: Երբ հելլենները պաշարեցին Էյոն քաղաքը, եւ պարսիկները սովի մատնվելով` որոշեցին անձնատուր լինել, սատրապ Բոգեսը հսկայական խարույկ վառեց, մորթեց իր երեխաներին, կնոջը, հարճերին, ստրուկներին եւ դիակները նետեց կրակը: Հետո քաղաքի ոսկին ու արծաթը թափեց գետը եւ ինքնահրկիզվեց: Ահա, այս կապելու գժին Քսերքսեսը հետմահու արժանացրեց մեծամեծ պատիվների, հռչակեց ազգային հերոս:

Հելլադան` պարսկական հատուկ ծառայությունների սարդոստայնում

Պարսկական հատուկ ծառայությունները կայսրություն էին կայսրության մեջ, որոնք իրենց հզորության գագաթնակետին հասան արքայից արքա Քսերքսեսի օրոք: Նա էր այդ երկու կայսրությունների միահեծան եւ անբաժան տերը: Հզորագույն ուժային մեքենա ստեղծելու համար արքայից արքան ուներ անհրաժեշտ բոլոր գործոնները` անսահմանափակ ֆինանսներ եւ նույնքան էլ անսահմանափակ կադրեր` ջոկված կայսրության ողջ տարածքից: Պարսկական օրգաններում ներկայացված էին աշխարհի բոլոր ժողովուրդներն ու կրոնները: Կատարյալ ինտերնացիոնալ` գործողության մեջ: Հետագա դարերում, թերեւս, ոչ մի պետություն չի ստեղծել հետախուզության նմանատիպ բազմազգ կադրային կորպուս: Քսերքսեսն անձամբ հսկում էր հետախուզության եւ հակահետախուզության գործունեությունը: Նա ճանաչում էր քիչ թե շատ արժեք ներկայացնող լրտեսներին` ծածկանուններով հանդերձ, քանի որ ինքն էր հավաքագրել շատերին: Նա ծրագրում եւ ղեկավարում էր հետախուզական բոլոր կարեւոր բազմակոմբինացիոն օպերացիաները եւ լրտեսական խաղերը: Այստեղ կատարելության էր հասցված երկրի ներսում եւ դրսում հսկողության եւ լրտեսման տեխնիկան: Ոչ ոք չգիտեր, թե ով է իրեն հետեւում եւ լսում: Գործակալներին, ովքեր շրջում էին կայսրությունով մեկ եւ հետամտում բոլորին, Քսենոֆոնն անվանում է «արքայի հազար աչքը եւ հազար ականջը»: Նրանք ամենուր էին եւ նրանց իրավունք էր վերապահված հետեւել բոլորին` անգամ արքայի հարազատներին եւ արյունակիցներին: Ոչ ոք ազատված չէր լրտեսվելուց: Եվ հոգ չէ, թե նրա հպատակները կայսրության որ անկյունում էին գտնվում: Արքան տեսնում էր բոլորին, լսում էր բոլորին, եւ բոլորը հաշվետու էին նրան` անձամբ, քանզի արքան մորն իսկ չէր վստահում: Պարանոյային սահմանակցող այս մտածելակերպն ու գործելակերպը հատուկ է անխտիր բոլոր բռնակալներին:

Պարսկական հետախուզությունը եւ հակահետախուզությունը ղեկավարվելով մեկ կենտրոնից` աշխատում էին ներդաշնակ եւ արդյունավետ: Հետագայում շատ պետություններում, այդ թվում` ԽՍՀՄ-ում, ուժային այդ երկու ծառայությունները գործում էին անառողջ մրցակցության մթնոլորտում, ինչը, վերջին հաշվով, վնասում էր պետական շահերին: Շնորհիվ հետախուզություն-հակահետախուզություն սերտ համագործակցության` պարսիկները, մեկ անգամ չէ, որ չեզոքացրել են հունական ծառայությունների գործողությունները: Այսպես, Հունաստանում ինֆորմացիայի փոխանցման լավ ձեւ էին գտել: Խուզում էին կապավորի գլուխը, վրան գրում անհրաժեշտ տեքստը եւ սպասելով, որ մազերն աճեն, կենդանի փոստն ուղարկում էին տուն: Նման ձեւով նրանք կապ էին պահում արքայի դեմ ապստամբել պատրաստվող Միլեթ քաղաքի հետ: Կապի այս ձեւը երկար չաշխատեց. մատնության միջոցով պարսկական հակահետախուզությունը հայտնաբերեց գլուխ-փոստերը եւ դրանք մարմնից հեռացրեց:

Հետախուզության պատմության մեջ պարսիկներն առաջինն էին, որ համակարգեցին օտար քաղաքացիների հավաքագրման տեխնիկան: Այն կատարվում էր երեք ուղղությամբ. ա) ինֆորմացիոն հուսալի աղբյուրների եւ հինգերորդ շարասյան ստեղծում թշնամական պետություններում, բ) փայլուն ուղեղների ներհոսք Պարսկաստան, գ) թշնամի պետությունների անվանի պետական եւ քաղաքական այն գործիչների անվանարկում, ովքեր չեն գնում հայրենիքի դավաճանության եւ չեն անցնում արքայից արքայի կողմը: Տարիներ շարունակ հետեւելով այս գծված սխեմային` պարսիկները հասել էին նկատելի հաջողությունների: Նրանք պոլիս-պետություններից շատերին գրավել էին իրենց կողմը, մյուսներում ստեղծել էին հուսալի ռեզերվ այն հաշվով, որպեսզի առաջին իսկ առիթով նրանք պոկվեն Աթենքից եւ Սպարտայից ու կանգնեն իրենց կողքին: Հավաքագրման օբյեկտ էին հանդիսանում Հելլադայի ռազմական եւ քաղաքական գործիչները, դեսպանները, անգամ պոլիս-պետությունների թագավորները: Պարսիկները կարողացել էին մինչեւ պատերազմը հունական բարձր խավն ինտեգրել պարսկական էլիտայի մեջ: Արքաներին հաջողվել էր իրենց կողմը գրավել շատ անվանի հելլենների, այդ թվում` Թեսալիայի քաղաքական ղեկավարությանը, Աթենքի նախկին տիրաններ Պիսիտրատյանների տոհմի ներկայացուցիչներին` տխրահռչակ Հիպիասով հանդերձ, պատգամների մեկնիչ աթենացի Օնոմակրիտոսին եւ ուրիշների: Վտարանդիների մեջ առանձնակի տեղ էր գրավում Սպարտայի նախկին թագավոր Դեմարատոսը, ով համարվում էր Քսերքսեսի հարգված խորհրդականներից մեկը: Արքայից արքան հելլենական էմիգրանտներին թաղել էր ոսկու մեջ` ո՛չ նրանց գեղեցիկ աչքերի համար: Նա հայրենիքից փախածներին ակտիվորեն օգտագործում էր քաղաքական դավերում եւ հոգեբանական պատերազմում:

Ուժային կառույցների գլխավոր նպատակը պետության ռազմական պոտենցիալի ամրապնդումն ու բազմապատկումն էր: Պարսկական բանակը հիմնականում բաղկացած էր արիստոկրատական հեծելազորից եւ ծանր հետեւակից, ինչպես նաեւ` ենթակա ժողովուրդների բանակներից, որոնք գործում էին սատրապների կամ տեղական իշխանավորների հրամանատարության ներքո:

Պարսից արքաները քաջ գիտակցում էին ճանապարհների ստրատեգիական առաջնությունը բանակի համար: Այդ հսկայական մեքենային շարժողականություն հաղորդելու համար Դարեհը ստեղծեց ճանապարհների բազմաճյուղ ցանց, որը սկիզբ էր առնում մայրաքաղաք Սուսայից: Ճանապարհներից մեկը` «Արքայական ճանապարհը», դուրս էր գալիս Էգեյան ծով, Էֆես քաղաքի մոտ: Ասֆալտի բացակայության պայմաններում պարսիկները հողը տոփանելով ու հարթեցնելով` ստանում էին այնպիսի ողորկ, փոշեզուրկ մակերես, որի վրա տեխնիկան եւ հեծելազորը զարգացնում էին մեծ արագություն: Ի դեպ, այդ ճանապարհներով մարդիկ կարող էին տեղափոխվել միայն հատուկ անցաթուղթ («viyataka») ունենալու դեպքում: Երկրի սահմանները, բոլոր ճանապարհները եւ ուղեկալները գտնվում էին խիստ հսկողության տակ:

Մենք այս գրքում հաճախ ենք երախտագիտությամբ հիշում այն հայտնագործությունները, որոնք հույներն են արել դիվանագիտության ասպարեզում: Եվ չենք սխալվում: Սակայն սխալված կլինենք, եթե մոռացության մատնենք պարսիկներին նույնպես: Նրանք, օրինակ, V դարում ստեղծեցին սուրհանդակային կապը, որը հիմա անվանում է դիվանագիտական կապ կամ դիվանագիտական փոստ: Խոսքը փոխանցենք պատմիչին. «Այս սուրհանդակներից ավելի արագ ոչ ոք չկա, եւ դա հնարել են պարսիկները: Այնքան օր, ինչքան տեւում է ամբողջ ճանապարհը, նույնքան թվով ձիեր ու մարդիկ էին ճանապարհին կարգված, յուրաքանչյուր օրվա համար` մեկ ձի եւ մեկ մարդ: Ո՛չ ձյունը, ո՛չ անձրեւը, ո՛չ տապը, ո՛չ գիշերը չեն կարող նրանց խանգարել, որպեսզի յուրաքանչյուրն իր համար սահմանված ճանապարհն անցնի արագ կերպով: Առաջին սուրհանդակն իրեն հանձնարարվածը հանձնում է երկրորդին, երկրորդը` երրորդին, եւ այսպես մեկը` հանձնում է մյուսին, ինչպես հելլենների մոտ Հեփեստոսի տոնի ջահակրության ընթացքում: Այս հեծյալ սուրհանդակներին պարսիկները կոչում են անգարիոն»: Մինչեւ վերջին մանրուքը մշակված դիվանագիտական մարշրուտը ապշեցնում է իր օպերատիվությամբ եւ հեքիաթային արագությամբ. հաղորդագրությունը Պերսեպոլիսից Էգեյանի ափեր հասնում էր 9-10 օրում: Արքունիքի գրասենյակն իր գործունեության նախապայման է համարել ժամանակի կրճատման գործոնը` բոլոր հնարավոր եւ օրիգինալ միջոցներով: Հաղորդակցության լավագույն ձեւերից մեկը համարվել է կրակային ազդանշանը, երբ իրադարձության վայրից շղթայական կապը կայծակնային արագությամբ ինֆորմացիան հասցնում էր արքայից արքային: Կրակային կապից ետ չէր մնում ձայնային կապը: Օգտագործելով բնական ակուստիկայի եւ ռելիեֆի հնարավորությունները, պարսիկներն իրար ձայն տալով` լուրը տեղ են հասցրել այնպիսի հեռավորությունից, որը ոտքով անցնելու դեպքում կպահանջվեր առնվազն մեկ ամիս: Սուրհանդակային եւ նշված մյուս կապերը դարեր շարունակ օգտագործվել են պետությունների կողմից` դիվանագիտական, ռազմական եւ այլ նպատակներով:

Բացի այս ամենից, պարսիկները մշակել են պետական գաղտնիքների արտահոսքը կանխելու արդյունավետ միջոցներ: Գաղտնապահության ռեժիմը տարածվում էր գրասենյակային աշխատանքի, փաստաթղթերի հաշվառման, տեսակավորման եւ պահպանման վրա:

Շարունակելի