«Երկրամաս» թերթի փոխանցմամբ` ապրիլի 23-ին Կրասնոդար քաղաքում նախատեսված Սիլվա Հակոբյանի համերգի մասին ազդարարող գովազդային պաստառները մեծ աղմուկ են բարձրացրել հայաշատ քաղաքում: Ինչպես հայտնի է` հայկական շատ համայնքներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները սկսվում են ապրիլի 24-ից մի քանի օր առաջ: Կազմակերպվում են համաժողովներ, թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ, լուսանկարչական ցուցահանդեսներ: Կրասնոդարի հայ համայնքը զայրացած ու վրդովված է, որ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները տեղյակ չեն այս ամենին եւ ապրիլի 24-ից մեկ օր առաջ պատրաստվում են համերգ ունենալ: Զրուցելով Սիլվա Հակոբյանի հոր` Հակոբ Հակոբյանի հետ, ով նաեւ հանդիսանում է երգչուհու պրոդյուսերը, պարզ դարձավ, որ վերջինս բարձրացած աղմուկի մասին տեղեկացել է լրատվամիջոցներից եւ անհապաղ կապ է հաստատել Կրասնոդարում կայանալիք համերգի կազմակերպչի հետ: «Ռուսաստանում մենք 10 համերգ ունենք նախատեսված եւ այդ համերգների կազմակերպչին ես նախօրոք զգուշացրել էի, որ հանկարծ ապրիլի 24-ին համերգ չնշանակի: Սակայն, երբ լրատվամիջոցներից իմացա բարձրացած աղմուկի մասին, եւ, որ Կրասնոդարում ապրիլի 24-ին նախորդող շաբաթը հայտարարված է` «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ», անմիջապես զանգահարեցի կազմակերպչին, ով իր հերթին նշեց, որ արդեն իսկ փոխել է համերգի օրը` ապրիլի 30-ին»,- նշում է Հ. Հակոբյանը: Հարցին, թե ռուսաստանյան համերգների կազմակերպիչն այլազգի՞ է, որ ստիպված է եղել նախօրոք զգուշացնել նրան` ապրիլի 24-ին համերգ չնշանակելու մասին, Հ.Հակոբյանը պատասխանեց. «Կազմակերպիչն ազգությամբ հայ է, սակայն ես հարկ համարեցի եւս մեկ անգամ զգուշացնել նրան: Նա Ռյազան քաղաքից է եւ պարզապես տեղյակ չէր, որ Կրասնոդարում ապրիլի 24-ից մեկ շաբաթ առաջ անց են կացվում ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումներ»: