Էդգար Բաղդասարյանի «Ներում» ֆիլմը

14/04/2011 Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը շուտով կավարտի սեւ-սպիտակ «Ներում» ֆիլմի նկարահանումները, որը ռեժիսորի թվով 6-րդ գեղարվեստական ֆիլմն է: «Կինոկենտրոնի աջակցությամբ 2010 թվականին սկսեցինք «Ներում» ֆիլմի նկարահանումները, որի ֆինանսավորման «հաջորդ փուլը» կայացավ 2011-ին, եւ արդեն մայիսից կվերսկսենք նկարահանումները: Հուսով եմ, որ տարվա վերջին կավարտեմ ֆիլմը»: Հարցին, թե արդյոք ֆիլմը չի՞ կորցնում իր արդիականությունը` փուլ առ փուլ ֆինանսավորման պատճառով, Է.Բաղդասարյանը պատասխանեց. «Կա ֆիլմ, որը պետք է տեմպով նկարել, քանի որ այլ կերպ այն կկորցնի իմաստը: Բայց կա նաեւ այնպիսի ֆիլմ, որը ժամանակ է պահանջում, որպեսզի կարողանաս այն մտահայել»: Հարցին, թե արդյոք մեր երկրում ֆիլմի երկարատեւ նկարահանումները պայմանավորված չե՞ն փուլ առ փուլ ֆինանսավորմամբ, Է. Բաղդասարյանը պատասխանեց. «Պարզապես մեր երկրում շատ բարդ է ֆիլմ նկարահանելը: Ինչ վերաբերում է «Ներում» ֆիլմին, ապա ես կարող էի հանգիստ սպասել ֆինանսավորմանը եւս մեկ տարի, եւ ֆիլմը դրանից չէր կորցնի իր արդիականությունը: Երբեք չեմ սիրել պատմել, թե ինչի մասին է ֆիլմը, սակայն կարող եմ ասել, թե որն է ֆիլմի գաղափարը: Ի՞նչ է խիղճը, եւ ինչո՞ւ է այն անվերջ ուղեկցում մարդուն: Գաղափար, որին անդրադարձել եմ մեր իրականության տեսանկյունից: Ֆիլմն ինձ համար փորձարարական է, քանի որ առաջին անգամ եմ նկարում ֆիլմ, որտեղ կա գլխավոր հերոս, որն այդպես էլ ողջ ֆիլմի ընթացքում չի երեւում: Նա կա եւ չկա միաժամանակ»: «Ներում» ֆիլմի նկարահանումներն ամբողջությամբ տեղի են ունեցել Երեւանում եւ, ինչպես նշում է ռեժիսորը` ֆիլմում տեսնելու ենք բոլորովին այլ` տարօրինակ Երեւան: Ֆիլմում նկարահանվել են Սամվել Սարգսյանը, Աշոտ Ադամյանը, Ալեքսանդր Խաչատրյանը եւ այլք: Որոշ ռեժիսորների կարծիքով` նկարահանվող սերիալները «փչացրել» են դերասաններից շատերին, եւ նրանք դժվարությամբ են համաձայնում նկարահանվել գեղարվեստական ֆիլմերում, քանի որ հոնորարը շատ ավելի քիչ է, քան սերիալում նկարահանվելու դեպքում: Հարցին` առնչվե՞լ է արդյոք նման խնդրի հետ, Է.Բաղդասարյանը պատասխանեց. «Չեմ ուզում գլուխս գովել, սակայն դա կապված է նաեւ, թե ինչպիսի ռեժիսոր է հրավիրում դերասանին գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու: Անձամբ ես նման խնդրի հետ չեմ առնչվել, սակայն կարող եմ վստահ ասել, որ իրապես շատ դերասաններ` նկարահանվելով սերիալներում, սովորել են անբարեխիղճ աշխատելուն: Ընդհանրապես մեր հեռուստատեսությունն արհավիրք է, որ ներխուժել է բոլորիս տներն ու ավերում է ներսից»: