Մայիս ամսին «12-րդ TV» (այժմ` «Հայ TV») հեռուստաընկերության եթերում կհայտնվի Արման Սաղաթելյանի հեղինակային` «Խոսքից խոսք» նոր հաղորդաշարը:
«Հաղորդման ձեւաչափը հարցազրույց-պորտրետ է, որի ընթացքում կփորձենք տարբեր ոլորտի մարդկանց հետ շփվել` իրենց աշխատանքից եւ հնարավորինս քաղաքականությունից դուրս: Զրույց, որը կբացահայտի հայտնի մարդկանց անհայտ կողմերը»,- նշում է Ա.Սաղաթելյանը:
– Ձեր հաղորդումն ինչո՞վ է տարբերվելու այլ հաղորդումներից, որտեղ նույնպես հարցազրույցներ են տեղի ունենում: Ի՞նչ նոր ասելիք ունի Ձեր հաղորդումը:
– Չգիտեմ, կանենք` կտեսնենք: Տարբերվելու է նախ` նկարահանման ձեւաչափից, քանի որ Հայաստանի պայմաններում բավականին լուրջ ռեսուրսներ են ներդրվել` հաղորդման նկարահանման համար: Հաղորդման հաջողությունը կախված է հաղորդավարի եւ մասնակիցների շնորհքից, քանի որ իրականում բոլոր մարդիկ էլ նույնն են` իրենց անատոմիայով եւ ֆիզիոլոգիայով:
– Նկարահանումները տեղի են ունեցել Հյուսիսային պողոտայում: Ինչո՞ւ: Վերջերս ռեժիսորներից շատերը հենց այդ պողոտայում են նկարահանումներ կատարում, կարծես Երեւանը սկսվում եւ վերջանում է միայն Հյուսիսային պողոտայով:
– Պարզապես այդ փողոցը շատ հարմար է նկարահանումներ իրականացնելու համար: Գեղեցիկ տեսարան է բացվում այն սրճարանի երկրորդ հարկից, որտեղ մենք նկարահանում ենք հաղորդումը: Բացի այդ, լայն հնարավորություն է տալիս «կռունկի» աշխատանքի համար: Ընտրեցինք վայր, որը հայտնի է քաղաքի բնակիչներին:
– Շատ անգամ հեռուստադիտողը հաղորդում ասելով` հասկանում է միայն հաղորդավար: Չե՞ք կարծում, որ մի փոքր անարդար է նման վերաբերմունքը` հեռուստատեսության այլ աշխատակիցների հանդեպ:
– Հեռուստատեսությունը շատ անշնորհակալ ոլորտ է, որտեղ, չգիտես ինչու, միայն կադրում երեւացող մարդն է համարվում աշխատող: Իրականում յուրաքանչյուր հաղորդման ստեղծման շուրջ թիմ է աշխատում, որը հսկայական աշխատանք է տանում, որպեսզի այդ հաղորդումը նկարահանվի, ու հաղորդավարին տեսնի եւ լսի հեռուստադիտողը:
– Դուք, արդեն 20 տարի է, հեռուստատեսության ոլորտում եք: Հաշվի առնելով այսօրվա հեռուստատեսությունում տիրող իրավիճակը, կարո՞ղ եք ասել, թե հեռուստատեսության ոլորտում աշխատակցին ի՞նչ չափանիշներով են ընդունում աշխատանքի: Եվ արդյո՞ք դեռ կան այդ ոլորտում մասնագետներ:
– Իհարկե, հեռուստատեսությունում կան մարդիկ, որոնց համար ամեն գնով եթերում լինելը կյանքի նպատակ է դարձել: Նման մտածելակերպն ինձ համար խորթ է: Մոտ 10 տարի է, ինչ գովազդի ապագա մասնագետներին եւ լրագրողներին դասավանդում եմ Սլավոնական համալսարանում: Իհարկե, ոչ բոլորի, բայց ուսանողներից շատերի համար հեռուստատեսությունում հայտնվելը, ճանաչված լինելը դարձել է ինքնանպատակ: Ես ինձ հեռուստատեսային մարդ չեմ համարում: Դա իմ միակ եւ հիմնական զբաղվածությունը եւ կյանքիս նպատակը չէ: Եթե ասեմ, որ առանց հեռուստատեսության իմ կյանքը չեմ պատկերացնում` կստեմ: Շատ էլ լավ պատկերացնում եմ, քանի որ այն հագեցած է շատ ավելի կարեւոր եւ հետաքրքիր կենսակերպով, քան հեռուստատեսությունում աշխատելն է: Մոտ կես տարի է, ինչ եթերում չեմ, սակայն այդ փաստից եւ ոչ մի վայրկյան ինձ վատ չեմ զգացել:
– Կարո՞ղ եք հեռանալ հեռուստատեսությունից:
– Եթե ինձ դուր չգա այն միջավայրը, թիմը, որի հետ պետք է աշխատեմ, ապա կարող եմ հրաժարվել: Հեռուստատեսությունն ինձ համար ինքնանպատակ չէ: Ամենեւին էլ պարտադիր չէ, որ ես անընդհատ ինչ-որ բան անեմ այն արկղի մեջ, որը հեռուստացույց է կոչվում:
– 13 տարի շարունակ «Զինուժ» ծրագիրն էիք վարում, ինչո՞ւ հեռացաք այդ ծրագրից:
– Պարզապես չեմ հասցնում: Իմ ընկերներն անգամ ծաղրում են ինձ սոցիալական ցանցերում, ասելով` «Միակ ազատ օրդ` կիրակին, եւս դարձրեցիր աշխատանքային»: Երբ ծրագրում էինք «Խոսքից խոսք» հաղորդման նկարահանումները, պարզ դարձավ, որ, բացի կիրակիից, ես այլեւս ազատ օր չունեմ:
– 13 տարի հասցնում էիք, ինչո՞ւ հանկարծ սկսեցիք չհասցնել:
– Պարզապես ի հայտ եկան նոր անելիքներ, նոր նախագծեր, ինչո՞ւ ոչ, նաեւ տարիք: Կա արդեն նոր սերունդ, որը կարող է այդ ամենը շարունակել: Եթե դա հեղինակային հաղորդում չէ, որտեղ մեծ նշանակություն ունի հաղորդավարը, ապա ցանկացած այլ համակարգում սերնդափոխություն պետք է տեղի ունենա:
– Որքանո՞վ է ճիշտ այն, որ նույն հաղորդավարը յոթ օր շարունակ` առավոտից երեկո, եթերում է: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ եթե անգամ արդուկը միացնենք, կրկին կհանդիպենք այդ հաղորդավարին:
– Եթե հաղորդավարն ասելիք ունի` ինչո՞ւ` ոչ: Մեկ այլ բան է, որ եթերում օր օրի ի հայտ եկող հաղորդավարներն անկարող են հայերեն երկու խոսք ասել` առանց շփոթվելու: Որակի խնդիր է:
– Եթե Ձեր հաղորդման շրջանակներում հրավիրեք մեկին, ով հարցազրույցի ընթացքում «սխալ» մարդկանց անուններ արտաբերի, կմոնտաժե՞ք այն: Կամ` կհանդուրժե՞ք, որ Ձեր հաղորդումը վերահսկվի:
– Ես համամիտ չեմ, թե մեր հեռուստատեսությունը վերահսկվում է: Այլ բան, որ տպագիր մամուլը կարող է իրեն թույլ տալ ասել ավելին, քան հեռուստատեսությունը: Ես կարծում եմ, որ մեր տեղեկատվական դաշտը շատ ավելի լիբերալ է, քան հարեւան երկրներինը: Երկակի ստանդարտների կիրառումը շատ մեծ տարածում է գտել մեզանում` մի շարք կառույցների ջանքերի շնորհիվ, որոնք միշտ ցույց են տվել արտերկրում գործող համակարգի միայն մի կողմը եւ բացարձակ լռել են մյուս կողմի մասին: Ասեմ ավելին, ամբողջ աշխարհում չվերահսկվող տեղեկատվական դաշտ գոյություն չունի:
– Դուք հիմա ասում եք` «Հարեւանի տանը վատ է, ինչո՞ւ մեզ մոտ պետք է լավ լինի»: Մեզ մեր տան իրավիճակն է հետաքրքրում:
– Մենք սկզբունքորեն չենք կարող այլ ճանապարհ ընտրել: Մենք մնալու ենք եղած տրամաբանության շարունակությունը միայն:
– Ձեր ընտանիքի մասին շատ քիչ տեղեկություն է հայտնի: Չե՞ք սիրում խոսել անձնական կյանքից:
– Ես երբեք չեմ պատմում իմ ընտանիքի մասին, չեմ սիրում ի ցույց դնել անձնական կյանքս, քանի որ դեռ երիտասարդ տարիներին դա միշտ եղել է չարաշահման, նախանձի, չուզողության առիթ: Երբ դեռ նոր էի սկսել եթերում իմ գործունեությունը, այնպիսի խոսակցություններ էին տարածվում, որ երբ հիմա հիշում եմ` սարսափում եմ: Այն ժամանակ դեռ երիտասարդ էի, այդքան ցավագին չէի տանում այդ ամենը:
– Դուք հանրային մարդ եք, ինչո՞ւ եք զարմանում, երբ հանրությունը հետաքրքրություն է ցուցաբերում Ձեր անձնական կյանքի հանդեպ:
– Այդպես ընդունված է, թե հետաքրքիր է: Սակայն, կարծում եմ, որ այդ հետաքրքրությունը շատ դեպքերում արհեստականորեն է ստեղծվել: Ես հեռու եմ ապրում այդ գլամուրային կոչվող միջավայրից, հեռու եմ մարդաշատ անիմաստ հավաքույթներից: Ես նախընտրում եմ ազատ ժամանակ հնարավորինս հեռու լինել քաղաքակրթությունից, լինում եմ բնության գրկում, սիրում եմ զբաղվել սպորտով: Բայց ամենակարեւորն ինձ համար իմ ընտանիքն է, եւ յուրաքանչյուր ազատ րոպես աշխատում եմ անցկացնել երեխաներիս հետ: Կարող է հայրն անընդհատ տանը լինել, սակայն այդպես էլ ամբողջ կյանքում որդու հետ չմտերմանալ: Շատ կարեւոր է, որ հայրը եւ որդին ընկերներ լինեն: Ես տղաներիս հետ ֆիլմեր, մուլտֆիլմեր եմ նայում, մենք հաճախակի զրուցում ենք տարբեր թեմաների շուրջ: Վերջերս երեխաներիս հետ սովորել եմ երկուականի սքեյթ վարել: Աշխատում եմ այնպես անել, որ իմ բացակայությունը շատ չզգացվի: