ՄԱՐՍԸ
Հարցնել, թե կա՞ն արդյոք մարդիկ Մարսի վրա, համազոր է այն բանին, որ հարցնես, թե կա՞ն այնտեղ մարդիկ, որոնց գոյությունը կարելի է զգալ մեր հինգ զգայարանների օգնությամբ: Սակայն կյանքն ամենեւին էլ միշտ չէ ընթանում այն պայմաններում, որոնք կթույլատրեն դա այդ կերպ զգալու: Եթե ենթադրենք, որ մարսաբնակները գոյություն ունեն մեր հինգ զգայարանների համար անհասանելի, ապա բացառված չէ, որ նրանք այսօր երեկոյան էլ զբոսնում են Գինձայի վրայով, աշնանային դեղնությամբ պատված սոսիների տակ:
ԲԼԱՆԿԻԻ ԵՐԱԶՆԵՐԸ
Տիեզերքն անսահման է: Այն կազմում են մոտավորապես վաթսուն տարրեր: Բայց որքան էլ շատ գոյություն ունենան այդ տարրերի միացությունները, դրանց քանակն անսահման չէ, որպեսզի այդ տարրերից ստեղծվի անսահման տիեզերքը, անհրաժեշտ է ոչ միայն փորձել այդ հնարավոր միացությունները, այլ նաեւ փոխել դրանք: Այսպիսով, եւ մեր բնակելի Երկիրը` Երկիրը, որ այդ տարրերի միացություններից մեկն է` Արեգակնային համակարգի համանման միակ մոլորակը չէ, այդպիսի մոլորակների թիվն անսահման է: Նապոլեոնը Երկրի վրա երեւելի հաղթանակ տարավ Մարենգոյի մոտ, բայց բացառված չէ, որ մի այլ մոլորակի վրա, որ պտտվում է մի այլ անհայտ մոլորակում, Նապոլեոնը Մարենգոյի մոտ խայտառակ պարտություն է կրել…
Այդպիսին է երազներում կառուցված վաթսունյոթամյա Բլանկիի տիեզերաբանությունը: Ես չեմ պատրաստվում հարցականի տակ դնել նրա տեսության ճշտությունը: Միայն ափսոս, որ նկարագրելով իր երազանքները բանտախցում, նա հիասթափվեց բոլոր հեղափոխություններից:
Այսօր դա մեր սրտերը տխրությամբ է համակում: Երազանքներն արդեն լքել են Երկիրը: Այժմ մխիթարանքի որոնումներում մեզ հարկ է դիմել անծայրածիր հեռաստաններին, որ բազում միլիարդ մղոններ մեզանից հեռու են` երկրորդ Երկրին, որ թաղված է տիեզերական գիշերվա մեջ:
ՄԻՋԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Միջակ ստեղծագործությունը, նույնիսկ արտաքնապես մոնումենտալ, նման է անպատուհան սենյակի: Այն ոչ մի կերպ չի արձագանքում կենաց պահանջներին:
ՍՐԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ
Սրամտությունը` դա սիլլոգիզմից զուրկ միտք է: Այսպես կոչված, միտքը սրամտաց` դա մտքից զուրկ սիլլոգիզմ է:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Սրամտության չընդունումը արմատավորված է մարդկանց հոգնության մեջ:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ
Գիտելիքները քաղաքականության բնագավառում, որոնցով ավելի շատ, քան մենք, կարող են հպարտանալ քաղաքական գործիչները` դրանք տարատեսակ փաստերի իմացությունն է: Եվ այդ գիտելիքները, որպես կանոն, հանգեցնում են այն բանին, թե ինչ գլխարկ է կրում ինչ-որ կուսակցության ինչ-որ առաջնորդը:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Այսպես կոչված` տնաբույծ քաղաքականագետները այդպիսի գիտելիքներ չունեն: Բայց եթե խոսենք նրանց սրաթափանցության մասին, ապա նրանք ոչ մի բանով չեն զիջում քաղաքական գործիչներին: Եվ, որպես կանոն, նշանակալիորեն գերազանցում են նրանց խանդավառության` որեւէ նպատակ չհետապնդող ինչ-որ շահ կորզելու մեջ:
ՓԱՍՏԵՐԸ
Ինչպես են մարդիկ սիրում ամենատարբեր փաստեր իմանալ: Նրանց ամենից շատ հետաքրքրում է ոչ այն, թե ինչ է սերը: Նրանց հետաքրքրում է, թե արդյո՞ք Քրիստոս ապօրինածին էր, թե՞ ոչ:
ԹԱՓԱՌԱԿԱՆ ՌԱԶՄԻԿՆԵՐԸ
Նախկինում ես մտածում էի, որ թափառական ռազմիկը մարտի մեջ էր մտնում առաջին պատահած սուսերամարտիկի դեմ, որպեսզի կոկի իր ռազմական արվեստը: Բայց այժմ հասկանում եմ, որ իրականում նպատակն այս էր` ողջ աշխարհում ինձանից ուժեղ մեկը չկա: (Մուսասի Միամոտոյի կենսագրությունն ընթերցելուց հետո):
ՀՅՈՒԳՈՆ
Դա հացի մի վիթխարի պատառ է, որ ծածկում է ողջ Ֆրանսիան: Բայց համարյա առանց կարագի:
ԴՈՍՏՈԵՎՍԿԻՆ
Դոստոեւսկու վեպերը լեցուն են ծաղրանկարային կերպարներով: Ճիշտ է, մեծամասնությունը նույնիսկ սատանային հուսալքության մեջ կնետի:
ՖԼՈԲԵՐԸ
Ֆլոբերն ինձ ուսուցանեց այն, որ ձանձրույթն էլ կարող է հիասքանչ լինել:
ՄՈՊԱՍԱՆԸ
Մոպասանը սառույց է հիշեցնում, իսկ երբեմն` սառնաշաքար:
ՊՈՆ
Սֆինքսը ստեղծելուց առաջ Էդգար Պոն անատոմիա ուսումնասիրեց: Հենց դրանում է թաքնված գաղտնիքը, թե ինչպես նրան հաջողվեց ցնցել գալիք սերունդներին:
ՄԻ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
«Նկարիչները վաճառում են արվեստի ստեղծագործություններ, ես վաճառում եմ պահածոյացված ծովախեցգետիններ` ես ոչ մի տարբերություն չեմ տեսնում: Բայց նկարիչներն իրենց ստեղծագործությունները համարում են համաշխարհային գանձեր: Նրանց օրինակին հետեւելով, ես պիտի որ պարծենայի տուփը վաթսուն սենտ պահածոյացված ծովախեցգետիններով:
Իմ վաթսուն տարվա ընթացքում, ես` անարժանս, ողջ կյանքիս ընթացքում ինձ թույլ չեմ տվել նմանատիպ տխմար ինքնագոհություն, ինչպես նկարիչները:
ՍԱՍԱԿԻ ՄՈՍԱԿՈՒ-ԿՈՒՆԻ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Պարզկա առավոտ է: Մեֆիստոֆելը դոկտորի փոխակերպված, համալսարանում քննդատության մասին դասախոսություն է կարդում: Անշուշտ, դա Կանտի «Քննադատությունը» չէ: Դա ուսմունք է այն մասին, թե ինչպես վերլուծել արձակի եւ դրամատուրգիայի ստեղծագործությունները:
«Ընկերներ, կարծում եմ, դուք հասկացաք, թե անցած շաբաթ ես ինչի մասին էի պատմում, եւ այսօր մենք հաջորդ քայլը կանենք: Ես ձեզ կծանոթացնեմ «կիսաքաջալերանքի մեթոդին»: Ի՞նչ է նշանակում «կիսաքաջալերանքի մեթոդը»: Դա մեթոդ է, որը թույլ է տալիս կիսաքաջալերելու այս կամ այն ստեղծագործությունը, ինչը որ բխում է հենց անվանումից: Սակայն «կիսա»-ն պետք է լինի վատթարագույն կեսը: Քաջալերել «լավագույն կեսը» այդպիսի մեթոդով չափազանց վտանգավոր է: Փորձեք օգտագործել իմ առաջարկած մեթոդը ճապոնական սակուրայի ծաղիկների նկատմամբ: Սակուրայի ծաղիկների «լավագույն կեսը» նրանց գույնի եւ ձեւի սքանչելիությունն է: Բայց իմ մեթոդից օգտվելու համար անհրաժեշտ է հավանություն տալ ոչ այնքան «լավ» կեսին, որքան «Վատագույն կեսին», այսինքն` սակուրայի ծաղիկների բույրը: Եվ դա թույլատրում է հանգելու այնպիսի եզրակացության, «որ բույրն իրոք կա: Բայց ոչ ավելին»: Արդյո՞ք մեզ ձախողում է սպասում, եթե հանկարծ «վատագույնի» փոխարեն` մենք ստիպված լինենք հավանություն տալու «լավագույն կեսին»: Ոչ: Լսենք. «Գույնն ու ձեւը իսկապես սքանչելի են: Բայց որ ավելի՞ն: Մի՞թե այդպիսի պնդումն ունակ է նվազեցնելու սակուրայի ծաղիկների սքանչելիությունը: Ամենեւին` ոչ:
Այսպիսով, քննադատության գլխավոր խնդիրը` ինչպես նսեմացնել արձակ կամ դրամատիկ ստեղծագործությունը: Բայց հազիվ թե այդ մասին կրկին խոսելու անհրաժեշտություն կա:
Այնուհետեւ, ի՞նչ չափանիշներով հարկ է տարբերել «լավագույն» եւ «վատագույն» կեսերը: Այդ խնդրի լուծման համար հարկ է դիմել արժեքների տեսությանը: Արժեքները, ինչում մենք վաղուց համոզվել ենք, պարփակված են թե հենց ստեղծագործության մեջ, այլ մեր ընկալման մեջ, որը դրան գնահատական է տալիս: Հետեւաբար, «լավագույն» եւ «վատագույն» կեսերի տարբերակման չափանիշ է ծառայում մեր ընկալումը կամ ժողովրդի սերն այս կամ այն դարաշրջանում:
Օրինակ, այսօր ժողովուրդը չի սիրում ճապոնական ծաղկեփնջերը: Կնշանակի, ճապոնական ծաղկեփնջերը վատն են: Այսօր ժողովուրդը բրազիլական սուրճ է սիրում: Կնշանակի, բրազիլական սուրճն, անկասկած, լավն է: Այսպիսով, այս կամ այն ստեղծագործության գեղարվեստական արժեքը` «լավագույն» կամ «վատագույն» կեսերը պետք է տարբերակվեն, ելնելով բերված օրինակից:
Բայց դիմելով այդպիսի չափանիշի, այլ բաները գործածելը` լինի դա գեղեցկությունը, ճշմարտությունը կամ բարին, ավելին չէ, քան զավեշտական ժամանակավրիպում: Դուք պարտ եք նետելու անցյալը` որպես հին ծղոտե գլխարկ: Պատկերացումը լավի եւ վատի մասին չի կարող հաղթահարել հակումները, իսկ հակումները հենց լավի ու վատի զուգակցումն են. սերն ու ատելությունը նույնպես հակումներ են` դա ոչ թե պարզապես «կիսաքաջալերման» մեթոդն է, այլ օրենք, որի մասին պետք չէ մոռանալ, քանի դեռ մենք որոշել ենք քննադատությամբ զբաղվել:
Այսպիսով, հենց այս է «կիսաքաջալերման մեթոդը», իսկ այժմ ես կկամենայի ձեր ուշադրությունը բեւեռել «ոչ ավելին» բառերի վրա: Դրանք անպայման պետք է օգտագործել: Առաջին հերթին, քանի դեռ մենք ասում ենք` «ոչ ավելին», դա նշանակում է, որ մենք խրախուսում ենք «այն», հատկապես «վատագույն կեսը»: Ընդ որում, երկրորդ հերթին, մենք ժխտում ենք ամեն ինչ, բացի «նրանից»: Հարկ է նաեւ ասել, որ «ոչ ավելին» խոսքը իր կարծիքը փաթաթելու ակնհայտորեն արտահայտված միտում ունի: Եվ վերջապես, բավական նրբանկատ երրորդ պահը` հենց «այնի» գեղարվեստական արժեքը, ժխտվում է վերոնշյալ պարզ, բայց աչքի չզարնող միջոցով: Անշուշտ, ժխտելով, մենք երբեք չպետք է անվանենք ժխտման պատճառը: Ժխտումն արտահայտվում է սոսկ տողատակերում` հենց դա է «ոչ ավելին» խոսքի հատկանշական առանձնահատկությունը: Սպանել գովասանքով` ահա «ոչ ավելին» խոսքի նշանակությունը, որը կոչված է, իբր թե խրախուսելով, իրականում` ժխտել:
Ես կարծում եմ, որ «կիսաքաջալերման» ներկայացվող մեթոդը շատ ավելի վստահության է արժանի, քան «լիակատար ժխտման մեթոդը», կամ «չիրականացած երազանքների մեթոդը»: Ես անցած շաբաթ պատմում էի դրա մասին, կարճառոտ կրկնեմ, որպեսզի ձեզ հիշեցնեմ հիմնական դրույթները: Դա մեթոդ է, որը թույլատրում է լիովին ժխտել ստեղծագործության գեղարվեստական արժեքը, հենվելով նրա գեղարվեստական արժեքի վրա: Օրինակ, ժխտելով այս կա այն ողբերգության արժեքը, հարկ է սուր քննադատել այն բանի համար, որ այն ողբերգական է, անդուրեկանորեն մռայլ է: Կարելի է եւ քննադատել, եւ ընդհակառակը` որ նրանում բացակայում է բերկրանքը, երջանկությունը, թեթեւությունը: Ահա թե ինչու ես այդ մեթոդը կոչում եմ նաեւ «չիրականացած հույսերի մեթոդ»: «Լիակատար ժխտման մեթոդը», կամ «Չիրականացված հույսերի մեթոդը» չի կարող լիակատար բավականությյուն պատճառել, քանի որ երբեմն կողմնակալության կասկած է հարուցում: Այնինչ «կիսաքաջալերանքի մեթոդը», համենայն դեպս` կիսով չափ, ընդունում է ստեղծագործության գեղարվեստական արժեքը, որը հեշտությամբ թույլատրում է անաչառության տպավորություն ստեղծել:
Իմ հերթական դասախոսության թեման կլինի Սասակի Մոսակիի նոր ստեղծագործությունը` «Ամառային վերարկուն», այդ պատճառով խնդրում եմ ձեզ մյուս շաբաթ վերլուծել այն, օգտագործելով «կիսաքաջալերման մեթոդը», (Այդ պահին պատանի ունկնդիրներից մեկը հարց է տալիս. «Սենսեյ, իսկ չի՞ օգտագործել «լիակատար ժխտման մեթոդը»): Ոչ, «լիակատար ժխտման մեթոդը», դե, թեկուզ ժամանակավորապես, պետք է մի կողմ դնել: Համենայն դեպս, պարոն Սասակին գրող է, որ վերջին տարիներս լայն համբավ է ձեռք բերել: Այդ պատճառով, ես կարծում եմ, սահմանափակվենք «կիսաքաջալերման մեթոդով…»:
Մի շաբաթ անց բարձրագույն գնահատանքի արժանացած ուսանողական աշխատության մեջ ասված էր. «Հմտորեն է գրված: Ոչ ավելին»:
ԾՆՈՂՆԵՐՆ ՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԸ
Բավական կասկածելի է, որ ծնողներն ունակ են մեծացնելու իրենց երեխաներին: Ճիշտ է, ձիեր ու կովեր մեծացնել նրանք կարող են, դա ճիշտ է: Սակայն դաստիարակել երեխաներին, հիմնվելով հինավուրց սովորույթների վրա, եւ բացատրելով դրանք այն բանով, թե այդպիսին են բնության բնական օրենքները, ավելին չէ, քան պատրվակ, որին դիմում են ծնողները:
Եթե ցանկացած սովորույթ կարելի լիներ արդարացնել բնության բնական օրենքների հղումով, ապա մենք պետք է արդարացնեինք նաեւ նախնադարյան ժողովուրդների մոտ տարածված հարսնացուներին առեւանգելու սովորույթը:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Մոր սերը երեխայի հանդեպ` միակ անշահախնդիր սերն է: Սակայն անշահախնդիր սերն ամենաքիչն է օգնում երեխա մեծացնելուն: Այդպիսի սիրո ազդեցության տակ երեխան կամ բռնապետ է դառնում, կամ ոչնչություն:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Կենաց ողբերգության առաջին գործողությունը սկսվում է երեխայի հայտնությունից:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Վաղնջական ժամանակներից ծնողների մեծամասնությունը կրկնում է հետեւյալ խոսքերը. «Ես անհաջողակ դուրս եկա: Բայց պետք է ամեն ինչ անեմ, որ գոնե երեխաս հաջողության հասնի»:
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մենք չենք կարող անել այն, ինչ ուզում ենք: Եվ անում ենք լոկ այն, ինչ կարող ենք: Դա վերաբերում է ոչ միայն մեզ` անհատներիս: Այլ ընդհանրապես մեր հասարակությանը: Հնարավոր է, եւ Աստված չկարողանար աշխարհն այնպես արարել, ինչպիսին նա կկամենար:
ՄՈՒՐԻ ԽՈՍՔԵՐԸ
Ջորջ Մուրի նոթատետրերում կան այսպիսի խոսքեր. «Մեծ նկարիչը մանրակրկիտորեն ընտրում է այն տեղը, թե որտեղ գրի իր անունը: Եվ երբեք իր նկարները չի մակագրում միեւնույն տեղում»:
«Երբեք չի ստորագրում միեւնույն տեղում»,- դա անշուշտ վերաբերում է ցանկացած նկարչի, եւ ոչ միայն` մեծ: Չդատապարտենք Մուրին այդ անճշգրտության համար: Ինձ անսպասելի թվաց մի այլ բան. «Մեծ նկարիչը մանրակրկիտորեն ընտրում է այն տեղը, թե ուր գրի իր անունը»: Արեւելքի նկարիչների շրջանում երբեք նման չի եղել մեկը, որ կթերագնահատի այն տեղի ընտրությունը, ուր պետք է դրվի իր տոհմական կնիքը: Խոսել ուշադիր ընտրության անհրաժեշտության մասին` տափակություն է: Մտածելով Մուրի մասին, որ հատուկ գրել է այդ մասին, ես չեմ կարողանում ազատվել այն մտքից, թե որքան տարբեր են Արեւելքն ու Արեւմուտքը:
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՉԱՓՍԸ
Դատել ստեղծագործության հանճարեղության մասին կախված նրա չափսից` կնշանակի թույլ տալ նրա գնահատման նյութական մոտեցումը: Ստեղծագործության չափսը` դա սոսկ հոնորարի հարցն է: Ռեմբրանդտի «Ծերունու դիմանկարը» ես շատ ավելի եմ սիրում, քան Միքելանջելոյի «Ահեղ դատաստանը»:
ԻՄ ՍԻՐԵԼԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Իմ սիրելի ստեղծագործությունները, ես նկատի ունեմ գրականները, այն ստեղծագործություններն են, որոնցում ես կարող եմ զգալ հեղինակի` որպես մարդու: Մարդուն` այն ամենով, ինչ նրան ներհատուկ է` խելքով, սրտով, ֆիզիոլոգիայով: Բայց, որքան էլ դա տխուր է, մեծ մասամբ նրանք հաշմանդամներ են (Ճիշտ է, մեծ հաշմանդամը կարող է հարուցել մեր հիացմունքը):
ՆԱՅԵԼՈՎ «ԾԻԱԾԱՆԱՅԻՆ ՈՒՂԵԿԱԼԸ»
Տղամարդը չի հետապնդում կնոջը: Կինն է հետապնդում տղամարդուն: Շոուն պատմել է այդ փաստի մասին իր «Մարդն ու գերմարդը» պիեսում: Բայց նա առաջինը չէր, որ այդ բանն արել էր: Ես նայեցի «Ծիածանային ուղեկալը» Մեկ լան Ֆանի մասնակցությամբ եւ իմացա, որ Չինաստանում էլ կա դրամատուրգ, ով ուշադրություն է դարձրել այդ փաստին: Ավելին, «Մտքեր դրամայի մասին»-ում, բացի «Ծիածանային ուղեկալից», բերվում են բազում օրինակներ այն մարտերի մասին, որ վարում են կանայք` հանուն այն բանի, որ գրավեն տղամարդուն:
«Դունցեյ Շանի», ինչպես նաեւ` «Որդու մահապատիժը շքամուտքի դարպասների մոտ», եւ «Շուանսոշան» պիեսների հերոսուհիները` նրանք բոլորը պատկանում են համանման կանանց թվին: Վերցնենք, օրինակ, Լի Խուեյին «Սերն առ հեծյալը» պիեսի հերոսուհուն` ձիու վրա սիգարշավելով` նա ոչ միայն գերեց երիտասարդ զորավարին: Նա կնության գնաց, ընդ որում, նրա կնոջից ներողություն խնդրելով: Պարոն Խու Շին ինձ ասաց. «Բացառությամբ «Չորս գիտուն այրերի», ես ժխտում եմ պեկինյան օպերայի բոլոր ներկայացումների գեղարվեստական արժեքը: Բայց, այդուհանդերձ, դրանք շատ փիլիսոփայական են»: Գուցե թե փիլիսոփա պարոն Խու Շին իր խոսքերով փորձում էր մեղմացնել իր ամպրոպանման վրդովմունքն այն բանից, որ այդ ստեղծագործությունները չունեն բավականաչափ գեղարվեստական արժեք:
ՓՈՐՁԸ
Հենվել մեն միայն փորձի վրա` համազոր է այն բանին, որ հույսդ դնես միայն սնունդի վրա, չմտածելով մարսողության մասին: Միաժամանակ հույս դնել միայն քո ընդունակությունների վրա, քամահրելով փորձը, համազոր այն բանին, որ հույս դնես միայն մարսողության վրա, չմտածելով սնունդի մասին:
ԱՔԻԼԵՍԸ
Պնդում են, որ հունական հին հերոս Աքիլեսի մոտ խոցելի էր միայն գարշապարը: Հետեւաբար, որպեսզի ճանաչես Աքիլեսին, հարկ է իմանալ աքիլեսյան գարշապարի մասին:
ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
Ամենաերջանիկ արվեստագետը` դա զառամյալ տարիքում փառքի արժանացած արվեստագետն է: Այդ իմաստով Կունիկիդո Դոպոն ամենեւին էլ դժբախտ արվեստագետ չէ:
ԲԱՐԻ ՄԱՐԴԸ
Կինը միշտ չէ, որ ուզում է, որ իր ամուսինը բարի մեկը լինի: Սակայն տղամարդը միշտ ուզում է, որ իր ընկերը բարի մարդ լինի:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Բարի մարդն ամենից շատ նման է երկնից Աստծուն: Առաջինը, նրա հետ կարելի է կիսել բերկրանքը: Երկրորդ, նրա մոտ կարելի է թնկթնկալ: Երրորդ, նա կա, թե ոչ` կարեւոր չէ:
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
«Ատել հանցագործությունը, այլ ոչ թե նրան, ով այն գործել է»,- դա այնքան էլ դժվար չէ: Մարդկանց մեծամասնությունն իրականացնում է այդ ասույթը ծնողների մեծամասնության հանդեպ:
ԴԵՂՁՆ ՈՒ ՍԱԼՈՐԸ
«Թեպետ դեղձն ու սալորը մունջ են, մարդիկ արահետ են բացում նրանց միջեւ»,- այդպես են ասում իմաստունները: Իհարկե, դա ճիշտ չէ: Ի՞նչ է նշանակում` «թեպետ դեղձն ու սալորը մունջ են»: Ավելի ճիշտ կլինի ասել` «քանի որ դեղձն ու սալորը մունջ են»:
ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ
Ժողովուրդը հաճախ է հիանում մարդկանց եւ գործոց մեծությամբ: Բայց դարեր ի վեր այնպիսի բան չի եղել, որ ժողովուրդը սիրի հանդիպել մեծությանը:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Սասակի Մոսակու-կունի քննադատությունը» – «Գաճաճի խոսքերի» բաժինն է, որ տպագրվել է տասներկուերորդ համարում, դույզ-ինչ չի վկայում առ այդ գրողը քամահրանքի մասին: Այնտեղ քմծիծաղ կա առ այն քննադատը, ով չի ընդունում նրա ստեղծագործությունը: Այդ մասին հայտարարելը կնշանակեր` քամահրել «Բունգեյ սյունձույի» ընթերցողների մտային կարողությունները: Ինձ ցնցել էր, որ մի քննադատ իսկապես քամահրանք էր ցուցաբերել Սասակի-կունի հանդեպ: Ես լսել եմ, որ նա արդեն հետեւորդներ ունի: Այդ պատճառով էլ ես անում եմ այս կարճառոտ հայտարարությունը: Ես չեմ պատրաստվում դա հրապարակավ անելու: Այն հայտնվեց ի արդյունս մեր ավագ ընկերոջ` Սատոմի Տոնա-կունի սադրանքի: Այն ընթերցողները, ովքեր վրդովվել են իմ հայտարարությունից, խնդրում եմ, իրենց զայրույթն ուղղեն Սատոմի-կունի դեմ:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Իմ հրապարակած հայտարարությունը. «Խնդրում եմ իրենց զայրույթն ուղղեն Սատոմի-կունի դեմ», դա, անշուշտ, կատակ է: Կարող եք ձեր զայրույթը նրա դեմ եւ չուղղել: Անսահման խոնարհումից այն բոլորի հանճարեղության հանդեպ, ում ներկայացնում էր վերոնշյալ քննադատը, ես ինձ ոչ ներհատուկ նյարդայնություն ցուցաբերեցի։
ԼՐԱՑՈՒՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Իմ հրապարակած լրացուցիչ հայտարարության մեջ ասված է. «Անսահման խոնարհումից այն բոլորի հանճարեղության հանդեպ, ում ներկայացնում էր վերոնշյալ քննադատը…»: Դա ոչ մի դեպքում հեգնանք չէ:
ԱՐՎԵՍՏԸ
Գեղանկարչությունն ապրում է երեք հարյուր տարի, գեղագրությունը` հինգ հարյուր, գրականությունն անմահ է, ասել է Վան Շան-չժենը: բայց Դունխուանի պեղումները ցույց տվեցին, որ գեղանկարչությունն ու գեղագրությունը շարունակում են ապրել հինգ հարյուր տարի հետո էլ: Իսկ այն, որ գրականությունն անմահ է` դա դեռ հարց է: Գաղափարները չեն կարող ժամանակին ենթակա չլինել: Մեր նախնիները «Աստված» բառն արտասանելիս` իրենց առջեւ տեսնում էին այն ժամանակվա ավանդական ծիսական հագուստով մի մարդու: Իսկ մենք այդ բառն արտաբերելիս` տեսնում ենք երկարամորուս եվրոպացու: Պետք է ենթադրել, որ նույնը կարող է տեղի ունենալ ոչ միայն Աստծու հետ:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Հիշում եմ, ես մի անգամ տեսա Տոսյուսայ Սարակուի վրձնին պատկանող մի դիմանկար: Այնտեղ պատկերված մարդը կրծքի մոտ բռնել էր բացված հովհար, որի վրա Կորինի հանրահայտ կանաչ ալիքն էր: Դա, անշուշտ, ուժգնացնում էր նկարի գունաերանգային տպավորությունն ամբողջությամբ: Բայց, նայելով խոշորացույցով, ես տեսա ոչ թե կանաչ գույն, այլ բրոնզափառով պատված ոսկեգույն: Ես զգացի Սարակուի նկարի սքանչելիությունը` դա փաստ է: Բայց փաստ է նաեւ այն, որ ես մի այլ սքանչելիություն զգացի, քան այն, որ որսացել էր Սարակուն: Համանման ընկալման փոփոխությունները հնարավոր են, երբ խոսքը գրականության մասին է:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Արվեստը կնոջ նման է: Որպեսզի գրավիչ երեւա, այն պիտի համահունչ լինի իր ժամանակի հոգեւոր մթնոլորտին կամ մոդային:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Ավելին, արվեստը միշտ գերի է: Ժողովրդի արվեստը սիրելու համար պիտի իմանաս այդ ժողովրդի կյանքը: Անգլիայի գերապատիվ եւ լիազոր դեսպանը` սըր Ռութերֆորդ Օլքոկը, ով Տատձոնձի տաճարում ենթարկվեց ռոնինների հարձակմանը, մեր երաժշտությունն ընկալում էր` որպես խառնաղմուկ: Նրա «Երեք տարի Ճապոնիայում» գրքում այսպիսի տողեր կան. «Եղեգնահավի երգեցողությունը նման է սոխակի գեղգեղանքին: Ճապոնական ավանդապատումներում ասվում է, որ ճապոնացիները եղեգնահավերին սովորեցրել են երգել: Ապշեցուցիչ է, եթե դա իրոք այդպես է: Չէ՞ որ իրենք` ճապոնացիները, երաժշտությունից ոչինչ չեն հասկանում» (հատոր 2-րդ, գլուխ 29):
ՀԱՆՃԱՐԸ
Հանճարին մեզանից ընդամենը մի քայլ է բաժանում: Բայց որպեսզի հասկանաս, թե ինչ է իրենից ներկայացնում այդ քայլը, պետք է հասու լինես ինչ-որ բարձրագույն մաթեմատիկայի, ըստ որի` հարյուր րիի կեսը` իննսունինը րի է:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Հանճարին մեզանից բաժանում է ընդամենը մի քայլ: Ժամանակակիցները սովորաբար չեն հասկանում, որ այդ քայլը` հազար րի է: Հետնորդները կույր են, որպեսզի տեսնեն, որ այդ քայլը` հազար րի է: Ժամանակակիցներն այդ պատճառով սպանում են հանճարին: Դրանից հետո հետնորդները հանճարի համար խունկ են ծխում։
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Դժվար է ասել, որ ժողովուրդն էլ հաճությամբ չէ ընդունում հանճարին: Բացի այդ, այդ կարգի ընդունումը բավական զավեշտական է:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Հանճարի ողբերգությունն այն է, որ նրան շրջապատում են «համեստ, հաճելի փառքով»:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Հիսուս. «Մենք նվագում էինք ձեզ համար, շվի նվագեցինք, իսկ դուք չէիք լալիս:
Նրանք. «Մենք ձեզ համար տխուր երգեր երգեցինք, եւ դուք չէիք հեծկլտում»: