«Հանդիպում ընտանիքի եւ ամուսնության կենտրոնի» տնօրեն Նարե Մարտոյանի ասելով, այսօր ամուսնական գործակալություն դիմում են 17-80 տարեկան մարդիկ, ովքեր ուզում են երջանիկ լինել: Դիմողները վճարում են 10.500 դրամ, լրացնում են հարցաթերթիկ` արտաքին տվյալների, կրթության, կրոնական հայացքների եւ այլնի մասին, եւ դիտում իրենց փնտրած չափանիշներին մոտ մարդկանց լուսանկարները, պայմանավորվում հանդիպման համար: «Կան բազմաթիվ այցելուներ, որ չեն ունեցել ամուսնության փորձ, կան արդեն իսկ ամուսնացածներ, երեխաներ ունեցողներ»,- երեկ ասել է Նարե Մարտոյանը: Նրա խոսքով` յուրաքանչյուր եռամսյակում կազմվում է միջինը 20-22 ամուսնական զույգ, եւ կենտրոնի 8 տարվա գործունեության ընթացքում ամուսնալուծվել է ընդամենը մեկ զույգ: «Կենտրոնում ձեւավորված ամուսնական զույգերի հետ մենք բարիդրացիական հարաբերությունների մեջ ենք, գնում, մասնակցում ենք նրանց ուրախություններին, տխրության պահերին լինում ենք նրանց կողքին»,- ասել է նա: Գործակալություն դիմողների նախասիրությունները, նրա խոսքով` տարբեր են. 17-25 տարեկան աղջիկներն ուշադրություն են դարձնում պոտենցիալ ամուսնու արտաքինին, հարստությանը, կրթությանը, իսկ մինչեւ 40 տարեկան կանայք նախընտրում են այնպիսի տղամարդու, ում հետ կարող են ապրել հանգիստ: Տղամարդիկ նախկինում, ըստ Մարտոյանի, ավելի շատ էին ուշադրություն դարձնում այն հանգամանքին, որ իրենց ընտրյալն օրիորդ լինի, բայց հիմա ընտրում են կայացած, գործարար, նաեւ` երեխաներ ունեցող կանանց: Իսկ ինչ վերաբերում է միասեռականներին, ապա Ն. Մարտոյանի ասելով` նրանք գործակալություն չեն դիմում։ «Գիտեն` ուր եւ երբ գնան փնտրելու»,- ասել է նա: Նարե Մարտոյանի ասելով` գործակալական ծառայությունների ֆորմատը չի վերացնում առաջին հանդիպման ու սիրահարության անբացատրելի հրաշքը, այլ նպաստում է դրան. «Ծանոթության ձեւը կարեւոր չէ, կարեւոր է բովանդակությունը: Կարեւորն այն է, որ միայնակ մարդը գտնում է իր երկրորդ ես-ին»: