Երեկ ԵԽ ԽՎ գարնանային նստաշրջանում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերագործարկման որոշման ժամանակ իր պատվիրակության ձայնն անտեսելու համար մեղադրել է Բյուրոյի նախագահին: «Բյուրոն խորհրդավորությամբ կորցրեց հայկական պատվիրակության նամակի հետքերը եւ աչք ծակող գործելաոճով անտեսեց ուղղակիորեն ներգրավված կողմի դիրքորոշումը եւ առարկությունները: Չի կարելի լուրջ դրական արդյունքներ ակնկալել ստիպողաբար առաջադրված գործընթացից: Քանի որ դուք որոշել եք հայկական պատվիրակության դիրքորոշումը ձեր գորգի տակ պահել, ես բոլոր ներկայացուցիչների առջեւ կկրկնեմ մեր դիրքորոշումը»,- ասել է նա: Հիշեցնենք, որ հունվարի 25-ի նամակում ՀՀ պատվիրակությունը կողմ էր հանդես եկել ադրբեջանական պատվիրակության հետ` երրորդ կողմի միջնորդությամբ, շարունակական հանդիպումներին, հույս հայտնելով, որ այդ հանդիպումները կստեղծեն փոխվստահության բավարար մթնոլորտ եւ «կթուլացնեն երկու պատվիրակությունների միջեւ առկա լարվածությունը»: