Ի՞նչ է ակնարկում

12/04/2011

Ռուսական «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 4 բանաձեւ է ընդունել Ադրբեջանի տարածքներից հայկական զավթիչ ուժերի դուրսբերման վերաբերյալ, եւ այդ բանաձեւերն առայսօր չեն կատարվել»: Նաեւ հավելել է. «Երբ մենք տեսնում ենք, որ Լիբիայի վերաբերյալ Անվտանգության խորհրդի բանաձեւերը սկսում են կատարվել դրանց ընդունումից բառացիորեն ժամեր անց, իսկ Լեռնային Ղարաբաղի մասին բանաձեւերը չեն կատարվում 17-18 տարի, բնականաբար, հարց է ծագում` որն է նման օպերատիվության պատճա՞ռը, իսկ մեր դեպքում` նման պասիվությա՞ն»: Ի դեպ, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը երեկ Ալիեւի այս հայտարարության առնչությամբ ասել է. «Եթե Ադրբեջանի իշխանություններն իրոք ցանկանում են խնդրի կարգավորում, ապա նրանք պետք է ոչ թե մեղադրեն միջազգային հանրությանը, այլ` հրաժարվեն ուժային տարբերակով խնդիրը լուծելու պատրանքներից ու հաշտվեն Արցախի ժողովրդի` սեփական ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու կամարտահայտության հետ»: