«Ֆոտոլուր» գործակալության լուսանկարիչ Մխիթար Խաչատրյանն այն «երջանիկներից» է, ով լուսանկարել է պոպ-աստղ Շերին՝ նրա Հայաստան այցելության ժամանակ: Մութ ու խավար տարի էր, երկրաշարժից քիչ ժամանակ էր անցել: Եվ Շերի՝ Շերիլին Սարգսյանի այցը նպատակ ուներ աղետ ապրած մեր Հայրենիքի նկատմամբ ուշադրություն առաջացնել: Շերը եկել էր Հայաստան իր սեփական լուսանկարիչների ու օպերատորների հետ: «Նրա այցը կարծես բեմականացված շոու լիներ: Շերը հաջողացնում էր ամեն ինչը շոու դարձնել: Նրա օդանավակայան ժամանելն էլ էր սցենարով արված,- ասում է Մ. Խաչատրյանը: -Ես հիշում եմ, որ աշխատանքի գնացի մեկ լուսանկարչական ժապավենի տուփով, կարծում էի, որ կհերիքի: Բայց տասը րոպե հետո հասկացա, որ ժապավենը չի հերիքում, քանի որ Շերի յուրաքանչյուր քայլը նկարելու բան էր»: Շերը զբոսնել է Երեւանի փողոցով, լուսանկարվել կտրած ծառերի մոտ (կտրած ծառերը երեւանցիների համար վառելիք էին ծառայել), այցելել Պատկերասրահի բակ, որտեղ ժամանակավոր տեղադրված էր պատվանդանազուրկ Լենինի արձանը: «Նա բարձրացավ Լենինի գլխին ու տարբեր դիրքերով լուսանկարվեց»,- հիշում է Մ. Խաչատրյանը: Շերը թուղթ, մատիտ եւ տիկնիկներ բաժանեց մանկատան սաներին, որոնք իրենց հերթին անվանի հյուրի համար բանաստեղծություններ արտասանեցին:
Կան լուսանկարներ, որտեղ Շերը պատկերված է երեխաներին գրկելու պահին: Սակայն լուսանկարչի տպավորությունն այնպիսին էր, որ Շերը դա անում էր միայն լուսանկարվելու պահին, եւ ոչ թե սրտի կանչով: «Նույնիսկ դժվար էր հասկանալ, նա սիրտ ունի՞, թե՞ ոչ»,- ասում է նա: Շերը Էջմիածնի վանք է այցելել, մոմ վառել եւ հանդիպել կաթողիկոսին: Սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումը նա հետաձգեց. մի քիչ մրսել էր, ստամոքսն էր ցավում: Հայ լուսանկարիչներին չէր կարելի ամենուրեք հետեւել աստղին: Նրանք լուսանկարում էին այն, ինչ իրենց թույլ էին տալիս:
«Թե ինչ նպատակ ուներ ամերիկացի լուսանկարիչների աշխատանքը, մենք այդպես էլ չհասկացանք, երեւի ինչ-որ ֆիլմի կամ կլիպի համար էր»,- ասում է Մ. Խաչատրյանը, ով հիշում է, թե Շերն Էջմիածնում ինչպես մոտեցավ խաչքար սարքողին, նրանից վերցրեց մուրճը եւ փորձեց մի քանի հարված անել քարակույտի վրա: Եվ իհարկե, այդ ամենը լուսանկարվեց: Էքստրավագանտ պոպ-աստղն իր չորսօրյա այցելության ընթացքում ապրել է «Արմենիա» հյուրանոցում՝ իր երիտասարդ եւ գեղեցիկ boy-friend-ի հետ: Նրա հագուկապը նույնքան էքստրավագանտ ու ազդեցիկ է եղել, որքան եւ այսօր: «Սովորաբար նա կաշվե տաբատ էր հագնում, գլխին էլ տարբեր գլխաշորեր կապում»,- հիշում է Մ. Խաչատրյանը: 80-ականների վերջում «երկաթյա վարագույրը» նոր էր բացվել, եւ մեզ նոր էր սկսել հասնել Շերի համբավը: Իսկ 20 տարի առաջ երեւանյան փողոցներում քչերն էին Շերին ճանաչում եւ քչերն էին ցանկանում խոսել նրա հետ: Այն ժամանակ էլ, այսօր էլ Շերը հազվադեպ է հիշատակում իր հայ լինելու մասին, նույնիսկ ամեն կերպ խուսափում է իր ազգանունը տպագրելուց: Պատճառը երեւի ոչ միայն աստղային քմահաճույքն էր, այլեւ իր հոր ծանր բնավորությունը: Ասում են, որ նրա հայրը հարբեցող էր եւ հաճախ ծեծում էր իր ընտանիքի անդամներին: Շերի այցը միջազգային մամուլում ավելի մեծ արձագանք ունեցավ` քան Հայաստանում: «Մեզանից նկարներ էին պահանջում: Երեւի թե նա ավելի մեծ հետաքրքրություն առաջացրեց, քան նույնիսկ ԱՄՆ նախագահը»,- ասում է Մ. Խաչատրյանը: Հայաստանյան այցը բարձրացրեց Շերի բարեսիրտ ու գթասիրտ աստղի իմիջը, իսկ թե ինչ էր նա իրականում զգում, անհայտ մնաց: Շերը Շառլ Ազնավուրի նման ծանոթ ու սիրելի չէր հայերի համար, այդ պատճառով, երեւի, նրա այցի մասին շատերը Հայաստանում չեն էլ հիշում: