«Ցանկացած քրեական գործ կարող է վերսկսվել, եթե առաջանում են նոր հանգամանքներ: Նոր հանգամանք արդեն առաջացել է. Ստեփան Սաֆարյանի վկայությունները մարտի 1-ի գիշերը Լ.Տեր-Պետրոսյանենց տանն անցկացնելու մասին կարող են հիմք հանդիսանալ նոր քննություն սկսելու համար»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` հիշելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի այն հայտարարությունը, թե մարտի 1-ին, երբ նա Լ.Տեր-Պետրոսյանին առաջարկել է գնալ Մյասնիկյանի արձանի մոտ, վերջինս հրաժարվել է` ասելով, թե դա իր ժողովուրդը չէ: «Եթե քննություն կատարվի, սա իր հետեւից կարող է բերել իրավական հետեւանքներ: Օրինակ, Սաֆարյանն ասել է, որ Տեր-Պետրոսյանը մերժել է, թե այդ ժողովուրդն իրենն է: Տեր-Պետրոսյանն էլ ասում էր, թե ինքը պատրաստ էր գնալ, նրանց տեր կանգնել, բայց իր անհրաժեշտ անվտանգությունը չէին ապահովում: Այս երկու հայտարարությունների մեջ կա հակասություն, եւ եթե այստեղ քննություն սկսվի, թե ինչու է կեղծ վկայություն տրվել, ապա, այո, կարող են նոր հանգամանքներ բացվել: Չի կարող պատահել, որ երկուսն էլ ճիշտ ասեն»,- նշել է Վ.Հովհաննիսյանը: