Հարցեր Լեւոն Տեր-Պետրոսյանին

12/04/2011

«Նոր նրբերանգներ է ձեռք բերում քաղբանտարկյալների ազատագրման հարցը: Փաստորեն, ոչ թե համաժողովրդական պայքարի հետեւանքով է ակնկալվում նրանց ազատագրումը, այլ Սերժին ուղղված ողջախոհություն դրսեւորելու կոչերով: Ես լինեմ Սերժի տեղը, հրամանագիր կարձակեմ հետեւյալ ձեւակերպմամբ. «Հաշվի առնելով Կոնգրեսի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի երկու հաջորդական հանրահավաքներում մի շարք բանտարկյալների ներում շնորհելու վերաբերյալ հրապարակային դիմումները` ներում շնորհել… թվարկում»,- Հայ Ազգային կոնգրեսի` ապրիլի 8-ի հանրահավաքին նվիրված հոդվածում իր ինտերնետային էջում երեկ գրել է ՀԱԿ անդամ Կարապետ Ռուբինյանը` ավելացնելով, – Մենք իրավամբ հպարտանում ենք ներման խնդրագիր գրելու առաջարկները մերժող մեր քաղբանտարկյալ եղբայրների կեցվածքով, բայց չտեսնելու ենք տալիս, երբ Կոնգրեսի առաջնորդը արդեն երկրորդ ներման դիմումն է հնչեցնում հանրահավաքում»: Կ. Ռուբինյանը տարակուսանք է հայտնել նաեւ Ադրբեջանի կողմից պատերազմը վերսկսելու վտանգի մասին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հիշատակման վերաբերյալ: «Եթե ինչ-որ մարդիկ թերահավատությամբ են վերաբերվում այս մտավախությանը, ես կասկած չունեմ, որ Ադրբեջանը վայրկյան անգամ չի հապաղելու օգտվել Հայաստանում ծագած որեւէ լուրջ խառնակությունից». իր հոդվածում մեջբերելով Լ. Տեր-Պետրոսյանի ելույթի այս հատվածը` Կարապետ Ռուբինյանը հարցնում է. «Այս պնդումն անողը ո՞նց է ապրիլի 28-ին վերջնագիր ներկայացնելու Սերժին, ո՞նց է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ կազմակերպելու: Սա պայքարից հրաժարվելու հայտարարության տակ դրված պարզ ստորագրություն չէ՞: Եվ եթե այդ պնդումը ճիշտ է, ավելի ազնիվ չի՞ լինի մարդկանց տներից չհանել հանրահավաքի»: Իհարկե, դժվար չէ պատկերացնել ՀԱԿ-ի արձագանքը Կ. Ռուբինյանի` նշված եւ մի քանի այլ կարեւոր հարցադրումներին: Լավագույն դեպքում, Ռուբինյանը կարող է որակվել որպես «մոլորյալ», իսկ ավելի հավանական է, որ վերջնականապես կհամալրի նրանց շարքերը, ովքեր, ինչպես Լ. Տեր-Պետրոսյանն էր ասել, ամեն կերպ խոչընդոտում են «իշխանությունների եւ հասարակության միջեւ համերաշխության մթնոլորտի ձեւավորմանը»: Սակայն Կ. Ռուբինյանը այն եզակի ընդդիմադիր գործիչներից է, ով հաղթահարել է «ՀԱԿ-ի մասին կամ` լավ, կամ` ոչինչ» տաբուն եւ հնչեցնում է հարցադրումներ, որոնց մասին մտածում են անգամ ՀԱԿ-ի շատ ներկայացուցիչներ, սակայն չեն համարձակվում արտահայտել: