Երեկ ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը խորհրդարանին առաջարկեց օրակարգից հանել ՀՅԴ խմբակցության այն նախագիծը, որով առաջարկվում էր գազամատակարարման խնդիրներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: Այդ հանձնաժողովի փոխարեն, Վ.Այվազյանի խոսքերով, իր ղեկավարած հանձնաժողովի շրջանակներում կստեղծվի աշխատանքային խումբ: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վ.Հովհաննիսյանն էլ առաջարկեց այդ խմբի ղեկավարումը վստահել իր կուսակիցներին: ՀՅԴ-ի այս նախաձեռնության արդյունքում անցած շաբաթ ԱԺ-ում կազմակերպվել էին հանրային լսումներ: Եվ հիմա խմբակցությունը որոշել է ավելի լուրջ զբաղվել գազամատակարարման խնդիրներով: Հիշեցնենք, որ տարիներ առաջ Վ.Հովհաննիսյանը ղեկավարում էր օտարերկրյա վարկերի եւ դրամաշնորհների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովը: Ուսումնասիրման արդյունքում Վ.Հովհաննիսյանը խորհրդարանին ներկայացրեց ջրամատակարարման ոլորտում կատարված բազմաթիվ խոշոր չարաշահումների մասին բացահայտումներ: Այդ ուսումնասիրությունը, սակայն, որեւէ արդյունք չունեցավ, ընդամենը պաշտոնից հեռացվեց Ջրային պետական կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանը: ՀՅԴ-ն էլ հետո առանձնապես հետամուտ չեղավ այդ չարաշահումների համար պատասխանատուների բացահայտմանը: Արդյո՞ք նույն արդյունքը չի ունենա գազամատակարարման ոլորտն ուսումնասիրող աշխատանքային խումբը, որի ղեկավարությունը նորից ՀՅԴ-ն է ցանկանում ստանձնել: «Կարող է, այո, կարող է: Այն ժամանակ նորից կսկսենք այդ պայքարը, նորից կբարձրացնենք այդ հարցերը»,- ասաց Վ.Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ անցած տարի գազի չհիմնավորված բարձր սակագինը վիճարկող դատական հայց ներկայացրեց ՀԱԿ-ը, որը մերժվեց: Վ.Հովհաննիսյանը չբացառեց, թե իրենք էլ նույն մեթոդը կկիրառեն: