Չանչունը ուրախ է

12/04/2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական անդամ Լի Չանչունի գլխավորած պատվիրակությանը, ով Հայաստան է ժամանել ՀՀԿ-ի հրավերով: Նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ` Ս. Սարգսյանն ընդգծել է, որ Չինաստանը միշտ էլ եղել է Հայաստանի հուսալի բարեկամն ու գործընկերը, եւ այդ իսկ պատճառով` Չինաստանի հետ հարաբերությունների խորացումը հանդիսանում է մեր երկրի արտաքին քաղաքականության կարեւոր առաջնահերթություններից մեկը: Նախագահը բարձր է գնահատել տարածաշրջանում Չինաստանի հավասարակշռված քաղաքականությունը եւ ընդգծել, որ ՉԺՀ-ի ներգրավվածության մեծացումը մեր տարածաշրջանում միայն կնպաստի խաղաղության ամրապնդմանն ու սոցիալ-տնտեսական զարգացմանը: «Մենք շատ ուրախ ենք Ձեր ղեկավարությամբ գործող ՀՀԿ հրավերով Հայաստան այցելելու համար: Այցի նպատակն է` նպաստել երկու երկրների եւ նաեւ` իշխող կուսակցությունների միջեւ քաղաքական երկխոսության, փոխշահավետ համագործակցության ու հայ-չինական ավանդական բարեկամության զարգացմանը: Տարածաշրջանում մենք Հայաստանը դիտում ենք իբրեւ վստահելի ու կարեւոր գործընկեր»,- ասել է Չինաստանի Կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյի մշտական անդամ Լի Չանչունը: Չինաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչը նշել է, որ արդեն 12 տարի ՀՀԿ-ի հետ Չինաստանի Կոմկուսը սերտորեն համագործակցում է, ինչը նպաստում է նաեւ երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը: