ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի յուրաքանչյուր ելույթ բուռն քննարկումների առարկա է դառնում Հայաստանի թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ուժերի շրջանում: Իսկ վերջին մի քանի ամիսներին այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ իշխանությունն այլեւս կարիք չունի քննադատել ՀԱԿ-ի հանրահավաքներն ու Լ. Տեր-Պետրոսյանի ելույթները, կամ` հակադարձել դրանց:
Այդ գործը բավականին ակտիվորեն կատարում են ընդդիմադիր դաշտի մյուս, հատկապես խորհրդարանական ուժերը` «Ժառանգություն» եւ «Դաշնակցություն» կուսակցությունները, որոշ չափով` նաեւ արտախորհրդարանական ոչ ծանրակշիռ գործիչները` ի դեմս Տիգրան Կարապետյանի կամ Պարույր Հայրիկյանի: Վերջիններս արդեն անխնա քննադատության են ենթարկում ՀԱԿ-ին ու նրա առաջնորդին, ու տարատեսակ բացահայտումներ են անում, որոնք հավանաբար պահել էին նման «սեւ օրվա» համար: Եվ Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որում կան իշխանություն եւ ընդդիմություն ու ընդդիմության հակառակորդներ: Այս համատեքստում կարելի է հիշել երբեմնի ընդդիմադիր Արտաշես Գեղամյանին, ով 2008-ի նախագահական ընտրություններին իրեն ուղղված ցանկացած բնույթի հարցին պատասխանում էր` Լ.Տեր-Պետրոսյանին քննադատելով: Ավելի ուշ Գեղամյանն ընդդիմության դաշտում բացահայտվեց` որպես ական:
Եվ այսպես` Լ.Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը տարակուսանք է առաջացրել ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի մոտ, որովհետեւ դրանում նրա համար 3 անհասկանալի կետեր կան: Վերջինս իր հերթին գտնում է, որ տարակուսանք պետք է որ առաջացած լինի նաեւ ՀԱԿ-ի եւ նրա առաջնորդի բազմահազարանոց կողմնակիցների շրջանում: Լ.Տեր-Պետրոսյանի խոսքերով` հաջորդ հանրահավաքը` ապրիլի 28-ը, «պետք է դառնա երկխոսության սկզբնավորման կամ վերջնական ջրբաժանի օր», կապված քաղբանտարկյալների ազատ արձակման, Ազատության հրապարակի եւ մարտի 1-ի սպանությունների բացահայտման պահանջների հետ: «Հայտարարվում է, որ պայքարի հեղափոխական մեթոդների չեն դիմելու, քանի որ կա ադրբեջանական վտանգ: Այսինքն` կրկնում են այն նույնը, ինչը տարիներ շարունակ ասել է ՀՅԴ-ն, եւ որի համար հենց նրանք ՀՅԴ-ին եւ նման մոտեցում ունեցող ուրիշ ուժերի պիտակավորել են` որպես կեղծ ընդդիմություն: Երկրորդը` երբ դու նախապես ասում ես, թե հեղափոխական մեթոդների դիմողը չես, որովհետեւ կան տարբեր արտաքին վտանգներ, ինչը ճիշտ է, էլ ի՞նչ ջրբաժան ես անելու ապրիլի 28-ին: Եթե դու չես գնալու հեղափոխական մեթոդների, ուրեմն դարձի ինստիտուցիոնալ ընդդիմություն: Եթե դու գնում ես հեղափոխական ճանապարհով, ուրեմն դու մի խաբի, որ չես գնալու: Իսկ եթե չես գնալու, ապա բացատրի, թե ապրիլի 28-ին այդ ինչ ջրբաժան է: Եվ երրորդը` իշխանությունների առջեւ դրվում են այնպիսի պահանջներ, որ մաքսիմալ թեթեւացնեն իշխանությունների գործը: 2 անգամ միտինգները թույլ են տվել Ազատության հրապարակում, այդ ի՞նչ մեծ նվաճում է: Ո՞վ ասաց, թե դեպի նախագահական պալատ ճանապարհն անպայման Ազատության հրապարակով է անցնում եւ ոչ թե Համզաչիմանով: Նրանց, ում ՀԱԿ-ը համարում է քաղբանտարկյալ, նրանց ազատելու խնդիրը կարծես թե արդեն պրոցեսի մեջ է: Կամաց-կամաց, իհարկե, շատ ավելի կամաց, քան պետք է: Ես չեմ համարում, որ ավելորդ մարդկանց պետք է բանտում պահել: Իսկ մարտի 1-ի դեպքերի քննության խոստումն ի սկզբանե ամրագրված է սահմանադրության մեջ: Դեռ 2008-ին են խոսք տվել, որ անընդհատ քննելու են: Փաստորեն, այդ երեք պահանջներն առանձնապես ոչինչ չեն ասում, եւ իշխանությունները դրանք կարող է համարել կատարված, կամ հեշտությամբ կատարել, կամ էլ շրջանցել դրանց կատարումն ամենաաննկատ կերպով»,- ասաց Վ.Հովհաննիսյանը, բայց չցանկացավ պատասխանել հարցին, թե մարտի 1-ի գործով դատապարտված մարդիկ քաղբանտարկյալնե՞ր են, թե՞ ոչ: Դժվար է ասել, թե վերը նշված ուժերը կոնկրետ ի՞նչ նպատակներ են հետապնդում, սակայն մի բան ակնհայտ է. այսօր նրանք` որպես իրենց հակառակորդ, տեսնում են ավելի շատ ՀԱԿ-ին, քան` իշխանություններին: Եվ այդ միասնական գաղափարն արդեն պտուղ է տալիս: Երեկ «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը հայտարարել է, թե որոշ ուժերի հետ բանակցում են «նոր քաղաքական ալյանս» ստեղծելու շուրջ: Ավելի վաղ նա մեր թերթին տված հարցազրույցում ասել էր, թե մոտ 20 կուսակցություններ, «որոնք իրենց մարդկային ռեսուրսներով ու քաղաքական որակով չեն զիջում ՀԱԿ-ի անդամ կուսակցություններին, «Ժառանգությանն» առաջարկել են նոր Կոնգրես ստեղծել: Ընդամենը 2 շաբաթ առաջ Ռ.Հակոբյանն այս առիթով ավելացրեց, թե «ոմանց ինչ-որ բան ապացուցելու համար նման արհեստական կառույց չի ստեղծվի»: Իսկ երեկ արդեն հայտարարեց նոր ալյանսի շուրջ բանակցությունների մասին, ընդ որում, ավելացրեց, թե 1 ամիս է, ինչ այդ բանակցությունները ընթանում են: Ամեն դեպքում, քաղաքական դաշտի զարգացումներին հետեւելիս ակնհայտ է դառնում, որ հատկապես «Ժառանգությունն» ավելի ակտիվացավ ՀԱԿ-ի հետ միասին: ՀԱԿ-ի մարտի 1-ի բազմահազարանոց հանրահավաքից հետո` մարտի 4-ին, այս կուսակցության պատգամավորները կառավարության շենքի մոտ ընկան բավականին աղմկոտ քաշքշուկի մեջ: Եվ ինչպես ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը կասեր` 4 հոգով բարձրացրեցին 40.000 հոգու աղմուկ: Իսկ ապրիլի 17-ի հանրահավաքից ընդամենը 2 օր առաջ «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում հացադուլ սկսեց: Մինչ այդ Կոնգրեսի շրջանակներում արդեն ակնարկում էին Ազատության հրապարակ մտնելու մասին: Իսկ այն փաստը, որ հրապարակում Լ.Տեր-Պետրոսյանը չմոտեցավ Ր.Հովհաննիսյանին, վերջինիս համար բավականին դրական ֆոն ստեղծեց` ի հաշիվ Կոնգրեսի առաջնորդի: Ամեն դեպքում ընտրությունների նախաշեմին ընդդիմության դաշտում խաղացող ուժերը որոշել են նոր քաղաքական ալյանս կամ երրորդ ուժ ստեղծել: Իսկ առաջիկա խորհրդարանի կազմն արդեն ուրվագծվում է: Ու եթե ընդդիմության փափագած իշխանափոխությունը չհաջողվի, ՀԱԿ-ն այդ խորհրդարանում անկասկած ներկայացված կլինի: Եվ ահա այդ վտանգից էլ հավանաբար սարսափում են «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն: Նրանց համար ոչ միայն անցանկալի կլինի իրենց ընդդիմադիր դիրքերը կիսել ՀԱԿ-ի հետ, այլ նաեւ վտանգ կա, թե Կոնգրեսի պատճառով իրենք կարող է չհայտնվեն նոր խորհրդարանում:
Իսկ վերջին շրջանում ՀԱԿ-ի ու նրա առաջնորդի նկատմամբ բավականին հանդուրժող են դարձել իշխող ՀՀԿ անդամները: Այս կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը երեկ ողջունեց արտաքին սպառնալիքների պատճառով ներքին կայունությունը պահպանելու անհրաժեշտության մասին Լ.Տեր-Պետրոսյանի հայտարարությունը: «Դա շատ գովելի է առաջին նախագահի համար, որովհետեւ, ի վերջո, իր իշխանության տարիներին էր պատերազմը, եւ ինքն արտաքին սպառնալիքների դեմ պայքարում էր»,- ասաց պատգամավորը:
Նաեւ նման հայտարարություններն են հիմք դառնում, որ քաղաքական շրջանակներում կարծիք հնչի, թե ՀԱԿ-ը, այնուամենայնիվ, իշխանությունների հետ երկխոսության մեջ է: Ռ.Զոհրաբյանը գտնում է, թե որքան էլ քննադատեն, միջնորդավորված երկխոսությունն, այնուամենայնիվ, կայանում է: «Դա այն է, որ ուղղակի բանակցությունների սեղանի շուրջ չեն նստում, այլ զուտ մեր պահվածքով` ընդդիմությունը քայլեր է անում, իշխանությունները դրան ընդառաջ քայլեր են անում»,- բացատրում է ՀՀԿ փոխնախագահը:
Իսկ վերը նշված 3 պահանջների մասին էլ ասում է, թե Ազատության հրապարակում ընդդիմությունն արդեն հանրահավաքներ անում է: Այս փաստը Ռ.Զոհրաբյանը համարում է փոխզիջում այն իմաստով, որ ընդդիմությունը հանրահավաքից հետո չի գիշերում հրապարակում: Պատգամավորը չթաքցրեց, որ իշխանություններին մտահոգում է Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույցի հնարավորությունը: Նրա խոսքերով` դատապարտվածների ավելի քան 90 տոկոսին բաց են թողել, մյուսներին էլ բաց կթողնեն պայմանական վաղակետ ժամկետը լրանալուց հետո: Իսկ մարտի 1-ի սպանությունների բացահայտման պահանջի մասին էլ ասում է. «Ընդդիմությունն առաջարկում է միջազգային հանձնաժողով ստեղծել: Չեմ կարծում, որ մեզ դա պետք է, մեր հանձնաժողովները գլուխ կհանեն, հետաքննությունը շարունակվում է, թեեւ նախկինի պես հրապարակային չի: Կարծում եմ, որ արդյունքներ կլինեն, ի վերջո, չի կարող այդպես մնալ: Բայց մենք գիտենք, որ բաներ կան, որոնք ամբողջությամբ չեն բացահայտվում, օրինակ` «Հոկտեմբերի 27»-ի դեպքը»: