«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը երեկ հայտարարել է, որ ՀԱԿ-ի եւ իշխանությունների միջեւ որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերվել արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ, քանի որ այսօր արտահերթ ընտրությունների անցկացումը շահեկան է թե՛ ՀԱԿ-ի, թե՛ իշխանությունների համար: Ըստ Ռ. Հակոբյանի` ՀԱԿ-ի մարտի 17-ի հանրահավաքից հետո, երբ հայտարարվեց իշխանություն-ՀԱԿ գործարքի մասին, հասարակության աջակցությունը ՀԱԿ-ին գնալով նվազում է: «Եթե լինեն հերթական ընտրություններ` ՀԱԿ-ից կմնա միայն կամուֆլյաժը»,- ասել է Ռ.Հակոբյանը` հավելելով, թե արտահերթ ընտրությունների անցկացման հարցում միջնորդել են միջազգային կառույցները: «Այդ երկխոսությունը միջնորդավորված էր: Եթե հիշում եք, այդ օրերին ՀՀ-ում էր գտնվում Պրեսկոտը: Որոշակի պայմանավորվածություններ կան, որոնք հրապարակվեցին ՀԱԿ առաջնորդի կողմից, իսկ մի մասն էլ կարելի է ենթադրել: Երկխոսություն սկսելու համար ի սկզբանե նախապայմանները եղել են հետեւյալը` Ազատության հրապարակի, այսպես ասած, ազատագրում, քաղբանտարկյալների ազատարձակում եւ մարտի 1-ի հանցագործության բացահայտման համար իշխանությունների կողմից հավաստիացումներ, եւ այլն: Պետք է ասել, որ այս 3 նախապայմանները հիմնականում կա՛մ իրականացվել են, կա՛մ գտնվում են իրականացման փուլում: Ազատության հրապարակը, Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից առանց ամպագոռգոռ խոսքերի, արդեն ցույց տրվեց, որ կարելի է մտնել այնտեղ եւ ընդունել 20.000 քաղաքացիու, որոնք աջակցում էին, զորակցում էին հացադուլին: Ինչ վերաբերում է քաղբանտարկյալներին, ապա շատ հասկանալի է, որ արդեն ավարտում է քաղբանտարկյալներին ազատ արձակելու փուլը, մի քանի քաղբանտարկյալներ կան, որոնք, կարծում եմ` մոտ ապագայում ազատ կարձակվեն, եւ տա Աստված` ազատ արձակվեն, որովհետեւ այսօր, թերեւս, ամենաշահարկելի թեման ՀԱԿ-ի կողմից նախեւառաջ դա է»,- ասել է նա: Երրորդ հարցը, ըստ Ռ. Հակոբյանի` մարտի 1-ի բացահայտումն է, որը «մի քիչ ավելի լուրջ է»: «Ճիշտ է, իշխանությունները երբեք չեն հայտարարել, որ չեն բացահայտելու ամբողջությամբ մարտի 1-ի հանցագործությունները, բայց այստեղ ավելի գործնական քայլերի մասին է խոսքը, որ պետք է բացահայտվի: Ես էլ եմ կարծում, որ այդ պայմանավորվածությունը ինչ-որ չափով կիրականացվի»,- ասել է նա: Միաժամանակ նշել է. «Մի բան հստակ է` որ Լ. Տեր-Պետրոսյանը եւ Ս. Սարգսյանը, ըստ էության, ինչ-որ տեղ կշրջանցեն պատասխանատվությունից»: Անդրադառնալով ապրիլի 8-ի հանրահավաքում Լ. Տեր-Պետրոսյանի ելույթին, Ռ. Հակոբյանն ասել է. «Հայտարարվում է, որ պետք է պետության մեջ ցնցումներ չլինեն, որ ներքաղաքական լարվածությունից կարող է օգտվել Ադրբեջանը եւ հարձակում գործել ԼՂ-ի վրա, որ իշխանությունների հետ պետք չէ վերջնագրերի տեսքով խոսել… Հարց է առաջանում. երբ 2008թ. փետրվարին այդ ամբողջ տասնօրյակի ժամանակ, երբ ամբողջությամբ կազմալուծվել էր հանրապետության կենսագործունեությունը, երբ հստակ էր, որ ցանկացած շարունակության դեպքում բախումներ կլինեն, եւ Ադրբեջանը կարող է օգտվել այդ իրավիճակից, երբ տասնյակ-հազարավոր մարդկանց նախապատրաստում եւ հեղափոխական էներգիա էր փոխանցվում իշխանությունը վերցնելու համար, այդ ժամանակ Լ. Տեր-Պետրոսյանը չէ՞ր մտածում, չունե՞ր այդ մտահոգությունը: Կամ` այս դեպքում ո՞ւմ խղճին է նստած այդ 10 զոհի արյունը: Կարծում եմ, Լ. Տեր-Պետրոսյանը պետք է ներողություն խնդրի Արթուր Բաղդասարյանից այն պատճառով, որ այն, ինչ արեց Ա. Բաղդասարյանը, շատ հրապարակային, առանց թաքցնելու, առանց իր ընտրազանգվածից թաքուն պահելու, այն, ինչ անում էր եւ գնաց իշխանությունների հետ երկխոսության` Արթուր Բաղդասարյանը դարձավ «դավաճան», «ախք» անվանվեց, իսկ Լ. Տեր-Պետրոսյանը դա արեց երեք տարի հետո` 10 զոհից հետո, եւ այս ընթացքում, իր իսկ խոսքերով, բավական հստակ ՀՀ-ի վարկը միջազգային կառույցներում թուլացնելով եւ ըստ էության մշտական լարվածության մեջ պահելով ՀՀ քաղաքականությունը: Երբ հիշում եք` մի այսպիսի նշաձող էր դրված ՀԱԿ-ի եւ, բնականաբար, Լ.Տեր-Պետրոսյանի կողմից, թե ովքեր են դիտվում ընդդիմություն: Այն բոլոր ուժերը, ովքեր չեն ընդունում, որ այս պետությունը ավազակապետություն է, ասել է թե` պետության ղեկավարներն ավազակներ են, այն ուժերը, որոնք իշխանության մասին խոսելիս չեն ասում, որ նրանք տականքներ են, սրիկաներ են, մոնղոլ-թաթարներ են, եւ որ օր առաջ պետք է ազատվել այդ իշխանություններից` արտահերթ ընտրություններ, Ս. Սարգսյանի հրաժարական եւ այլն, այդ ուժերը կեղծ ընդդիմություն են, դհոլներ են, տարբեր նվագարաններ են, «ախք»-եր են եւ այլն: Սա այն նշաձողն էր, որը դրված էր ՀԱԿ-ի եւ Լ. Տեր-Պետրոսյանի կողմից եւ, ըստ էության, քաղաքական ահաբեկչության էր ենթարկում ամբողջ ընդդիմադիր դաշտը: Հիմա հանկարծ պարզվում է, որ հրապարակավ մեղադրվում են ուժեր, որոնք կարող է հանկարծ խոչընդոտեն կամ խանգարեն Լ. Տեր-Պետրոսյանի եւ Ս. Սարգսյանի երկխոսությանը: Բարոյական հարթության մասին չեմ ուզում խոսել, որովհետեւ վերջին շրջանում անընդհատ ապացուցվում է, որ բարոյականությունը քաղաքական կատեգորիա չէ, բայց զուտ քաղաքական հարթության վրա ի՞նչն է նպատակը, որ այս ընթացքում պառակտվում է ողջ ընդդիմադիր դաշտը: ՀԱԿ-ը` որպես կուսակցությունների համախումբ, քաղաքական դիտարկումներով գոյություն չունի: Կա եսակենտրոն մի կառույց, որն առաջնորդվում է ամբողջատիրական սկզբունքներով, այս թվերը միայն ֆոն են, որ ապացուցվի, որ համախումբ է, բայց կան թեկուզ ՀԱԿ-ից ինչ-որ տեղ մեկուսացված գործիչներ, օրինակ` Ալեքսանդր Արզումանյան, Կարապետ Ռուբինյան, որոնք ավելի շատ քաղաքական ներկայություն ու կշիռ ունեն նույն ընդդիմադիր դաշտում, քան ՀԱԿ-ի այդ կուսակցություններից երկու-երեքը` իրենց ղեկավարներով միասին վերցրած: Քաղաքական դաշտին փորձվում է պարտադրել ինչ-որ քանակ, որը պետք է ապահովի Տեր-Պետրոսյանի եսակենտրոն գործունեությունը»: Ի դեպ, նրա խոսքով` «այն թատերական ներկայացումը, թե իբր բանակցության արդյունքում իշխանությունները թույլ տվեցին մտնել Ազատության հրապարակ, նախապես գրված սցենար էր: Դա նույնիսկ Տեր-Պետրոսյանն անուղղակիորեն խոստովանեց, երբ խոստացավ ցուցարարներին` իր ելույթը կարդալ Ազատության հրապարակում»: