Ծաղիկների հետ աշխատող մարդն արդեն նկարիչ է: Իսկ եթե նկարիչն իր ստեղծագործությունների նյութ է դարձնում ծաղիկները, ապա նա նաեւ շատ ինքնատիպ արվեստ է ստեղծում: Մասնագիտությամբ ճարտարապետ Ալվինա Բարխուդարյանն իր նկարները կառուցում է չորացած ծաղկի թերթիկներից: Գունավոր ծաղկաթերթիկները շերտ առ շերտ ծածկում են գրաֆիկական մատիտանկարը:
Յուրաքանչյուր ծաղկի թերթիկը վրձնահարվածի է նման: Շատ հետաքրքիր է դիտել նկարչուհու աշխատանքային պրոցեսը: Ալվինան ծածկում է նկարը թերթիկներով, տեղավորում, համադրում, արագորեն կտրում թերթիկների ավելորդ մասերը, սոսնձում: Ծաղիկ, ածելի ու սոսինձ նա սկսել է օգտագործել դեռ 20 տարի առաջ: Նկարչական այդ տեխնիկան Ալվինան ընտրել է առանց որեւէ մեկի հուշելու: Դա ինքնաբուխ որոշում էր, որը նկարչական իմպրովիզացիաներից է ծնվել: Նրա նկարներին նայելիս, սկզբում չես էլ հասկանում, թե ինչպես է նման ռելիեֆային ու գունեղ պատկեր ստացվել, ցանկություն է առաջանում շոշափել նկարը: Շատ հաճախ նկարի վերջնական տեսքը նախնական մտահղացումից տարբեր է լինում: Պատկերային մտածողությունն ու սեփական տրամադրությունը թույլ չեն տալիս նկարչուհուն նախօրոք որոշված կոմպոզիցիա անել: «Կարեւորը նկարից ծնված տրամադրությունն է, միեւնույն է, ճշգրիտ նկար չի լինում,- ասում է Ալվինան: -Գույնն ինքն է հուշում իր ձեւը: Օրինակ, ալ կարմիր թերթիկին նայելիս, զգում ես, որ դրանից մի գեղեցիկ, հյութալի խնձոր դուրս կգա, իսկ կապույտ թերթիկից՝ տխուր ու միայնակ նավակ»:
Ալվինան նկարներ ստեղծելու համար ամեն ամառ ծաղիկների պաշարներ է հավաքում, ասելով. «Ինձ երբեք իմ հավաքած ծաղիկները չեն հերիքում»: Ծաղիկներ հավաքելու գործում նրան օգնում են եւ ընտանիքի անդամները, եւ ընկերները: Անհրաժեշտ գույնի ու չափի ծաղիկ գտնելու համար նա կարող է սարեր բարձրանալ կամ առանց թույլտվության ուրիշի պարտեզ մտնել: «Որքան մեծ է գույնի ընտրությունը, այնքան լավ եմ աշխատում եւ նկարն էլ հետաքրքիր է ստացվում: Մեկ-մեկ զգում եմ, որ ինչ-որ բան պակաս է, հեռանում եմ նկարից ու փորձում եմ թարմ հայացքով նայել»,- ասում է նա: Ալվինայի ռոմանտիկ բնավորությունն ու բարձր գեղագիտական ճաշակն անպայման փոխանցվում է դիտողին: Նրա նկարները ցուցադրված են տարբեր երկրների ցուցասրահներում եւ անձնական հավաքածուներում: Խստապահանջ Նյու Յորքի մի ցուցասրահ արդեն մի քանի տարի համագործակցում է նկարչուհու հետ եւ պարբերաբար նրանից նկարներ գնում: Նոյեմբերի 1-ին Ալվինայի նկարների նոր հավաքածուն ցուցադրվելու է «Արտ բրիջ» ակումբում: Նկարների թեման աշնանային ներկապնակն է: Կարեւորը աշնանային գույներն են, որոնք զգացվելու են եւ բնապատկերներում, եւ աշնանային բազմազան մրգերով նատյուրմորտներում, եւ երեւանյան փողոցներով անցնող մարդկանց տրամադրությունում: Ալվինայի նկարները շատ բարի եւ թեթեւ տրամադրություն են ստեղծում: Զգում ես, թե ինչպես անձրեւոտ փողոցով քայլող մարդիկ՝ թաքնվելով անձրեւանոցների տակ, իրենց հարմարավետ ու պաշտպանված են զգում: Իսկ երեխաները՝ գույնզգույն փուչիկները բռնած, գետի ափով են վազում եւ իրենց լիակատար երջանիկ էակներ համարում: