Ինչո՞ւ Հայաստանը լվացքի մեքենա չի արտադրում

12/04/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Մեր տնտեսական գործիչներից շատերը մի հետաքրքիր «խասյաթ» ունեն։

Սերժ Սարգսյանի հետ յուրաքանչյուր հանդիպումից հետո նրանք իրենք իրենց համար բացահայտումներ են անում եւ հետո սկսում են ամեն հարմար առիթի ժամանակ մեջբերել նախագահի խոսքերը։ Իրականում հակառակը պետք է լիներ. նրանք իրենք պետք է նոր գաղափարներ հուշեին մասնագիտությամբ ոչ տնտեսագետ նախագահին, սակայն, ինչպես ասում են՝ ունենք այն, ինչ ունենք։ Տնտեսական բլոկի պատասխանատուների ոգեւորության հերթական առիթը եղել է օրեր առաջ, երբ Ս. Սարգսյանը հանդիպում էր գործարարների հետ։ Ի՞նչ էր ասել Ս. Սարգսյանը, հիշեցնենք. «Ուզում եմ այստեղ բոլորիդ հայտարարել, որ ցանկացած արտադրություն, որը կհիմնվի հանրապետությունում եւ կլինի նորարարական բազայի վրա, առանց մասնագիտական տերմինների ասած, եթե կարտադրվի մի արտադրանք, որն այսօր մեր հանրապետությունում չի արտադրվում, մենք` որպես պետություն, պատրաստ ենք օգնելու միջոցներով, առաջին հերթին` պատրաստ ենք տալ հարկային արտոնություններ: Օրինակ, պատրաստ ենք 3-4 տարով ազատել շահութահարկից, հետաձգել ավելացված արժեքի հարկի վճարումը, պատրաստ ենք այլ օժանդակությունների»։ Ինչ խոսք, լավ նախաձեռնություն է։ Panorama.am-ը այս նախաձեռնության վերաբերյալ զրուցել է ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի հետ։ «Չափազանց կարեւոր է ՀՀ նախագահի հայտարարությունը գործարարների հետ հավաքի ժամանակ, որի էությունը կայանում է նրանում, որ եթե որեւէ տնտեսավարող սուբյեկտ ներկայացնում է մրցունակ արտադրանքի արտադրության ծրագիր, ապա, բացի գործող արտոնություններից, որն առկա է օրենսդրությամբ, այն է` ավելացված հարկերի մինչեւ երեք տարվա հետաձգումը, իշխանությունները պատրաստ են լրացուցիչ արտոնյալ պայմաններ ստեղծել, մասնավորապես շահութահարկի առումով»,- ասել է պատգամավորը՝ ավելացնելով, որ տնտեսավարողը հնարավորություն կունենա իր կայացման, ներդրումների իրականացման սկզբնական շրջանում, առավել մեղմ հարկային ռեժիմով գործելով` ոտքի կանգնել եւ մրցունակ արտադրանք արտադրել։ Սակայն ոգեւորվելու համար դեռ շուտ է։ ՀՀ-ում աշխատող ցանկացած գործարար գիտի, որ հիմնականում միջին օղակների պետական չինովնիկները ցանկացած լավ նախաձեռնություն կարող են այնպես «մխտռել», որ ավելի լավ է՝ ոչ մի նախաձեռնության վրա էլ հույս չդնել։ Օրինակ՝ նորարարական բիզնես հիմնել ցանկացող մեկը, որը վերեւների հետ կապեր չունի, ի՞նչ դժվարությունների ու արգելքների միջով պետք է անցնի, մինչեւ ապացուցի, որ իր արտադրանքից դեռ ՀՀ-ում չի արտադրվել, մինչեւ հասնի նրան, որ պետությունը նրան ազատի շահութահարկից։ Կամ՝ քանի՞ անգամ պետք է նյարդերը փչացնի Մաքսայինում, որպեսզի ապացուցի, որ իր ներկրած սարքավորումները վերաբերում են հենց նախագահի ասածներին։ Անգամ գոյություն ունեցող արտոնությունների մեծ մասը դեռ թղթի վրա է։ Օրինակ՝ փոքր բիզնեսի համար արտոնությունների մասին շատ է խոսվում, մասնավորապես՝ ԱԱՀ-ից ազատված լինելու մասով։ Սակայն, ըստ էության, փոքր բիզնեսն ազատված է ոչ թե ԱԱՀ-ից, այլ պարզապես ԱԱՀ-ի հաշվետվություն ներկայացնելուց։ Պարզաբանենք։ Նախ՝ դժվար է ենթադրել, որ փոքր բիզնեսը (տարեկան մինչեւ 58 միլիոն դրամ շրջանառություն ունեցող) կարող է զբաղվել արտադրությամբ։ Այս խմբի մեջ մտնում են առավելապես ծառայություններ մատուցողները (ասենք՝ վարսավիրանոցները) եւ առեւտրականները։ Դիտարկենք կոնկրետ առեւտրականներին։ Եթե նրանք վաճառվող ապրանքն իրենք են ներմուծում, ինչպես տոնավաճառների աշխատողները, ապա դեռ սահմանի վրա վճարում են ԱԱՀ-ն։ Հետո այդ վճարածը մտցնում են իրենց ծախսերի մեջ եւ վաճառում։ Պարզապես առանձին տողով չեն նշում, թե վաճառքի գնի մեջ որ մասն է ԱԱՀ-ն։ Իսկ եթե առեւտրականը փոքրիկ կրպակ է աշխատեցնում, ապա մեծածախ մատակարարներից ապրանք վերցնելիս նա նույնպես վճարում է ԱԱՀ-ն, հետո էլի մտցնում վաճառքի գնի մեջ։ Պարզ ասած, այդ արտոնության շուրջ բարձրացած աղմուկն ավելի շատ է, քան դրա տված իրական օգուտը։ Ինչ վերաբերում է պարզեցված հարկին փոխարինած պարզեցված շահութահարկին, որի ռեժիմում աշխատում է փոքր բիզնեսը, ապա այստեղ շատ դաժան մեխանիզմ է գործում. անգամ վնասով աշխատելու դեպքում փոքր բիզնեսը պարտավոր է որպես շահութահարկ վճարել նախորդ տարվա իր շրջանառության մեկ տոկոսը։ Ամեն դեպքում, հուսանք, որ վերը նշված արտոնությունների մեխանիզմը կաշխատի, կամ՝ թույլ կտան, որ աշխատի։ Սակայն այդ հանդիպման հետ կապված մեկ այլ, ոչ պակաս ուշագրավ հանգամանք էլ կա։ Պարզվում է՝ Սերժ Սարգսյանը վերը նշված հանդիպման ժամանակ ոչ միայն խոսել է պետական աջակցությունից, այլեւ՝ կոնկրետ առաջարկ է արել գործարարներին։ Այս մասին երեկ տեղեկացրել է Գ. Մինասյանը։ «Նախագահը մասնավորապես բարձրացրեց լվացքի մեքենաների ներմուծման ծավալների հարցը. տարեկան 65 հազար լվացքի մեքենա է ներմուծվում Հայաստան: Եթե հարեւան Թուրքիան իր մոտ ունի հայտնի բրենդների գործարաններ, ինչի՞ նույն կերպ չվարվի նաեւ Հայաստանը: Ապագայում այդ գործարանները կսպասարկեն ոչ միայն մեր ներքին շուկան, այլ նաեւ հարեւան երկրներինը: Կարծում եմ, որ սա շատ կարեւոր օրինակ է: Սա շատ հեռանկարային ճանապարհ է, ինչի կյանքի կոչմամբ կկարողանանք միանգամից մի քանի խնդիր լուծել: Առաջինը, դա աշխատատեղերի խնդիրն է, երկրորդը` մրցունակ աշխատավարձով կապահովենք մեր քաղաքացիներին, եւ ամենակարեւորը` ներմուծմանը կփոխարինի արտահանումը»,- ասել է պատգամավորը։ Իրոք, Հայաստան ամեն տարի ներմուծվում են տասնյակ-հազարավոր լվացքի մեքենաներ։ Մաքսային կոմիտեի պաշտոնական վիճակագրության համաձայն, 2009 թվականին ներմուծվել է 41 հազար հատ լվացքի մեքենա, 2010-ին՝ 69 հազար հատ։ 2010 թվականի ներմուծված լվացքի մեքենաների մաքսային արժեքը կազմել է շուրջ 10 միլիոն դոլար։ Այսինքն՝ նախորդ տարի միայն լվացքի մեքենաների համար մենք 10 միլիոն դոլարով նպաստել ենք օտարերկրյա արտադրողների բիզնեսի ծաղկմանը։ Իրոք՝ ինչո՞ւ տեղում չարտադրել. ոչ խելքով ենք զիջում, ոչ աշխատասիրությամբ։ Եվ ինչո՞ւ միայն լվացքի մեքենա։ Կարելի է արտադրել փոշեծծիչներ, սառնարաններ, կարի մեքենաներ եւ այլն, քանի որ դրանցից նույնպես տարեկան տասնյակ-հազարներով ներմուծում ունենք։ Իհարկե՝ այդ նպատակին հասնելու համար պետք է մի շարք խնդիրներ լուծել. հայթայթել համապատասխան գումարներ՝ արտադրություն հիմնելու համար, համաձայնություն ձեռք բերել համաշխարհային բրենդների հետ՝ նրանց բրենդն օգտագործելու համար, միջոցներ ծախսել՝ շուկան գրավելու, սպառողի վստահությունը հայկական արտադրության լվացքի մեքենաների նկատմամբ ձեւավորելու համար, եւ վերջապես՝ պատրաստել համապատասխան մասնագետներ, քանի որ ժամանակակից լվացքի մեքենաները անգամ օգտագործելու դեպքում են որոշակի գիտելիքներ պահանջում, էլ ուր մնաց՝ արտադրելու։ Լավ, ենթադրենք, այս խնդիրները լուծվեցին։ Կարտադրվե՞ն արդյոք լվացքի մեքենաներ։ Դժվար է հավատալ, որ, այո, քանի որ (որքան էլ զարմանալի հնչի), պետությանն այս պահին դա ձեռնտու չէ։

Ինչպես նշեցինք, միայն նախորդ տարվա ընթացքում ներմուծված լվացքի մեքենաների մաքսային արժեքը կազմել է 10 միլիոն դոլար։ Դա նշանակում է, որ միայն լվացքի մեքենաների ներմուծումից պետբյուջեն ստանում է 3 միլիոն դոլար՝ 2 միլիոն ԱԱՀ եւ 1 միլիոն` որպես մաքսատուրք։ Նույն բանը՝ մյուս բոլոր ապրանքների դեպքում։ Հիմա պատկերացնենք, որ Հայաստանն արտադրում է լվացքի մեքենաներ եւ հաջողությամբ փոխարինում է ներմուծումը։ Այդ դեպքում՝ պետությունը ոչ միայն կորցնում է ներմուծումից ստացվող գումարները, այլեւ՝ արտադրողներից էլ 3-4 տարի չի կարողանում հարկեր հավաքել, քանի որ նրանք օգտվում են հարկային արտոնություններից։

Պարզ է, որ իսկապես երկրի տնտեսության ապագայի մասին մտածող իշխանությունը կնախընտրի այսօր ավելի քիչ հարկեր հավաքել, փոխարենը՝ ապագայում ունենալ կայացած տնտեսություն՝ կայացած ընկերություններով եւ աշխատատեղերով։ Միգուցե մեր իշխանություններն էլ այս սցենարին դեմ չէին լինի, սակայն ներմուծման հարկերից հրաժարվելու շռայլություն այս պահին նրանք իրենց թույլ տալ չեն կարող։ Գներն աճում են, իսկ մարդկանց պետք է աշխատավարձ ու թոշակ վճարել, մարել միլիարդավոր դոլարների վարկերի տոկոսներն ու յոլա գնալ։ Այնպես որ, մոտ ապագայում մեր տանտիկինները դժվար թե բախտ ունենան լվացք անել հայկական մեքենաներով։