Ապրիլի 8-ին ԱՄՆ Պետական դեպարտամենտը հրապարակել է մարդու իրավունքների ամենամյա զեկույցը, որն արտացոլում է 2010 թվականի իրավիճակը: Ներկայացնելով զեկույցը, պետական քարտուղար Հիլարի Քլինթոնն ասել է, որ ԱՄՆ-ը միշտ աջակցելու է դեմոկրատիայի եւ մարդու իրավունքների համար պայքարողներին, անկախ նրանց բնակության վայրից: «Մենք կանգնելու ենք նրանց կողքին, ովքեր կիրառում են իրենց հիմնարար ազատությունները` խոսքի եւ հավաքների իրավունքը, ովքեր խաղաղ եղանակով են դա անում` անձամբ, կամ տպագիր, կամ ինտերնետի միջոցով»,- ասել է նա: Մարդու իրավունքների 2010թ. զեկույցի Հայաստանին վերաբերող ավելի քան 60 էջանոց բաժնում Պետդեպարտամենտը նշում է, որ ընտրությունների անցկացման, այդ թվում` 2010թ. հունվարին, ԱԺ թափուր տեղի համար քվեարկության ընթացքում, կրկնվող էական խախտումները սահմանափակել են խաղաղ ճանապարհով իրենց իշխանությունը փոխելու` քաղաքացիների իրավունքը: «Քաղաքացիական ղեկավարման ներքո գործող ուժային կառույցների որոշ ներկայացուցիչներ շարունակել են անպատիժ ոտնահարել մարդկանց իրավունքները»,- ասված է զեկույցում: «Տարվա ընթացքում բանակում ոչ մարտական պայմաններում գրանցվել են մահացության կասկածելի դեպքեր, շարունակվել է սպաների եւ շարքայինների կողմից ենթականերին եւ զինակիցներին անպատիժ հալածելու եւ նվաստացնելու գործելակերպը»: «Ոստիկանները ձերբակալությունների եւ հարցաքննությունների ընթացքում ծեծի են ենթարկել քաղաքացիներին: Իշխանությունները շարունակել են առանց արժանահավատ հիմնավորումների ձերբակալել քրեական հանցանքների մեջ կասկածվողներին եւ կալանքի տակ առնել ընդդիմության հետ առնչություն ունեցող կամ քաղաքական ակտիվություն դրսեւորողներին»,- ասված է զեկույցում: Նաեւ նշված է. «Դատական իշխանությունը մնում է գործադիր իշխանության քաղաքական ճնշման տակ, դատավորները գործում են համապատասխան դատական այնպիսի մշակույթի, ըստ որի` գրեթե բոլոր դեպքերում ամբաստանյալը մեղավոր է ճանաչվում»: Պետդեպարտամենտի զեկույցն արձանագրում է նաեւ. «2010-ին իշխանություններն ազատ են արձակել 2008թ. նախագահական ընտրությունների եւ ետընտրական իրադարձությունների գործերով դատական ընթացակարգի խախտումներով եւ ակնհայտ քաղաքական դրդապատճառներով դատապարտված 4 քաղաքացու: Այդ գործերով ազատազրկված եւս երկու քաղաքացի ազատ է արձակվել պատիժը մինչեւ վերջ կրելուց հետո: Դատապարտյալների մի խումբ էլ շարունակում է մնալ բանտերում»: Զեկույցում կա անդրադարձ մամուլին. «ԶԼՄ-ներից հատկապես հեռուստատեսության աշխատանքում է նկատվում բազմակարծության եւ անաչառ լուսաբանման սկզբունքների բացակայությունը»: Անդրադառնալով հավաքների ազատությանը` զեկույցը փաստում է. «Իշխանությունները շարունակել են մերժել որոշակի տեղերում հավաքներ անցկացնելու ընդդիմության դիմումները, երբեմն առաջարկելով այընտրանքային վայրեր, երբեմն էլ արգելելով քաղաքացիներին մասնակցել հավաքին»: Ի դեպ, Պետդեպարտամենտի գնահատմամբ, «ՀՀ իշխանություններն ու օրենքները սահմանափակել են կրոնի ազատությունը»: «Խնդիր է մնում կոռուպցիան, իշխանությունները սահմանափակ ջանքեր են գործադրում այն զսպելու համար»:
Ըստ զեկույցի, Հայաստանի կառավարությունը կամ պետության գործակալները քաղաքական սպանություններ չեն կատարել, սակայն 4 ոստիկան պատասխանատվության է կանչվել կասկածյալին բռնության միջոցով ինքնասպանության հասցնելու համար: Խոսքը Չարենցավանի ոստիկանության բաժանմունքում Վահան Խալաֆյանի մահվան դեպքի մասին է, որը սկզբում ներկայացվել է իբրեւ ինքնասպանություն, սակայն հետագայում Հատուկ քննչական ծառայությունը պարզել է, որ Ոստիկանության սպան խոստովանություն կորզելու նպատակով Խալաֆյանին կտտանքների է ենթարկել: Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հրապարակավ ներողություն է խնդրել Խալաֆյանին բռնությունների ենթարկելու վերաբերյալ իր նախնական ժխտողական մեկնաբանությունների համար: Սպա Աշոտ Հարությունյանը ձերբակալվել է, կանգնել է դատարանի առաջ եւ դատապարտվել 8 տարվա ազատազրկման: Բանակում տարվա ընթացքում տեղի ունեցած միջադեպերի թվում կա անդրադարձ հուլիսի 27-ին Տավուշի մարզում սպա Արտակ Նազարյանի մահվան դեպքին։ Պաշտոնական տեղեկությունների համաձայն, սպան ինքնասպանություն է գործել հալածանքների ենթարկվելու արդյունքում: Ա. Նազարյանի ազգականների համոզմամբ, նրան կամ պարտադրել են ինքնասպանություն գործել, կամ սպանել են: «2010թ. Հայաստանի բանակում ոչ մարտական պայմաններում սպանվել է 54 զինծառայող, որոնցից 11-ը թշնամու կրակից է զոհվել, 13-ը սպանվել է, 8-ը մահացել է հիվանդություններից, 6-ը զոհվել է ավտովթարներից, 5-ը պատահական է սպանվել, 4-ը զոհվել է զենքի հետ անզգույշ վարվելուց, 3-ը անձնասպան է եղել, 3-ին հասցրել են ինքնասպանության եւ 1-ը ֆիզիկական բռնության զոհ է դարձել»,- նշված է զեկույցում: «Որեւէ զարգացում չի գրանցվել 2008թ. ետընտրական բախումների ընթացքում 8 քաղաքացիների եւ 2 զինծառայողների մահվան հանգամանքների քննության խնդրում»: Զեկույցում ասվում է, որ 2010-ի հունվարի 19-ին «Հայկական Ժամանակ» ընդդիմադիր թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Նշվում է, որ ըստ մեծ թվով մեկնաբանների, այդ դատավարության հիմքում եղել են քաղաքական դրդապատճառներ: