Քաղաքացուն օրենքով «քցել» են

12/04/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Օրեր առաջ մեր թերթի խմբագրություն էր դիմել Գուրգեն Մախմուրյանը, ով արդեն 2 տարի է՝ դատական քաշքշուկների մեջ է: Նրա հետ տեղի ունեցած աբսուրդային պատմությունը եւս մեկ անգամ վկայում է մեր երկրում օրենքի դեմոնստրատիվ գոյության մասին:

Բանն այն է, որ 2009թ. մարտի 8-ին ավտոշուկայից Գ. Մախմուրյանը 8000 ԱՄՆ դոլարով գնել էր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա: Ավտոմեքենան նրան վաճառել էր Էդգար անունով ոմն քաղաքացի: Ավտոմեքենան գնելուց հետո գնորդ Մախմուրյանն այն օրինականացրել էր` դարձնելով իր անվամբ: Շուրջ 1,5 տարի մեքենան վարելուց հետո ՀՀ ոստիկանության Կենտրոն քննչական բաժանմունքից Գ. Մախմուրյանը հեռախոսազանգ է ստացել: «Նազարյան Ռուբիկն էր գործը քննում: Զանգեցին-կանչեցին: Գնացի, հետո հարցուփորձ արեցին, թե մեքենան ե՞րբ եմ գնել, ումի՞ց, ինչքանո՞վ: Հետո ասացին նաեւ, որ ինձ հետ կապ չունի էդ գործը: Իրենց ասելով` ինձ կանչել էին՝ իմանալու, թե իրականում էդ մեքենան ի՞նչ արժե»,- պատմում էր Գ. Մախմուրյանը: Նրա խոսքով` Ոստիկանությունում անցկացված «հարցուփորձն» արվել էր ավտոմեքենայի առաջին տիրոջը՝ Կարենին օգնելու նպատակով, ում ինչ-որ մեկը, ըստ նրա` խաբել էր: Խնդիրն այն է, որ Կարենի ավտոմեքենան, մինչ Գուրգենի գնելը, արդեն 6 անգամ վերավաճառվել էր: «Կարենի ասելով՝ ինքն ինչ-որ Վոլոդյայի էր վաճառել մեքենան, ով հետո լոմբարդում էր թողել այն, որից հետո այն վերավաճառել են: Այսինքն՝ մեքենայի առաջին ու վերջին տերերի միջեւ 5 հոգի մարդ կա: Վոլոդյային դատել են ու 5 տարով ազատազրկել, բայց ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ, ես ինչի՞ պիտի նրանց պարտքերը փակեմ»,- նշեց ավտոմեքենայի օրինական տերը, ումից Ոստիկանությունում ստորագրություն էին վերցրել՝ ավտոմեքենան վերջնական վաճառված լինելու մասին: Գուրգենը ստորագրել էր՝ առանց իմանալու, որ ամիսներ անց իրեն պատկանող գույքը խլելու էին իր ձեռքից: Ընդ որում՝ այդ ամենն արվել էր իբր օրենքով սահմանված կարգով: Նորք-Մարաշ ընդհանուր իրավասությունների դատարանում դատական գործ էր հարուցվել: Գուրգենի վստահեցմամբ՝ ինքը նույնիսկ դատական գործընթացի մասին տեղեկացվել է բավական ուշացումով: «Ես շատ ուշ իմացա: Կանչեցին` իբրեւ վկա, ու նույնիսկ ներս չթողեցին: Այսինքն՝ ես բողոքելու ոչ մի իրավունք չունեի: Ու ես չեմ հասկանում՝ ինձ որպես ինչի՞ վկա էին կանչել: Ինչքան Դուք եք հասկանում էս պատմությունից, էդքան էլ ես գիտեմ: Հետո ասացին, որ դատն իրականացվում է արագացված կարգով: Ինձ միայն դատավճռի մասին տեղյակ պահեցին, այն է` մեքենան հարկադիրից կգան-կվերցնեն: Բայց ես ի՞նչ կապ ունեմ իրանց հետ: Ինձնից առաջ 5 հոգի առել էին, ու եթե ինչ-որ խնդիր կար, էդ դեպքում ԳԱԻ-ն ինչի՞ օրինականացրեց»,- այս խառնաշփոթ իրավիճակը ներկայացնում էր ավտոմեքենայի փաստացի տերը: Վերջինս մինչ օրս «գլուխ» չի հանում այն իրավիճակից, որում հայտնվել է: «Էդ նույնն է, թե մի օր գան Ձեր տուն մտնեն ու ասեն՝ սա Ձեր տունը չի, դուրս եկեք»,- շարունակեց Գուրգենը, ով մինչ օրս դատավճռի բողոքարկման համար դատական տարբեր ատյաններ է դիմում: «Դիմեցի երկրորդ ատյանի դատարան, այնտեղ մերժեցին, երրորդ ատյանն ընդհանրապես չընդունեց վարույթ»,- ասում է ավտոմեքենայի սեփականատերը, ով դեռեւս ուշքի չի գալիս իր հետ կատարված անհասկանալի դեպքից հետո: Դատավճռի համաձայն՝ Գուրգենից խլել են իր սեփական գույքը՝ վերադարձնելով մեքենայի առաջին տիրոջը՝ Կարեն Խաչատրյանին, ով փաստացի այլեւս ավտոմեքենայի օրինական տերը չէր: Գ. Մախմուրյանի փոխանցմամբ՝ նման դատավճիռը զարմանք չի հարուցում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կ. Խաչատրյանը Ներքին գործերի աշխատակիցներից է, իսկ նրա քույրն աշխատում է Արդարադատության նախարարությունում: «Սա 21-րդ դարն է: Այս թվին պալկովնիկ խաբելն այդքան հեշտ բան չէ: Դեպքը կատարվել էր մոտ 3 տարի առաջ, ու ո՞նց կարող է ինչ-որ մեկը, այն էլ` մեր երկրում, Ոստիկանության պալկովնիկին խաբի: Նման բան գոյություն չունի: Ում էլ ասես՝ կծիծաղի դրա վրա»,- նշեց Գ. Մախմուրյանը: Նրա ասելով՝ իբր Կարենի նկատմամբ խարդախություն ցուցաբերած մարդը՝ Վոլոդյան, դատվել է, եւ առհասարակ որեւէ գույքի կամ ունեցվածքի տեր չէ, ավելին՝ նույնիսկ ՀՀ քաղաքացիություն չունի: «Շատ էլ հնարավոր է, որ իրենք իրար հետ գործ են անում, ու կարող է շուտով այդ մարդուն ազատեն: Գործը 1/3-ով կկարճեն, դուրս կհանեն,- նկատեց Գուրգենը՝ ավելացնելով,- Ես իմ երեխու բերանից կտրել-ավտո եմ առել, որ տանեմ նվեր տամ Կարենի՞ն, թե՞ Վոլոդյայի պարտքերը փակեմ»: Ընդ որում՝ ավտոմեքենայի գումարը Գուրգենը պարտքով էր վերցրել, եւ առայսօր այդ գումարի մի մասը չի վճարել: «Ո՞ւմ բողոքեմ, ասեք: Վճիռը բողոքարկեցի, բայց դրանից օգուտ չկա: Վճռաբեկն ընդհանրապես մերժեց, վարույթ չընդունեց, Վերաքննիչն էլ «հաստատել» է, որ ես սխալ եմ: Ու դատարանի վճիռը հաստատել են այն հիմնավորմամբ, որ ես ուղղակի այդ մեքենան պիտի չառնեի: Բայց ես որտեղի՞ց պիտի իմանայի, որ այդ մեքենան չի կարելի առնել: Ես հո գողություն չե՞մ արել: ԳԱԻ կա, Նոտար կա, որոնք հաստատել են իմ գնած ապրանքը»,- ասաց անելանելի վիճակում հայտնված ՀՀ քաղաքացին, ով մյուս մեքենա գնողների պես օրինականացրել էր՝ ստանալով տեխանձնագիր, համարանիշ: «Եթե այդ մեքենայի հետ խնդիրներ կային, ո՞վ կարող էր օրինականացնել: Տեխանձնագիր կամ համարանիշ ստանալն այդքան հե՞շտ է: Կամ` եթե խնդիրներ կային, ուրեմն՝ իրենք պիտի ժամանակին բողոքեին, Ոստիկանություն դիմեին, որ հետո այդ մեքենան չգար-հասներ ինձ: Այս իրավիճակից որեւէ մեկը գլուխ չի հանում: Անգամ դատավորներն են զարմանում, ասում, որ իրենք այսպիսի բան չեն տեսել: Չեմ կարող ասել՝ կամ լավ փողեր են ծախսել, որ այդ վճիռը կայացվել է, կամ էլ իրենց համազգեստին նայելով են վճիռը կայացրել: Ընդ որում՝ Կարենն ինձ հայցադիմումի պատասխան էր ուղարկել, որը տառ առ տառ, ստորակետ առ ստորակետ համընկնում է Վերաքննիչի դատավորի նույն այն վճռի հետ, որ կայացրել է: Ի՞նչ է նշանակում դա: Դա նշանակում է, որ իր ու դատավորի միջեւ ինչ-որ կապ է եղել»,- ասաց ավտոմեքենայի օրինական տերը, ով նամակով դիմել է ՀՀ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, բայց այդպես էլ որեւէ հստակ պատասխան չի ստացել՝ իրեն օրենքով «քցելու» մասին: Ու ստացվում է այնպես, որ մեր երկրում անգամ օրենքն է օրենքին «քցում»…