«ԱՄՆ Սահմանադրությունը՝ դա մարդու ազատությունն է»,- ասում է Սամուել Պոտոլիչիոն

12/04/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը «Կանանց իրավունքների պաշտպանության» թեմայով ծրագիր էր կազմակերպել ԱՄՆ-ում (Ամերիկյան «Բաց աշխարհ առաջնորդների կենտրոնի» հովանավորությամբ): Հայաստանից ընտրված պատվիրակների մեծ մասը հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ էին եւ մեկ լրագրող` «168 Ժամ» թերթից: Թեեւ ծրագրի նպատակը կանանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ ամերիկյան օրենսդրությանը, մեխանիզմներին, խնդիրներին եւ փորձին ծանոթացնելն էր, այդուհանդերձ, այն բավականին բազմաշերտ եւ տեղեկատվությամբ հագեցած ծրագիր էր: Մայրաքաղաք Վաշինգտոնում մեր պատվիրակությունը հանդիպեց Ջորջթաունի համալսարանի պայմանագրային դասախոս, Լենդոն Սքուլի ադմինիստրացիայի փոխտնօրեն Սամուել Պոտոլիչիոյին, ով հանգամանորեն ներկայացրեց ամերիկյան ֆեոդալիզմի գաղափարախոսությունը: Նշենք, որ «Բաց աշխարհ» ծրագիրը կազմակերպվում է բավականին հետաքրքիր ձեւաչափով եւ ընտրված բանախոսների դասախոսությունները կամ քննարկումները շատ հետաքրքիր էին: Յուրաքանչյուր բանախոսի ընտրությունը շատ դիպուկ էր, քանի որ մենք հնարավորություն ստացանք տեղեկատվական հսկայական բազա ձեռք բերել եւ զուգահեռներ անցկացնել Հայաստանի եւ ԱՄՆ-ի օրենսդրության, ընտրական մեխանիզմների, Սահմանադրության միջեւ եւ զուգահեռներ տանել կանանց հիմնահարցերի միջեւ: Ս. Պոտոլիչիոն իր խոսքը սկսեց հետեւյալ խոսքերով` «ԱՄՆ Սահմանադրությունը` դա մարդու ազատությունն է: Եթե դու ազատության գաղափարախոսության կրողը չես, ուրեմն` ամերիկացի չես: ԱՄՆ Կառավարության իմաստը մարդու ազատությունը պաշտպանելն է, եւ այնպես անել, որ ազատության պաշտպանության ճանապարհին որեւէ մեկի ազատությունը չսահմանափակվի: Մինչեւ 1920թ. կանայք իրավունք չունեին քվեարկելու, մինչդեռ ամերկյան կրեդոն տարիների ընթացքում ենթարկվեց փոփոխության եւ դարձավ օրենք: Մենք հպարտանում ենք մեր երկրով եւ հարգում ենք մեր օրենքները, դատական համակարգը, քանի որ մեր կառավարությունը հարգում է Ամերիկայի յուրաքանչյուր քաղաքացու անհատականությունը»: Երկարատեւ քննարկումներ ունեցանք «Բաց աշխարհ առաջնորդների կենտրոնի» գործադիր տնօրեն Ջոն Օգկիֆի, պաշտոնաթող դեսպան, Մերձավոր Արեւելքի եւ Հարավային Ասիայի «Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Մայքլ Քրեյգ Լեմմոնի եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Սակայն այդ հանդիպումները կոնֆիդենցիալ էին եւ լուսաբանման ենթակա չեն:

Այովա` գյուղատնտեսություն ու գյուղատնտեսության մեջ` մշակույթ

Վաշինգտոնից դեպի Այովա նահանգ ուղեւորությունը մեզ համար բացահայտումների ու հիացմունքների անվերջանալի մի ճանապարհ էր: Այովայի Դե Մոյն քաղաքում մեզ դիմավորեցին «Այովա քույր նահանգներ» կազմակերպության ներկայացուցիչները: Ծրագրի կազմակերպիչները հյուրընկալության բավականին հետաքրքիր մոդել էին կիրառել: Հայաստանի յուրաքանչյուր երկու պատվիրակ բնակեցվեց Այովայում բնակվող ընտանիքներում: Ութ օր ապրելով Այովայի ընտանիքներում` մենք դարձանք այդ ընտանիքների մշակույթի, կենսաձեւի, մտածելակերպի կրողը: Դե Մոյնը գտնվում է Այովայի կենտրոնում եւ քաղաքական, տնտեսական, մշակութային հզոր ներուժ ունի: Թեեւ Այովան համարվում է գյուղատնտեսական նահանգ, այդուհանդերձ, տեղի բնակչությունը մեծ հետաքրքրություն ունի` բարձրարժեք արվեստին, հոգեւոր արժեքներին եւ տարբեր ազգերի մշակույթներին ծանոթանալու առումով: Միայն Դե Մոյն մետրոպոլիան ունի մոտ 500.000 բնակչություն, եւ քաղաքը համարվում է ապահովագրության, ֆինանսական, տպագրության, մանրածախ եւ մեծածախ առեւտրի կենտրոն: Այովան ունի 77 շրջան եւ հայտնի է որպես եգիպտացորենի նահանգ: ԱՄՆ Գյուղատնտեսության նախարարության «Տնտեսական հետազոտությունների ծառայության զեկույցի համաձայն` 2006թ. Այովայում 88.600 ֆերմաներ են եղել, որոնց միջոցով Այովայի տնտեսության կենսական ճյուղը դարձել է գյուղատնտեսական բիզնեսը: Նշենք նաեւ, որ այս նահանգն ամենաշատ փախստականներ բնակեցնողն է ԱՄՆ-ում: Ի դեպ, Այովայի Բուսաբանական եւ Կենդանաբանական այգիներն իսկական արվեստի գլուխգործոցներ են, քանի որ տեղի բնակչությունը բնությունը դարձրել է արվեստ: Դե Մոյնը բազմաթիվ մշակութային գրավչություններ ունի` Արվեստի, Գիտության կենտրոնները, պատմական կառույցները, «Մետրո օպերան», Սիմֆոնիկ նվագախումբը, Դե Մոյնի դրամատիկական թատրոնը, Նահանգային պատմության շենքը եւ այլն, որոնց ծանոթանալու համար Այովան միլիոնավոր զբոսաշրջիկներ է ընդունում: Ի դեպ, ամեն տարվա հուլիս ամսին 10.000 հեծանվորդներ ամբողջ աշխարհից ժամանում են Այովա` ամենամյա հեծանվավազքին մասնակցելու համար: Մեկ շաբաթ տեւողությամբ հեծանվավազքը սկսվում է Միսսուրի գետի ափից եւ վերջանում Միսիսիպի գետի մոտ: Այովայի բնակչության համար այս միջոցառումը, թերեւս, ամենամեծ իրադարձություններից մեկն է:

Բարբ եւ Ֆրեդ Հոֆֆերբերներ

Մեզ հյուրընկալող ընտանիքներից Բարբ եւ Ֆրեդ Հոֆֆերբերների հետ ապրելը չափազանց տպավորիչ ու անմոռանալի էր: 65-ամյա Ֆրեդը թոշակառու է, ով ողջ կյանքում վաստակած եկամուտները կուտակային համակարգում ներդնելով` ներկայումս վայելում է կյանքի գրավչությունները: Սիրում է ձկնորսություն, ճանապարհորդություն, ինչպես նաեւ` ռոքընռոլ երաժշտության մոլի սիրահար է: Ֆրեդը ռոքընռոլի անզուգական հավաքածու ունի, որը պատրաստ է ներկայացնել յուրաքանչյուր ռոք սիրողի: Նա տիրապետում է աշխարհի լավագույն երաժիշտների, խմբերի պատմություններին ու տվյալներին եւ անգամ 65 տարեկան հասակում չի դադարում նոր անուններ, խմբեր «պեղել»: Նրա կինը` Բարբը, աննկարագրելի լավ մայր ու տանտիկին է: Ամուսինները միմյանց հետ շփվելու արտառոց կուլտուրա ունեն: Օրինակ` Բարբը կարող է ամուսնուն խնդրել կենցաղային ինչ-որ հարցում օգնել իրեն, այնուհետեւ քնքշորեն սեղմելով ամուսնու ձեռքն` անվերջ կրկնել. «Ինչ բախտավոր եմ ես, որ դու իմ ամուսինն ես: Ես հպարտանում եմ քեզնով»: 40 տարուց ավելի նրանք միասին են եւ չեն դադարում իրար շնորհակալ լինել, որ միմյանց գտել են: 63 տարեկան Բարբը մասնագիտությամբ բուժքույր է, ու տեսնել է պետք, թե ինչ հոգատարությամբ եւ սրտացավությամբ է վերաբերվում իր հիվանդներին: «Ես ու Ֆրեդը մեծ հետաքրքրություն ունեինք տարբեր ազգերի մշակույթներն ուսումնասիրելու նկատմամբ: Մեզ համար շատ հետաքրքիր են, մասնավորապես, հնագույն ժողովուրդները: Մշտապես ճանապարհներ էինք որոնում այլ ժողովուրդների պատմություններին ծանոթանալու համար: Տարիներ առաջ մեր որդին` Քոլինը, տուն եկավ եւ մեզ ասաց, որ մի աղջիկ է եկել Այովա եւ ապրելու տեղ չունի: Որոշեցինք հրավիրել մեր տուն: Դա մեզ համար այնքան հետաքրքիր էր, որ օտարազգի հյուրեր ընդունելը դարձավ մեր կենսակերպը»,- ասում է Բարբը` հավելելով, որ 1996-ից մինչեւ այսօր 150-ից ավելի այլազգի քաղաքացիներ են ընդունել իրենց տուն: Նշենք նաեւ, որ այս ամուսինները տարբեր հեղինակավոր կազմակերպությունների կողմից մրցանակներ եւ շնորհակալագրեր են ստացել` լավագույն հյուրընկալող ընտանիք անվանակարգում: Ամենահետաքրքիրն այն էր, որ մեզ դիմավորելուց եւ ծանոթանալուց հետո նրանք հայտարարեցին` Ամերիկայում մենք կլինենք ձեր մայրիկն ու հայրիկը: «Մինչեւ ձեր ժամանումը մենք փորձեցինք ինտերնետի միջոցով Հայաստանի մասին տեղեկություններ հավաքել: Իսկ ինչո՞ւ եք դուք համարվում պատերազմական երկիր, ի՞նչ խնդիր ունեք Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ»,- հարցնում էին նրանք եւ մեծ հետաքրքրությամբ լսում Հայաստանի մասին ցանկացած տեղեկություն: Ի դեպ, նրանք մեծ հաճույքով լսում էին հայկական ազգային երաժշտություն, հետաքրքրվում հայկական խոհանոցով եւ առհասարակ` հայ մարդու ինքնությամբ: «Բաց աշխարհ» ծրագրի առանձնահատկություններից մեկը հայ պատվիրակներին Այովայի ընտանիքներում բնակեցնելն էր, քանի որ ութ օր ապրելով նրանց տներում` մենք դարձանք նրանց մշակույթի կրողը, իսկ նրանք` մերը: Բարբն ու Ֆրեդը պատրաստ էին ժամեր շարունակ հետաքրքրությամբ լսել Հայաստանի մասին յուրաքանչյուր տեղեկություն: «Հասկանո՞ւմ եք, մեր կառավարությունները, քաղաքականությունները շատ տարբեր են, բայց մարդիկ նույնն են: Մենք եւ դուք միմյանց շատ նման ենք, եւ Ձեզ սիրում ենք, ջերմ ենք վերաբերվում»,- ասում է Ֆրեդը: Ամենազարմանալին, թերեւս, Այովայի շարքային քաղաքացու` իր նահանգի ղեկավարության, օրենքների, կառավարության հանդեպ վերաբերմունքն էր: Նրանք տեղի Ոստիկանությանը համարում են իրենց պաշտպանը եւ վստահ են, որ Ոստիկանության գործողությունները միանգամայն ազնիվ եւ արդար են: Ի դեպ, մեզ հյուրընկալող ընտանիքները պատրաստ էին ցանկացած պահի մեզ ուղեկցել առեւտրի կենտրոններ, եւ ամենահետաքրքիրը ընտանիքներից մեկի տանտիկնոջ դիտարկումն էր` «Ինչո՞ւ չէ, մեծ սիրով, չէ՞ որ դուք հարստացնում եք մեր տնտեսությունը»: Բարբը մեծ հպարտությամբ մեզ պատմեց. «Վերջին պտտահողմի ժամանակ Այովայի ողջ նահանգի ջրատար հսկայական խողովակաշարն ավերվել էր: Նահանգային իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին, որ նահանգը 25 օր ջրից կզրկվի, քանի որ խողովակաշարը վերականգնելը շատ բարդ է եւ երկարատեւ, հսկայական աշխատանք է պահանջում: Չնայած բնակչության տագնապին, այդուհանդերձ, նույն գիշեր Այովայի բոլոր գարեջուր, հյութ կամ այլ հեղուկ արտադրող ընկերությունները դադարեցրին իրենց արտադրական գործողությունները եւ փոխարենը` սկսեցին ջուր արտադրել: Այդ ընկերությունները կարողանում էին ապահովել ողջ բնակչության ջրի պահանջարկը: Պետք է հպարտությամբ նշեմ, որ թեեւ նահանգային իշխանությունը զգուշացրեց, որ խողովակաշարի համար 20-ից ավելի օրեր կպահանջվեն, այդուհանդերձ, այն երկու օրվա մեջ լիովին վերակառուցվեց»: Ի դեպ, այս նահանգի բնակչության տները հետաքրքիր կառուցվածք ունեն, քանի որ այս տեղանքը համարվում է բարդ կլիմայական գոտի` պտտահողմեր շատ են լինում: Նման երեւույթներից ապահովագրվելու համար նրանք իրենց տան նկուղներում կրկին տուն են կառուցում: Այլ կերպ ասած` փոթորիկների, պտտահողմերի դեպքում ժամանակավոր հանգրվանում են նկուղային տանը: ԱՄՆ-ում Այովայի բնակչությունը նաեւ համարվում է հոգեւոր բարձր արժեքներ կրող ժողովուրդ: Օրինակ` Բիլլ Բրոքը մեզ պատմեց, որ իրենց կենսակերպի առանձնահատկությունը բարեգործությունն է: Այովայի շարքային բնակիչը պատրաստակամ է հանգանակություն կատարել օգնության կարիք ունեցող որեւէ մարդու, կենտրոնի կամ նույնիսկ երկրի համար: Ճապոնիայի վերջին ցավալի դեպքերին արձագանքել է նաեւ Այովայի բնակչությունը, որը միահամուռ կերպով նվիրատվություն կատարելով` մեծ գումար է հավաքագրել եւ փոխանցել աղետի գոտի: Ինչեւէ, Բարբի, Ֆրեդի եւ այլ ընտանիքների մասին անվերջ կարելի է գրել, քանի որ նրանք ութ օր մեզ անմոռանալի օրեր պարգեւեցին: Մենք թերթի առաջիկա համարներում կներկայացնենք «Բաց աշխարհ» ծրագրի «Այովա քույր նահանգներ» կազմակերպության կողմից տրամադրված նյութերն ու հանդիպումների մանրամասները, որոնց փորձը, կարծում ենք, անհրաժեշտ է նաեւ Հայաստանում նույն խնդիրներով զբաղվող կազմակերպություններին: