Գլամուրային բոքս՝ «Եվրատեսիլի» համար

12/04/2011 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Մեր իրականության մեջ ընդունված է որոշ մարդկանց ոչ պաշտոնական, բայց պատվաբեր վիրտուալ կոչումներով օժտել: Օրինակ ասում ենք` ունենք «հայ երգի դեսպաններ», կամ էլ` «հայ երգը լավագույնս արտասահմանում պրոպագանդողներ»:

Նման շռայլ բնութագրում-կոչումները, որոնք հիմնականում տրվում են փոփ-դաշտի ներկայացուցիչներին, թույլ են տալիս մտորել այն երեւույթի շուրջ, որը կոչվում է մշակութային դիվանագիտություն: Չէ՞ որ այն ամենը, ինչը ստեղծվում է արվեստում եւ արտահանվում է այլ երկիր, ուղղակիորեն առնչվում է մեր հանրապետության (եւ մեր) դիմանկարի հետ: Շատերս նկատած կլինենք, որ երբ որեւէ երկրում գտնվելով (ասենք` Նորվեգիայում կամ Նիդեռլանդներում), փորձում ենք բացատրել, թե մենք որտեղի՞ց ենք եւ ի՞նչ է, վերջիվերջո, Հայաստանը, ստիպված ենք լինում, օրինակ, Շառլ Ազնավուրի կամ Սերգեյ Փարաջանովի անունը տալով` մեր ինքնությունը եւ մոլորակի վրա մեր ուրույն հասցեն վերագտնել: Այլապես` հնարավոր չէ բացատրել, թե ի՞նչ է Հայաստանը:

Մենք նույնացնում ենք մեզ գույնի, պատկերի, հնչյունի հետ: Եվ հետո էլ այդ մեր ուղերձն աշխարհ ենք ուղարկում` տարբեր մրցույթների, փառատոների, ստուգատեսների միջոցով: Ուզենք թե չուզենք, «Եվրատեսիլը» նույնպես մշակութային դիվանագիտության մեջ իր ուրույն տեղն է զբաղեցնում, հատկապես Հայաստանում: Չէ՞ որ «արվեստ» ասելով` մենք հիմնականում փոփ-երգն ենք մտաբերում: Եվ հիմա էլ մենք «Եվրատեսիլ» ենք ուղարկում նոր «դեսպանի», որը պետք է սեքսապիլ շարժումներով իմաստ հաղորդի պարզունակ «Բում-բում» երգին: Ի դեպ` իմաստը կարող էր (խելացի աշխատանքի դեպքում) շատ ավելի խորը լինել, քան երգն է: Մանավանդ, որ դրա նախադրյալները կային: Որպես երգի եւ կատարողի «PR» ակցիա` տեսահոլովակի հերոս էր դարձել մեր հայտնի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, ինչն էլ լայն դաշտ էր բացում երեւակայության համար: Ասենք` կարելի էր ամենօրյա աշխատանքի` քրտինքի ու մարզումների շնորհիվ հաջողության հասած անհատների հանդիպումը նախանշել: Կամ էլ` խաղարկել կարիերայի ծարավ սկսնակ երգչուհու եւ փառքի հասած չեմպիոնի սյուժեն: Վերջիվերջո, կա նաեւ գեղեցկուհու եւ հրեշի մասին պատմող անմար հեքիաթը (թեեւ այս դուետի պարագայում` դժվար է ասել` ո՞վ է գեղեցկուհին եւ ո՞վ` հրեշը), բայց ամեն դեպքում` պետք էր առնվազն ցանկանալ որեւէ բան ասել տեսահոլովակով, մանավանդ, որ երգը շատ թույլ է եւ չի կարող համարվել ինքնաբավ ստեղծագործություն:

Սակայն վերջերս ցուցադրված «Բում-բում» տեսահոլովակը, որը մեր ներկայացուցչի այցեքարտն է, իրականում ոչնչի մասին է` արված հնամաշ ու բազմիցս օգտագործված հնարքներով: Պատկերի ողջ անտուրաժը` բյուրեղապակյա վարագույրները (որոնք նաեւ Սպիտակցի Հայկոյի կլիպի մեջ էին շողշողում), գլամուրային բոքսի ձեռնոցները (որոնք, չգիտես` ինչո՞ւ, հայտնվում են արհեստականորեն ժպտացող ու միաժամանակ հարվածել փորձող երգչուհու ձեռքերին), փաստում են միայն մեկ բանի մասին. մենք, ինչպես միշտ, փորձել ենք «ավանդական» ճանապարհով գնալ եւ ցուցադրել փայլը, որպեսզի դուր գանք Եվրոպային (չգիտես` ինչո՞ւ, ընդունված է համարել, որ Եվրոպան գլամուրի մեջ թաղված մի վայր է): Ոչինչ, որ ինքներս մեզ դուր չենք գալիս, կարեւորն այստեղ միջազգային գլամուրի չափանիշներն են, որոնք մենք սկզբից ներմուծել ենք, իսկ հիմա արտահանում ենք` միացնելով դրանք մեր հարազատ «ռաբիսին»:

Տեսահոլովակի պատկերային շարքն այնքան «մերկ» է (եւ թերեւս հենց այդ պատճառով էլ` լցվել է անհիմն ու ռիթմից դուրս «միջազգային աղբով»), որ անգամ Արթուր Աբրահամի կերպարն է դիտողին խորթ թվում: Իհարկե, «Եվրատեսիլն» ու հատկապես մեր ընտրած երգը լուրջ վերլուծության ենթակա չեն, սակայն դրանք են ստեղծում այն օրինաչափությունները, որով ուղղորդվում ենք: Եվ դրանց համաձայն էլ` ֆիլմեր ենք նկարահանում, ցուցահանդեսներ ենք կազմակերպում (կանանց տոներին նվիրված ցուցահանդեսների շարանը հենց այդ «ռաբիս-գլամուրի» շարքից է), անգամ` դպրոցներում եւ մանկապարտեզներում ենք հանդեսներ անցկացնում` հիմնվելով պարզունակ կլիշեների վրա:

Բում-բում: Ո՞վ կա դռան ետեւում: Հայաստանի հերթական «դեսպանը»: Իսկ ի՞նչ է Հայաստանը: Հայաստանը վարդագույն ձեռնոցներով է, որոնք սոսկ ատրիբուտ են, բայց Սվարովսկու ապակիներով: