Դերասանը ծաղրել է Էրդողանի աղջկան

12/04/2011

Անկարայի Մեծ թատրոնի տնօրինությունը ներքին ծառայողական հետաքննություն է սկսել «Երիտասարդ օսման» ներկայացման ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետ կապված, երբ Թուրքիայի վարչապետի աղջիկը լքել էր դահլիճը: Թուրքական «Beyazgazete»-ի փոխանցմամբ` Անկարայի Մեծ թատրոնում բեմադրված «Երիտասարդ օսման» ներկայացման ժամանակ առջեւի շարքում գլխաշորով նստած է եղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի աղջիկը` Սումեյե Էրդողանը: Ներկայացման ժամանակ դերասաններից մեկը վիրավորական տոնով աչքով է արել Էրդողանի աղջկան եւ ձեռքի շարժումով հարցրել. «Դու այստեղ ի՞նչ ես անում»: Էրդողանի աղջիկն իրեն ուղեկցողների հետ արագ լքել է դահլիճը: Իսկ մեկ այլ հանդիսատես չի դիմացել եւ բարձրաձայն դիմել է դերասանին` ասելով. «Անշնորհքություն մի արա»: Սումեյե Էրդողանը գրավոր բողոքով դիմել է Մշակույթի եւ տուրիզմի նախարարություն, իսկ թատրոնի տնօրինությունը ներքին ծառայողական հետաքննություն է սկսել: