«Նոր ալիքն»` առանց Հայաստանի

12/04/2011

Հայտնի է դարձել, որ ամռանը Յուրմալա քաղաքում անցկացվող «Նոր ալիք» երգի մրցույթում Հայաստանը ներկայացված չի լինելու: Թեեւ մրցույթի նախընտրական փուլում միանգամից 7 մասնակիցներ Մոսկվա մեկնելու եւ արդեն այնտեղ վերջնական ընտրական ցանցով անցնելու հնարավորություն էին ստացել, սակայն մեր բոլոր մասնակիցների թեկնածությունները մերժվել են: Բոլորն էլ ընդամենը մի քանի տող են հասցրել կատարել իրենց երգերից, որոնք ընդհատվել են ժյուրիի որոշմամբ: Իսկ մասնակիցներից մեկին, ով պատրաստվում էր հանդես գալ բլյուզային կոմպոզիցիայով, ժյուրին պարտադրել է դիսկո ոճի երգ կատարել: Եվ երբ նա հրաժարվել է, իրեն ասել են` ց`տեսություն: Հարկ է նշել, որ մասնակիցները Մոսկվա էին մեկնել իրենց հաշվին (ինչը բավականին բարդ է անհատ կատարողների համար), սակայն այդպես էլ չեն կարողացել Յուրմալա մեկնելու այցեքարտ ստանալ: Ոչ ոք չի կարող վստահ ասել, թե ո՞րն է այդ տապալման պատճառը, քանի որ, ինչպես հայտնի է, մասնակիցների շարքում կային, իրոք, լավ վոկալիստներ: Միգուցե անցյալ տարվա հաղթանակը (երբ երգչուհի Սոնա Շահգելդյանը առաջին տեղն էր գրավել) դրդել է «Նոր ալիքի» կազմակերպիչներին` ավելի խիստ լինել հայաստանցի երգիչների հետ: Ի դեպ, մեր մասնակիցներից մեկը` Էրիկ Կարապետյանը, ով Վրաստանի քաղաքացի է, դեռ չի հասցրել մոսկովյան ընտրական փուլին մասնակցել, քանի որ պետք է Ռուսաստան մուտքի վիզա ստանա Թբիլիսիից: Նա «Նոր ալիքին» մասնակցելու շանսեր դեռ ունի: Սակայն այդ շանսը շատ փոքր է: