Բուժիչ նամակներ

12/04/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Ծնեբեկի բուժիչ ընձյուղը

Հայերեն տարանուններն են` մալաժոր, ծնեփակ, մարանճու։ Բույսի անվանումը հունարենից թարգմանաբար նշանակում է` ընձյուղ։ Ծնեբեկի բուժիչ հատկությունների մասին գրել է Կլավդիուս Գալենը (131-210թթ.)։ Միջնադարյան խոհարարական «De Cocuinaria» գրքերում նկարագրված են ծնեբեկի ընձյուղներով պատրաստված ուտեստներ։ Ավիցենան նկարագրել է ծնեբեկի բուժիչ հատկությունները, պահպանվել են նրա առաջարկած դեղատոմսերը։

Սննդի մեջ օգտագործվում են 15-20 սմ երկարության ընձյուղները։ Բույսը ունի կարճ, հաստ արմատ։ Ծաղկում է հունիսին, ծաղիկները մանր են, ոսկեդեղնավուն, երկար կոթունով, մեկական, իսկ պտուղը մանր նարնջակարմրավուն, գնդաձեւ հատապտուղ է։

Հայաստանում հանդիպում են ծնեբեկի վայրի աճող տեսակներ։ Խորհրդային շրջանում մշակվում է թվով 6 տեսակ։ Բույսը ցրտադիմացկուն է, արմատները դիմանում են 30 աստիճան ցրտին։ Սակայն վաղ գարնանային ընձյուղները եւ սերմերից աճեցրած բույսերը ցրտահարվում են։ Բուժական նպատակներով հավաքում են կոճղարմատը` արմատի հետ միասին, ասեղնաձեւ տերեւներով ճյուղիկները, պտուղը եւ մատղաշ ընձյուղները։ Խոտաբույսը հավաքում են ծաղկման շրջանում, փռում բարակ շերտով արեւից պաշտպանված տեղում։ Կոճղարմատը հանում են աշնանը, մաքրում հողից, արագ լվանում սառը ջրով, կտրատում, մի քանի օր պահում շվաքում եւ չորացնում ջեռոցում 40-45 ջերմաստիճանում։ Արմատներում պարունակվում են սապոնիններ, եթերային յուղ, ածխաջրածին, ոչ մեծ քանակությամբ կարոտինային նյութեր։ Տերեւածոցից դուրս եկող բարակ կանաչավուն ճյուղերը (որոնք տերեւի ֆունկցիա են կատարում) պարունակում են գլյուկոզիդ, սապոնին, օրգանական թթուներ։

Շատ երկրներում ծնեբեկը պաշտոնապես ճանաչված է որպես դեղաբույս։ Այն կիրառվում է նաեւ հոմեոպաթիայում։ Ծնեբեկը հարուստ է օգտակար նյութերով, 100 գրամի մեջ պարունակվում է 2 գրամ սպիտակուց, 2 գ բջջանյութ, 4 գ ածխաջրեր, 0,1 գ ճարպ, 1,9 գ շաքար։

Ջերմային մշակման ժամանակ ծնեբեկի մեջ պարունակվող օգտակար նյութերը պահպանվում են։ Ծնեբեկի ընձյուղի կանաչ վերնամասը պարունակում է 0,5 գ ենթավիտամին A 100 գրամի մեջ, հարուստ է ֆոլիաթթվով` 52-120 մկգ, պարունակում է վիտամիններ B1 -0,14 մգ, B2-0,14 մգ, B5-0,25 մգ, B6-0,09 մգ, E-2,5 մգ, C-24 մգ, K, PP-1 մգ, քոլին, նաեւ ֆլավոններ, քլորոֆիլ, ասպարագին։

Ծնեբեկի ընձյուղը պարունակում է կալիում 200 մգ, ֆոսֆոր 50 մգ, կալցիում 10 մգ, մագնիում 15 մգ, երկաթ 2,1 մգ, ցինկ 0,54 մգ, մարգանեց 0,16 մգ, պղինձ 0,2 մգ, սելեն 11 մկգ, քրոմ, այլ արժեքավոր նյութեր։ Պտուղները պարունակում են շաքար, կարոտինանյութ, ալկալոիդների հետքեր, օրգանական թթուներ։ Ծնեբեկի պատրաստուկներն օգտակար են սրտանոթային համակարգի հիվանդությունների հետեւանքով առաջացած այտուցների եւ ջրգողության դեպքում։ Օգնում են հոդացավի, հոդատապի, շաքարային դիաբետի, վահանաձեւ գեղձի հիվանդությունների դեպքում։ Կոճղարմատների եւ արմատի համատեղ եփուկն ավելացնում է կերակրող մայրերի կաթը, օգնում է սրտի նեւրոզի դեպքում։ Թրջոցների ձեւով կիրառվում է մաշկային հիվանդությունների ժամանակ։

Դեղատոմսեր ծնեբեկով

Թութքի դեպքում. Թուրմ-ծնեբեկի 5 հատ պտուղը 10 ժամ թրմեք ջերմապահում 200 մլ եռջրի մեջ։ Խմեք մեկական ճ/գ, օրը 3-4 անգամ։

Ավիցենայի դեղատոմսը` տղամարդկային կարողությունը ուժեղացնելու համար. Վերցրեք 5-ական մաս ծնեբեկի պտուղ, վայրի գազարի սերմ, կոճապղպեղի արմատ, 3 մաս կոտեմ դաշտային (Lepidium campestre), երկուական մաս բողկի, երեքնուկի, եղինջի, հացենու սերմ, 3 մաս տապակած սոխ, 5 մաս բնական մեղր։ Բոլոր սերմերը մանրացրեք հավանգով, այս բոլորին (բացի մեղրից) ավելացրեք 20 մաս եռացող խաղողահյութ, թրմեք 30 րոպե, խառնեք մեղրը, խմեք կես բաժակ։ Ժամկետը` 3 օր։

Եփուկ

Շագանակագեղձի, միզապարկի բորբոքման, լեղապարկի եւ երիկամների քարերի, նաեւ` այտուցների դեպքում. 1ճ/գ կոճղարմատներն եւ արմատները մանրացրեք, եփեք 200 մլ ջրով ջրային բաղնիքի վրա 30 րոպե։ Քամեք թանզիֆով, վերականգնեք նախնական ծավալը եռացրած ջրով։ Բաժանեք 3 մասի, խմեք սնունդ ընդունելուց առաջ։

Շաքարային դիաբետի դեպքում. 1ճ/գ մանրացրած կոճղարմատը 200 մլ եռջրով թրմեք 2 ժամ ջերմապահի մեջ։ Քամեք։ Խմեք 1-2 ճ/գ թուրմ` օրը 3 անգամ, մինչեւ սնվելը։

Էկզեմայի դեպքում. 20 գրամ արմատը 10 օր թրմեք 100 մլ օղու մեջ։ Օգտագործեք թրջոցի ձեւով։ Նույն քաշային հարաբերությամբ պատրաստեք ոգեթուրմ ծնեբեկի պտուղներով, կամ արմատի եւ պտղի խառնուրդով։

Ծնեբեկի ընձյուղները լայնորեն կիրառվում են որպես դիետիկ սնունդ։ Ծնեբեկի արմատներից պատրաստուկները կարգավորում են արյան ճնշումը, ավելացնում արյան կարմիր գնդիկները, լավացնում վերջույթների արյան մատակարարումը, դանդաղեցնում սրտի ռիթմերը, լավացնում լյարդի գործունեությունը, կարգավորում միզարտադրությունը։ Իր սննդային արժեքով քիչ է զիջում սպանախին: Ի տարբերություն սպանախի` չունի հակացուցումներ։ Ինչպես եւ սպանախը, ծնեբեկի ընձյուղներն ուտում են վաղ գարնանը, երբ նկատվում է վիտամինների սուր պակաս։

Կարեւոր է իմանալ որ…

– Սպանախի եւ ծնեբեկի համատեղ օգտագործումը սննդի մեջ կնվազեցնի թրթնջկաթթվի վնասակար ազդեցությունը։

– Ծնեբեկը համատեղվում է մսի, ընկույզի, ձվի, պաքսիմատի, կաթնամթերքի հետ։

– Թթու դրած ծնեբեկի պահպանման ժամկետը մի քանի տարի է։

– Սերմերի փոշին փոխարինում է սուրճին: Ծնեբեկի բոված, սրճաղացով աղացած սերմերն ավելացրեք սուրճին (1։5), դա ըմպելիքին կհաղորդի անզուգական համ եւ բուրմունք։