Պատգամավորներից քաշվածները

09/04/2011

Երեկ Էջմիածնում դժգոհության ալիք էր բարձրացել Երեւան-Էջմիածին երթուղային տաքսիների վարորդների շրջանում: Նախ` երեկվա հանրահավաքի պատճառով այլ միջքաղաքային երթուղիների նման, նրանք նույնպես չէին աշխատում: Այդ երթուղագծի, ինչպես նաեւ` Երեւան-Էջմիածին ավտոբուսային երթուղու եւ տաքսու վարորդների մի մասի տերը ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանն է: Վերջինս հանրահավաքի օրերին հրահանգում է վարորդներին` աշխատանքի դուրս չգալ, որպեսզի Էջմիածնից մարդիկ չկարողանան Երեւան հասնել: Բայց երթուղայինի վարորդները Հ.Գրիգորյանից ավելի շատ դժգոհ են այն պատճառով, որ վերջին մի քանի ամիսներին աշխատավարձ չեն ստացել: Աշխատավարձ չտալու հանգամանքը պատգամավորը պատճառաբանել է նրանով, որ իր գործերը լավ չեն, այն դեպքում, երբ օրվա վերջում վարորդներից մինչեւ վերջին կոպեկը ուղեւորավճարը գանձվում է: Էջմիածին գնացողները լավ գիտեն, որ այդ երթուղայինները ճանապարհի կեսին` հատուկ կրպակի մոտ կանգնում են, որտեղ համապատասխան աշխատողը հաշվում է բոլոր ուղեւորներին: Վարորդը չի կարողանում գծի սեփականատիրոջ վերահսկողությունից դուրս անգամ մեկ ուղեւոր տեղափոխել: Վարորդներն ու էջմիածինցիներն այդ կրպակը կատակով անվանում են Էջմիածնի «տամոժնի»: Այդ խիստ վերահսկողության եւ աշխատավարձ չստանալու պատճառով վարորդների մի մասը դուրս են եկել աշխատանքից: Բացի այդ, Հ.Գրիգորյանը նրանց ստիպում է մեկ լիցքավորմամբ 6 շրջապտույտ կատարել: Վարորդները մեր թղթակցի հետ զրույցում ասել են, որ այդ մեկ լիցքավորումն ընդամենը 4 շրջապտույտի է բավարարում, որովհետեւ գազալցակայանի սեփականատերը` Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, գազի հետ միասին` բալոններում օդ է լցնում: Ի դեպ, Հ.Հակոբյանի գազալցակայաններում մեկ լիցքավորումը 2-3 հարյուր դրամով էժան է մյուսների համեմատ: Մեր տեղեկություններով` պատճառն այն է, որ նա կրկին գազ է գողանում մայր գազատարից: Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ մայր գազատարից «ձախ» խողովակ ունենալու պատճառով նա սկանդալային պատմության մեջ էր հայտնվել: Բայց ասում են, թե նախկին պատգամավորը նույնը շարունակում է հիմա: Երբեմն ստուգումների արդյունքում նրան տուգանում են, բայց ըստ նրա շրջապատին մոտ կանգնած աղբյուրների, Ճոյտին ձեռնտու է վճարել տուգանքներն ու շարունակել «գազագողությունը»: