«1999թ. խորհրդարանի դեպքերից հետո մեզ բոլորովին այլ աչքով էին նայում: Դժվար էր նույնիսկ հանդիպումներ ունենալ, մարդկանց ինչ-որ բանի մեջ համոզել: Եվ 1-1,5 տարի հետո մինչեւ մենք մեզ վերագտանք, մեր դիրքերն արտաքին աշխարհում բավական թուլացել էին»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը` անդրադառնալով Հայաստանի ներքին խնդիրների ազդեցությանն արտաքին քաղաքականության վրա: Նա ասել է, թե նման իրավիճակ էր ստեղծվել նաեւ 2002թ. «Ա1+»-ի եթերազրկումից հետո: Վատ ընտրություններից հետո նույնպես նման իրավիճակ է լինում: «Երեւանի փողոցներում իրադարձություն է լինում, Ոստիկանությունն է միջամտում, ուժ է օգտագործում, դրանից հետո նույնպես բարդանում են մեր խնդիրները: Եվ, իհարկե, մարտի 1-ից հետո: Դրա ամենավառ վկայությունն էր, երբ 2008թ. մարտի 14-ին մենք ամենաթույլ վիճակում էինք, Ադրբեջանն առնվազն 6-7 տարի փորձելուց հետո այդ պահն ընտրեց եւ առաջին անգամ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր օգտին բանաձեւ անցկացրեց: Եթե այդ դեպքերը չլինեին, ես համոզված եմ, որ այդ բանաձեւը հնարավոր չէր անցկացնել»,- ասել է Վ.Օսկանյանը: