Ափսոս էր ժողովուրդը

09/04/2011

Երեկ Մատենադարանին հարող տարածքում, ապա` Ազատության հրապարակում, կայացավ Հայ Ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը, որն, ըստ էության, մարտի 17-ի հանրահավաքի տրամաբանական շարունակությունն էր` ոչ միայն տեխնիկական, այլեւ` բովանդակային առումով: Նախ` արդեն Մատենադարանում պարզ դարձավ, որ ՀԱԿ-ն իշխանությունների հետ պայմանավորվածություն ունի կրկին Ազատության հրապարակ մտնելու վերաբերյալ, քանի որ հայտարարվեց` Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ կունենա Ազատության հրապարակում: Ակնհայտ է, որ եթե չլիներ Ազատության հրապարակ մտնելու երաշխիք, Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը, որի հիման վրա կառուցված է ՀԱԿ-ի ողջ մարտավարությունը, կհնչեր Մատենադարանում: Ազատության հրապարակը` ոստիկանների հետ «բանակցություններից» հետո, բնականաբար, բացվեց, եւ արարողակարգային պարը պարելուց հետո Լ. Տեր-Պետրոսյանը հանդես եկավ բավական ծավալուն ելույթով: Նախ` հայտարարեց, որ ՀԱԿ-ն իր պահանջների իրականացմանը հասնելու է «քայլ առ քայլ, սահուն ընթացքով` երկիրը զերծ պահելով սոցիալական ընդվզումներից ու քաղաքական ցնցումներից, ոչ ամենեւին պայքարի հեղափոխական մեթոդների օրինականությունը մերժելու, այլ բացառապես Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման վտանգը չմեծացնելու նկատառումով»: Ելույթի հիմնական ասելիքը կամ «ուղերձը», սակայն, այն էր, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Հայաստանին օր առաջ անհրաժեշտ է ազգային համերաշխության վերականգնում, որի միակ ճանապարհը իշխանություն-հասարակություն (իմա` իշխանություն-ՀԱԿ) երկխոսությունն է: Ըստ Լ. Տեր-Պետրոսյանի, սակայն, դրա հաստատմանը խոչընդոտում են բազմաթիվ չարակամներ` սկսած Երրորդ ուժի մասին խոսողներից, վերջացրած արտաքին` թերեւս, դավադիր ուժերով: «Իմ տպավորությամբ` իշխանության եւ Կոնգրեսի միջեւ երկխոսությունը ձեռնտու չէ ոչ միայն ներքին, այլեւ արտաքին որոշ ուժերի, որովհետեւ այն, Հայաստանի իշխանություններին հանելով խոցելի վիճակից, կամրապնդի մեր երկրի դիրքերը միջազգային հարաբերություններում, մասնավորապես, Ղարաբաղյան կարգավորման գործընթացում»,- հայտարարեց ՀՀ առաջին նախագահը: Շատ հետաքրքիր վիճակ է ստեղծվում. Լ. Տեր-Պետրոսյանի նշած բոլոր քայլերը գրեթե նույնությամբ համընկնում են իշխանությունների կողմից հայտարարվող «մարտահրավերների» հետ: Իշխանությունը եւս ամեն ինչ անում է (կամ այդպես ներկայացնում է) կայունության պահպանման, Հայաստանի միջազգային դիրքերի ամրապնդման համար, մասնավորապես` ԼՂՀ կարգավորման գործընթացում: Այսինքն` ստացվում է, որ ՀԱԿ-ը ցանկանում է օգնել իշխանություններին, բայց խանգարում են: Իհարկե, ՀԱԿ-ը նաեւ պահանջներ է առաջ քաշում, բայց հասկանալի է, որ դրանք տվյալ դեպքում երկրորդական են դառնում: «ՀՀ իշխանությունների խոցելի վիճակը» առաջին հերթին պայմանավորված է կասկածելի լեգիտիմությամբ, ինչի մասին բազմիցս խոսել է նույն Լ. Տեր-Պետրոսյանը: Հիմա նա առաջարկում է «ազգային համաձայնության» եւ «իշխանություն-հասարակություն» երկխոսության ճանապարհով օգնել իշխանություններին` դուրս գալ այդ վիճակից: Այսինքն` լեգիտիմացնել: Որպես դրա մեխանիզմ, Լ. Տեր-Պետրոսյանի ելույթի տրամաբանությունից բխում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Ընդ որում, ՀԱԿ առաջնորդը դա ներկայացնում է այնպես, կարծես դրան դեմ են ոչ այնքան իշխանությունները, որքան «ազգային համաձայնության» դեմ պայքարողները: Մի խոսքով, «ազգային համաձայնության» հաստատման ճանապարհին մնում է հաջողություն մաղթել իշխանություններին ու ՀԱԿ-ին, որը գոնե դասական իմաստով այլեւս դադարում է ընդդիմություն լինելուց` այնքանով, որ նրա գործունեությունը նույնականանում է իշխանության գործունեության հետ: Ուստի արտահերթ կամ հերթական ընտրությունների դեպքում, թերեւս, ավելի խելամիտ կլինի անգամ մասնակցել միասնական ցուցակով: Ի շահ երկրի կայունության եւ Հայաստանի միջազգային դիրքերի ամրապնդման: Մասնավորապես` Ղարաբաղյան կարգավորման գործընթացում: