ՀԱԿ-ի երեկվա հանրահավաքը կրկին սկսվեց Մատենադարանի հարթակում, բայց ավարտվեց Ազատության հրապարակում: Ու թեեւ օրեր առաջ Երեւանի քաղաքապետարանը մերժել էր ՀԱԿ-ի` Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ հայտը, Ոստիկանությունն, այնուամենայնիվ, թույլ տվեց: Օպերայի շենքն ու դիմացի հրապարակը հանրահավաքի սկսվելուց առաջ էլ շրջապատված էր ոստիկանների խիտ պատնեշով: Հանրահավաքին մասնակցում էր նաեւ Ոստիկանության ողջ վերնախավը` բացառությամբ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի: Այնտեղ էին հանրությանը քաջ հայտնի Սաշիկ Աֆյանը, Աղասի Կիրակոսյանը, Ներսես Նազարյանը, Ռոբերտ Մելքոնյանը: Եվ, իհարկե` Վալերի Օսիպյանը, ով անընդհատ վազվզում էր վերը նշված պաշտոնյաների շուրջ: Այս անգամ նույնպես Կոնգրեսի հրավիրած հանրահավաքը նախորդի նման մարդաշատ էր: Երեկ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը Մատենադարանի հարթակից ելույթ չունեցավ: Նա խոսեց արդեն Ազատության հրապարակում: Անդրադարձավ նախորդ հանրահավաքների ժամանակ իշխանություններին ներկայացրած 15 պահանջներից երեքի` քաղբանտարկյալների ազատ արձակման, Ազատության հրապարակի տրամադրման եւ մարտի 1-ի սպանությունների բացահայտման կարեւորությանը: Խոսեց վերջին շրջանում քննարկվող այն թեմաների մասին, թե ՀԱԿ-ը մոնոպոլիզացրել է ընդդիմադիր դաշտը, որ անհրաժեշտ է ստեղծել 3-րդ ուժ: «Ինչպե՞ս կարող էր ՀԱԿ-ը մոնոպոլիզացնել ընդդիմության դաշտը` վարչական ռեսուրսներո՞վ, ֆինանսական անսահման հնարավորություններո՞վ, տեղեկատվության սեփական էլեկտրոնային միջոցներո՞վ, արտաքին ուժերի աջակցությա՞մբ, մրցակիցներին ահաբեկելո՞վ ու բանտերը նետելո՞վ, թե՞ հոգեխանգարմունքի ու նեւրոլինգվիստիկայի արվեստով: Ու եթե այս ամենը չունենալով եւ, հակառակը, 3 տարի շարունակ ենթարկվելով դաժանագույն քաղաքական հալածանքների, Կոնգրեսին հաջողվել է ընդդիմության դաշտում գրավել գերիշխող դիրք, ապա դրա պատճառը պետք է փնտրել այլ հարթությունում: Այդ դիրքը ՀԱԿ-ը վաստակել կամ ձեռք է բերել անհրաժեշտ ինտելեկտուալ կարողությունների դրսեւորման, ամենօրյա տքնաջան աշխատանքի, համառ ու հետեւողական պայքարի, ժողովրդի հետ երկխոսելու ունակության, զոհողությունների գնալու պատրաստակամության եւ, վերջապես, կազմակերպվածության, կարգապահության ու նպատակասլացության շնորհիվ… Նրանք համոզված են, որ եթե ՀԱԿ-ը գոյություն չունենա, իրենք ինքնաբերաբար կգրավեն նրա տեղը, եւ 3-րդ ուժի հավակնորդներից միանգամից կվերածվեն 2-րդ ուժի: Նույնիսկ չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակը ոչ թե իշխանության, այլ ՀԱԿ-ի այլընտրանք դառնալն է: Եվ սա բնական է, որովհետեւ, ինչպես ցույց է տվել ՀՀ անկախության շրջանի պատմությունը, 3-րդ ուժ կոչվածը վերջին պահին միշտ էլ անցել է ոչ թե ընդդիմության կողմը, այլ լծվել իշխանությունը բռնազավթողների կառքին»,- հայտարարեց ՀՀ առաջին նախագահը: Իսկ Մատենադարանի մոտ ելույթ ունեցան նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ընդդիմության առաջնորդներ Ստեփան Դեմիրճյանն ու Արամ Աարգսյանը ու այլք: Հ.Բագրատյանը խոսեց տնտեսության վատ վիճակի, գազի գների, ավիացիայի մոնոպոլ վիճակի, ավիատոմսերի չափազանց թանկ լինելու մասին: Հիշեցրեց, որ 1 տարի առաջ գազի գինը նվազեցնելու համար ՀԱԿ-ի ներկայացրած դատական հայցը մերժվել էր, որ ՌԴ-ից 180 դոլարով գնվող գազը ՀՀ սպառողներին է վաճառվում 488 դոլարով: «Պարզվում է` ներդրումներ են անում, դուրս են գրում փող, որ տարեկան 2 անգամ այդ խողովակները ներկեն: Եվ այդ մարդը, ով 180 դոլարանոց գազը մեզ վրա 480 դոլար էր ծախում, ոչ թե պատժվեց, դարձավ քաղաքապետ: Մենք ժամանակին այդ նյութերն ուղարկել ենք «Գազպրոմ», թե` էս ի՞նչ եք անում, Ձեր ուզածը մի քանի չինովնիկ հարստացնե՞լն է… Կիեւ-Սիմֆերոպոլ թռիչքն արժե 19 եվրո, Կիեւ-Հռոմ-Կիեւ թռիչքն արժե 120-150 եվրո: Երեւանից այդ կարգի թռիչքն արժի 500 եվրո: Փարիզից կամ Լոնդոնից Երեւան թռչելու համար 700-800 եվրո ենք վճարում, որովհետեւ մոնոպոլիա է, տրվել է Միշա Բաղդասարովին` Սերժի դրածոյին: Օդանավակայանը Ռոբերտը տվել է արգենտինահայ մի բիզնեսմենի: Եթե մոնոպոլիա է, գներն ինչի՞ չի հաստատվում համապատասխան հանձնաժողովի կողմից: Այս հարցերը կարգավորեք, հարյուր-հազարներով, միլիոններով կգան իրենց հայրենիքում կհանգստանան, աշխատանք կլինի, կապրենք: Հո մենք չե՞նք եկել Միշա Բաղդասարովին հարստացնելու»,- ասում է Հ.Բագրատյանը: «Շատերդ մտածում եք, թե ինչքան պետք է էսպես հավաքվենք ու տուն գնանք, բայց ժողովուրդ ջան, մենք օրվա պզտիկ խնդիր չենք դրել: Մենք պայքարում ենք մեր զավակների, մեր երկրի, ապագա սերնդի գոյատեւման, բարեկեցության, արժանապատվության համար: Իսկ այդ սուրբ ու մեծ նպատակի համար եթե պետք լինի` հարյուր ու հազար անգամ էլ պետք է հավաքվենք: Ու այդ հավաքները որքան կազմակերպված, որքան բազմամարդ, այնքան նպատակին հասնելու ժամանակը մոտ է»,- հայտարարեց Ա.Սարգսյանը: Իսկ Ս.Դեմիրճյանի խոսքերով` «ռեժիմը ձախողվել է բոլոր բնագավառներում ու պետք է հեռանա»: «Այսպիսի իշխանությունը վտանգում է մեր երկրի ապագան: Այսօր էլ իշխանությունները սթափ չեն գնահատում իրավիճակը, հետեւություններ չեն անում, եւ իրենց գործելակերպով էլ ավելի են սրում իրավիճակը: Չեն գիտակցում, որ մեր երկրում պայթյունավտանգ իրավիճակ է, որ ժողովրդի համբերության բաժակը լցված է»,- ավելացրեց ՀԺԿ ղեկավարը: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե Հայաստանի քաղաքական գարունը մտնում է նոր փուլ: «Ուստի կոչ ենք անում ժողովրդին այսօրվանից սկսել համազգային նախապատրաստությունը ամբողջ երկրում քաղաքացիական անհնազանդության կամպանիայի ծավալման համար: Եվ ոչ ոք թող չկասկածի, որ ժողովրդի համբերությունը սպառվում է, ոչ ոք թող չկասկածի համաժողովրդական անհնազանդության այս արշավը սկսելու մեր վճռականության վրա»,- եզրափակեց Լ.Զուրաբյանը:
Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա ապրիլի 28-ին, որը, ՀԱԿ առաջնորդի խոսքերով, պետք է դառնա երկխոսության սկզբնավորման, կամ էլ` իշխանության ու հասարակության վերջնական ջրբաժանի օր: