Տեսա՞ք` ինչ եղավ

09/04/2011

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանը երեկ լրագրողների հետ զրույցում հերքել է բնապահպանների այն մեղադրանքները, թե իր ղեկավարած ընկերության գործարանները Հայաստանի բնությանը վնաս են հասցնում: Հիշեցնենք, որ բնապահպանների կողմից բազմիցս բարձրացվել է այն հարցը, որ Սյունիքի մարզի այն տարածքներում, որտեղ գործում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, հողերի եւ ջրերի աղտոտման մակարդակը բարձրացել է, բնակչության մոտ արձանագրվող հիվանդություններն ավելացել են: «Ես համաձայն չեմ դրա հետ: Բազմաթիվ բնապահպանական խնդիրներ լինել չեն կարող, բացառվում է, որովհետեւ ամենահսկա գործարանի տնօրենը ես եմ, մենք բնությանը բացարձակապես վնաս չենք տալիս: Եվ եթե առիթ էլ լինի` ինչ-որ մի փոքր, ինչպես ընդունված է ասել, մեկ մազաչափ էլ բնությանը վնաս տանք, մենք դա հարյուրապատիկ, հազարապատիկ անգամ պատրաստ ենք փոխհատուցելու, որպեսզի մեր երկրում մեր հողը, մեր ջուրը, օդային ավազանը վնաս չստանան»,- ասել է Հակոբյանը: Նաեւ հավելել է. «Ճապոնիայի պես երկրում տեսա՞ք` ինչ կատարվեց: Ոչ մի բան բացառել չի կարելի»: Դիտարկմանը, թե Ճապոնիայում տեղի ունեցածը բնական աղետ էր, եւ այնքան էլ պայմանավորված չէր մարդկային գործոնով, Մ. Հակոբյանը պատասխանել է. «Բա մեր ատոմակայանի վիճակն ի՞նչ ա: Դա վերլուծելու, քննարկելու բան ա»: