ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է «Արարատ» սննդի կոմբինատ ՍՊԸ, «Մաքուր երկաթ» ԲԲԸ եւ «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ: Այցի ավարտին Ս. Սարգսյանը «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ընկերությունում մասնակցել է գործարար համայնքի ներկայացուցիչների նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը: «Մենք պետք է փորձենք օգտագործել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի կարողանանք անկեղծորեն իրար հետ խոսել, քննարկել խնդիրները: Ակնհայտ է, որ գործարար միջավայրի բարելավումը, առկա խնդիրների բացահայտումը եւ խոչընդոտների դեմ պայքարն առաջին հերթին պետության գործն է: Բայց ապավինել միայն պետությանը` ճիշտ չէ: Մենք պետք է կարողանանք հենվել գործարարների միությունների վրա, այն մարդկանց վրա, ովքեր շահագրգռված են կոնկրետ խնդրի լուծմամբ: Ուզում եմ այստեղ բոլորիդ հայտարարել, որ ցանկացած արտադրություն, որը կհիմնվի հանրապետությունում եւ կլինի նորարարական բազայի վրա, առանց մասնագիտական տերմինների ասած, եթե կարտադրվի մի արտադրանք, որն այսօր մեր հանրապետությունում չի արտադրվում, մենք` որպես պետություն, պատրաստ ենք օգնելու միջոցներով, առաջին հերթին պատրաստ ենք տալ հարկային արտոնություններ: Օրինակ, պատրաստ ենք 3-4 տարով ազատել շահութահարկից, հետաձգել ավելացված արժեքի հարկի վճարումը, պատրաստ ենք այլ օժանդակությունների»,- գործարարների հետ հանդիպման ժամանակ ասել է Ս. Սարգսյանը: