Երեկ առավել ակնառու կերպով դրսեւորվեց այն, ինչի մասին շաբաթներ առաջ իր մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասում էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը. դրամն արժեզրկվեց։
«Ազգային արժույթի մասին. միանգամից ասեմ, որ դրամի արժեւորումը տնտեսության եւ ներքին արտադրողի համար անբարենպաստ եւ անընդունելի երեւույթ է, եւ իմ կարծիքով` այդպիսի երեւույթները մեզ տեւական ժամանակ խանգարել են: Ես վստահ եմ, որ մենք նման զարգացումներ չենք ունենա: Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ ազգային արժույթի փոխարժեքը ձեւավորվում է որպես հետեւանք արտարժութային հոսքերի, իսկ բոլոր կանխատեսումները խոսում են այն մասին, որ մենք ունենալու ենք դրամի շատ դանդաղ ու կայուն արժեզրկում` առանց որեւէ նկատելի թռիչքների ողջ տարվա ընթացքում: Ես սա շատ նորմալ եմ համարում եւ բարենպաստ մեր տնտեսավարողների եւ, առաջին հերթին, արտահանողների համար»,- մարտ ամսին կառավարության անդամների հետ ունեցած խորհրդակցության ժամանակ ասել էր Ս. Սարգսյանը։
Իհարկե՝ թե՛ նախագահը, թե՛ վարչապետը, թե՛ խորհրդակցության ներկա ֆինանսիստները լավ հասկանում էին, որ փոխարժեք կանխատեսելն անշնորհակալ գործ է։ Ինքը՝ Տիգրան Սարգսյանը, դեռ ԿԲ նախագահ եղած ժամանակ, որպես կանոն, հրաժարվում էր փոխարժեքի մասին կանխատեսումներ անել ու հարցերին պատասխանել։ Սակայն վերը նշված խորհրդակցության ժամանակ, իհարկե, ոչ ոք չի առարկել այդ կանխատեսմանը, որովհետեւ բոլորն են հասկանում՝ դա ոչ թե կանխատեսում է, այլ պարզ հրահանգ։
Իսկ հրահանգը պետք է անվերապահորեն կատարել, կամ գոնե՝ ձեւացնել, որ կատարվում է, եթե անգամ այն իր մեջ շատ հակասություններ է պարունակում (այդ մասին` ստորեւ)։
Ինչեւէ, հետո դրամն իրոք սկսեց դանդաղ արժեզրկվել։ Իհարկե, եղավ մի պահ, երբ Կենտրոնական բանկը խոշոր ինտերվենցիայի միջոցով թույլ չտվեց, որ դրամը շատ արժեզրկվի, սակայն երեկ այս կառույցը որոշել է չխառնվել ազգային արժույթի անկմանը։ Երեկ «ՆԱՍԴԱՔ-ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում կայացել է 8.250.000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 374.4 դրամ միջին կշռված փոխարժեքով։ Փակման գինը կազմել է 374.25 դրամ։ Իհարկե, սա «մարտի 2» չէ, երբ դրամը մեկ օրում արժեզրկվեց 25%-ով, սակայն շատ սահուն արժեզրկում էլ չէ. այն ռեկորդային է վերջին 2 տարվա կտրվածքով։
Երկրորդային շուկան, ինչպես սպասվում էր, շատ արագ արձագանքեց. տարադրամի փոխանակման կետերը օրվա երկրորդ կեսին մեկ ԱՄՆ դոլարը վաճառում էին 375-376 դրամով, որոշ տեղերում վաճառքի գինը հասել էր արդեն 380 դրամի։ Վերլուծաբանները երեկ փորձում էին հիմնավորել՝ ինչո՞վ է պայմանավորված այս կտրուկ արժեզրկումը։ Ոմանք դա փորձում էին կապել Հայաստան մտնող դրամական փոխանցումների կրճատման հետ։ ՀՀ Կենտրոնական բանկի փետրվարյան տեղեկագիրը նշում է, որ այս տարվա հունվար-փետրվարին բանկային համակարգի միջոցով Հայաստան մտնող գումարները նվազել են ավելի քան 30%-ով՝ 119 միլիոն դոլարից հասնելով 82.5 միլիոն դոլարի։ Սրանով, իհարկե, հնարավոր է բացատրել դրամի արժեզրկումը, սակայն այն դեպքում, եթե այն տեղի ունենար սահուն կերպով՝ նույն հունվար-փետրվար ամիսների ընթացքում, տրանսֆերտների կրճատմանը զուգահեռ։ Սակայն երեկվա արժեզրկումը դժվար է պայմանավորել այս հանգամանքով։
Ինչեւէ, պրոցեսը (դրամի արժեզրկման) կարծես մեկնարկեց։ Կասկած չկա, որ բնակչության շրջանում դրամի հետագա արժեզրկման սպասումներն իրենց դերը կխաղան եւ է՛լ ավելի կնպաստեն դոլարի դեֆիցիտի առաջացմանն ու դրամի հետագա արժեզրկմանը։ Մենք, ավելի լավ է, անդրադառնանք մեկ այլ հարցի՝ ի՞նչ է դրանից շահում Հայաստանի քաղաքացին։ Գաղտնիք չէ, որ ազգային դրամի արժեզրկումը դրական ազդեցություն է ունենում տեղական արտադրողների եւ արտահանողների վրա։ Ինչպես արդեն նշեցինք՝ Ս. Սարգսյանը նույնպես խոսել էր ազգային արժույթի արժեւորման բացասական հետեւանքների մասին եւ ասել, որ «այդ երեւույթները մեզ տեւական ժամանակ խանգարել են»։ Սա անուղղակի մեղադրանք է նախորդ իշխանությունների հասցեին։
Սակայն, բանն այն է, որ երկու երնեկ մի տեղ չի լինում՝ դրամի արժեւորումը նպաստում է գների աճին, որոնք առանց այն էլ ռեկորդային ցուցանիշ են արձանագրել այս տարի։ Դրամի արժեզրկումը անխուսափելիորեն թանկացնում է ներմուծվող ապրանքները։ Իսկ մանավանդ Հայաստանի պարագայում` դա առավել ցավոտ է դրսեւորվում, քանի որ մենք, փաստացի, «նստած ենք» ներմուծման վրա։ Բավական է նշել, որ 2010 թվականի ընթացքում ներմուծումը կազմել է 1.4 տրիլիոն դրամ, որը մեր համախառն ներքին արդյունքի 40%-ն է։
Սա այնքան պարզ ճշմարտություն է, որ բացատրելու կարիք չկա։ Մեր ընթերցողները երեւի արդեն անգիր են արել Կենտրոնական բանկի կողմից շրջանառության մեջ դրված հետեւյալ արտահայտությունը՝ կամ փոխարժեք, կամ գնաճ։ Եթե փոխարժեքը լինի հօգուտ տեղական արտադրողի (այսինքն` դրամն արժեզրկվի), ապա ունենալու ենք գնաճ։ Եթե գնաճի դեմն առնեն՝ փողի զանգվածը կրճատելով, դա բերելու է դրամի արժեւորման։
Սակայն հիմա ամեն ինչ խճճվել է։ Նույն խորհրդակցության ժամանակ նախագահը հրահանգել է նաեւ մինչեւ տարեվերջ կրկնակի կրճատել գնաճը՝ հասցնելով այն 6%-ի։ Այսինքն՝ «կամ փոխարժեք, կամ գնաճ»-ը փոխարինվել է «ոչ փոխարժեք, ոչ գնաճ» հրամայականով։ Սա հենց այն հակասությունն է, որի մասին արդեն նշեցինք։
Ոմանք մեղադրում են նախագահին այսպիսի անիրագործելի առաջադրանք տալու համար։ Սակայն, եթե նկատի ունենանք, որ այս վիճակը ստեղծվել է հենց տարիներ շարունակվող քաղաքականության արդյունքում՝ երբ դրամը չգիտես ինչու արժեւորվում էր արտաքին առեւտրի խայտառակ մեծ բացասական սալդոյի պարագայում, ապա շատ էլ նորմալ է, որ այդ քաղաքականությունն իրականացնողներից պահանջվում է շտկել իրենց իսկ ստեղծած վիճակը։ Այս ամենը հիշեցնում է մի հին անեկդոտ։ Խորհրդային տարիներին ղարաբաղցի մի տղա զորակչվում է բանակ՝ Ռուսաստանի հեռավոր գյուղերից մեկը։ Այնպես է ստացվում, որ զորամասի հրամանատարը նույնպես ղարաբաղցի է լինում։ Իմանալով, որ ղարաբաղցի տղա են բերել՝ կանչում է իր մոտ եւ ասում. «Տղա ջան, 10 տարի է՝ էստեղ ծառայում եմ, դեռ ղարաբաղցի չի եկել մոտս, մեր լեզվին կարոտել եմ։ Ինչ կլինի՝ մի հատ Ղարաբաղի բարբառով ուշունց տուր»։ Տղան բնականաբար շփոթվում է եւ հրաժարվում։ «Կհայհոյես՝ 10 օր արձակուրդ կտամ, չէ՝ կուղարկեմ հաուպտվախտ»,- ասում է հրամանատարը։ Տղան լուռ է մնում։ «Եկեք սրան տարեք նստացրեք»,- ձայն է տալիս հրամանատարը։ Սպաները գալիս են, տղայի թեւերը ոլորում, որ տանեն։ Երբ հասնում են դռանը, տղան գլուխը շրջում է եւ հրամանատարին ատամների արանքից նետում. «Նպատակիդ հասա՞ր, ես քո ուշունցի կարոտ…»։
Արդարության դեմ չմեղանչելու համար` նշենք, որ մեր Կենտրոնական բանկն ու կառավարությունը ամենեւին էլ չեն ընկճվել եւ բոլորին վստահեցնում են, որ տարեվերջին գնաճը լինելու է 6%։ Պարզ է, որ միայն դրամավարկային քաղաքականության միջոցով հնարավոր չի լինելու եւ գներն իջեցնել, եւ թույլ չտալ, որ դրամն արժեւորվի։ Այսինքն՝ Կենտրոնական բանկից բացի, այստեղ ավելի շատ անելիք է ունենալու Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Կհաջողվի՝ լավ, չի հաջողվի՝ դժվար է լինելու կոնկրետ որեւէ մեկին պատժել թերանալու համար։
Վերջում ավելացնենք, որ եթե ավելի գլոբալ դիտարկենք այս ամենը՝ տարվա վերջին 6% ապահովելն ընդամենը նորմատիվային ցուցանիշ է եւ «դարդին դարման չի անի»։ Այսինքն՝ տեսականորեն հնարավոր է 11 ամիս ունենալ երկնիշ գնաճ, դեկտեմբերին հավաքել բոլոր խոշոր գործարարներին եւ «լավով խնդրել» գները մի 10%-ով իջեցնել, գոնե մեկ ամսով։ Հետո դեկտեմբերը կհամեմատեն նախորդ տարվա դեկտեմբերի հետ եւ կասեն՝ 12-ամսյա գնաճը (հենց դա է հիմք ընդունվում բյուջեում) չի գերազանցել թույլատրված մակարդակը։ Իսկ, որ ժողովուրդն ընթացքում քամվել է, դա կարելի է նաեւ անտեսել։