Օրեր առաջ Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցում կատարված միջադեպն, ինչպես միշտ, գրեթե աննկատ մնաց ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության «աչքից»:
Բանն այն է, որ դպրոցի հասարակագիտության ուսուցչուհին, դպրոցի նորելուկ աշխատակիցներից մեկը, դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանի ընկերուհի Գոհար Բարսեղյանը, մետաղալարով ծեծել էր դպրոցի 8-րդ Ա դասարանի աշակերտ Արմեն Կոստանյանին (այս մասին մամուլը, մասնավորապես` «Առավոտ» օրաթերթն, անդրադարձել է իր նախորդ համարներում): Աշակերտի մայրը փոխտնօրեն Հռիփսիմե Հակոբյանին բողոքել էր կատարված միջադեպի համար: Վերջինս, ըստ մոր, նախ ներողություն էր խնդրել կատարվածի համար, ապա նշել, թե ինքն այդ մասին անպայման կտեղեկացնի տնօրեն Սուսաննա Նազարյանին: Սակայն տնօրենը փոխարեն պարզելու, թե ինչու է մանկավարժը նման բան արել, գործի է դրել իրեն բնորոշ մեթոդները: Դրանից հետո չգիտես ի՜նչ «հրաշքով» ծեծված տղայի մայրը ետ էր վերցրել իր բողոքը, հրաժարվել իր ասածներից՝ արդարացնելով ուսուցչուհուն: Ըստ Էջմիածնի բնակիչների՝ դպրոցում կատարվածը, բառի բուն իմաստով, ընտանեկան դրամայի է վերածվել, եւ ամուսինը պարտադրել է կնոջը ետ գնալ, բողոքը վերցնել, այլապես կնոջն առաջարկել էր իրերը հավաքել ու տնից հեռանալ: Բնակիչների փոխանցմամբ՝ այդ կնոջ ամուսնուն ասել էին, թե իբր իր կինը «գործ» տվող էր, ինչը վիրավորել էր նրա արժանապատվությունը: Այսինքն` վերջինիս արժանապատվությունը բնավ չէր վիրավորվել, երբ ուսուցչուհին իր որդուն մետաղալարով ծեծել էր: Մի քանի օր շարունակ մենք փորձում էինք զրուցել տղայի ծնողների հետ, բայց, նրա ծանոթները մեզ փոխանցեցին, որ տղայի մայրը գտնվում է «հոգեբանորեն շատ վատ վիճակում», եւ հրաժարվում է լրագրողների հետ խոսել: Ասում են, որ տղայի մայրը հարեւանուհուն ասել է, թե ինքը ստիպված է եղել բողոքը ետ վերցնել, եւ Ոստիկանությունում էլ հերքել կատարվածը: Ինչեւէ:
Բանն այն է, որ դպրոցում տեղի ունեցած այդ միջադեպից հետո ուսուցչանոց են «բերման» ենթարկել 8-րդ Ա դասարանի դասղեկ Բահար Եղիազարյանին: Նրան հաշվեհարդարի էին կանչել նախ` միջադեպի, ապա` մամուլում տպագրված նյութերի համար: Ճիշտն ասած` անհասկանալի է, թե տվյալ պարագայում դասղեկն ի՞նչ պատասխանատվություն պետք է կրի անհավասարակշիռ վիճակում գտնվող ուսուցչուհու արարքի համար: Բայց պարզվում է՝ դպրոցի մանկավարժական «թայֆան» որոշել էր, որ դասղեկ Եղիազարյանը պետք է պատասխան տա մամուլում հրապարակված նյութերի յուրաքանչյուր բառի համար: Ի դեպ, այդ մանկավարժները նաեւ անձնական վիրավորանքներ են հասցրել Բ. Եղիազարյանին: Մեզ հետ հեռախոսազրույցում դպրոցի պատմության ուսուցչուհի Բ. Եղիազարյանը հուզված ասում էր, որ դպրոցում իր մնալն այլեւս դարձել է դժոխային: Նա պատրաստվում է դիմել ՀՀ Կրթության եւ գիտության նախարարություն, որպեսզի ներկայացնի դպրոցում ստեղծված անառողջ մթնոլորտը: Ուսուցչուհուն հատկապես վիրավորել էին տնօրենի պատեհ-անպատեհ հայտարարությունները: Պարզվում է` դպրոցի տնօրեն Ս. Նազարյանը հայտարարել է, թե իրեն հեղինակազրկած մարդկանց ինքը «նստեցնելու է»: Իհարկե, մեկ անգամ չէ, որ լսել ենք տնօրինուհու հոխորտացող խոսքերը: Մեր նախորդ հրապարակումներում մենք հանգամանորեն ներկայացրել էինք տնօրինուհուն «թեւ ու թիկունք» տվող ՀՀԿ-ական որոշ պատգամավորների, ինչպես նաեւ` Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մասին: Իսկ վերջինս արդեն անթաքույց է հայտարարում իր հովանավորչական դերի մասին՝ «դուխ» տալով աշակերտին սեռական վիրավորանքներ հասցրած տնօրենին: Երեկ մենք փորձեցինք պարզել, թե, այնուամենայնիվ, ինչո՞ւ է մարզպետ Ղահրամանյանը պաշտպանում Նազարյանին: Մեզ հետ հեռախոսազրույցում մարզպետ Ա. Ղահրամանյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին` ասելով, թե ինքը զբաղված է եւ հեռախոսով հարցերի չի կարող պատասխանել: Սակայն հետաքրքիր է, թե այդքան բազմազբաղ մարզպետն ինչպե՞ս է ժամանակ գտնում դպրոցի տնօրեն Նազարյանին պաշտպան կանգնելու համար: Եվ արդյոք նրան` որպես մարզպետի, չի մտահոգում 1200 աշակերտի ճակատագիրը, որոնց դեռ շարունակում է տնօրինել կրթության հետ որեւէ աղերս չունեցող մեկը:
Հիշեցնենք, որ մարզպետի հովանավորյալ տնօրինուհին աշակերտուհիներից մեկին ասել էր. «Հեռախոսդ կվերցնեմ ու կմտցնեմ մամայիդ համապատասխան վայրը», ինչպես մեր նախորդ հրապարակումներից մեկում պատմել էր դպրոցի նախկին աշակերտ Ալբերտ Հարությունյանը, ում միջոցով էլ բացվեց դպրոցում տիրող բարոյահոգեբանական հիվանդ մթնոլորտի վարագույրը: Ընդ որում՝ Ալբերտի խոսքերը ոչ միայն հաստատեցին դպրոցի ներկա աշակերտները, այլեւ ներկայացրեցին իրենց տնօրինուհու անվայելուչ բառապաշարի մյուս մանրամասները: Աշակերտների պատմելով` «խուժան», «լկտի», «տավար», «ոչխար» եւ մի շարք այլ նման արտահայտություններն են դպրոցի տնօրինուհի, հայոց լեզվի մասնագետ Սուսաննա Նազարյանի կողմից ամենաշատ գործածվող բառերը:
Ինչեւէ, չնայած այս ամենին` ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանն այլեւս բավարարվել է դպրոցի տնօրինուհի Սուսաննա Նազարյանին երկու անգամ խիստ նկատողություն տալով` մեկ անգամ կարգապահական տույժի տեսքով: Նախարարը հայտարարել է, որ ինքն էլ անձամբ սպասում է տնօրինուհու դեմ հարուցված քրեական գործի արդյունքներին: Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար: Ընդ որում՝ գործի վարույթը Վաղարշապատի քննչական բաժանմունքից տեղափոխեցին ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչություն, այնուհետ՝ Աշտարակի Քննչական բաժանմունք, իսկ օրեր առաջ էլ գործի քննությունը «վերադարձել» է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն: Աշտարակի քննչական բաժանմունքի քննիչ Արմեն Ճանճապանյանը երեկ մեզ փոխանցեց, որ ինքն այլեւս չի զբաղվում տվյալ գործի քննությամբ, եւ գործը ետ են ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն: Հարցին, թե ինչո՞ւ է քրեական գործը, այսպես ասած՝ տեղից տեղ «շրջում», ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը պատասխանեց. «Քրեական գործերի նախաքննությունը, քննչական ենթակայության եւ ըստ քրեական դատավարության 53 հոդվածի՝ դատախազն իրավունք ունի գործի բազմակողմանի, օբյեկտիվ քննություն ապահովելու համար նախաքննական մեկ մարմնից գործը տեղափոխել նախաքննական մեկ այլ մարմին: Ձեր թվարկած գործով պայմանավորված տվյալ պահին դատախազն ունեցել է որոշակի հիմքեր, որպեսզի գործը նախաքննական մեկ մարմնից տեղափոխեն նախաքննական մեկ այլ մարմին: Դա օրենքով սահմանված գործառույթ է, եւ դատախազի լիազորությունների մեջ է մտնում»: Ի դեպ, հավելենք, որ դպրոցի նախկին աշակերտ Ալբերտ Հարությունյանի պապը նամակ է գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ներկայացնելով դպրոցում տիրող բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտը: