Ռուսաստանում մեծ աղմուկ բարձրացրած «Պատերազմ» արտ-խմբավորման նախագիծն արժանացել է ժամանակակից արվեստի «Ինովացիա» մրցանակի` դառնալով լավագույնը «վիզուալ արվեստի ստեղծագործություն» անվանակարգում:
Անցյալ տարվա ամռանը «Պատերազմը» Սանկտ Պետերբուրգի Լիտեյնի կամրջի վրա հսկայական` 65 մետրանոց առնանդամ էր նկարել, որը կամուրջի բացման ժամանակ ուղղահայաց վեր էր խոյանում Անվտանգության Դաշնային ծառայության շենքի պատուհանների առջեւ: Այդ պրովոկացիոն գրաֆիտի-պրոյեկտը սկանդալ էր առաջացրել, իսկ «Պատերազմի» մի քանի նկարիչ-անդամները ձերբակալվել էին` մեղադրվելով խուլիգանության մեջ: Կամրջի վրա պատկերված ֆալոսից բացի, նրանք նաեւ ոստիկանական ավտոմեքենաներ էին շրջել` ներկայացնելով դա` որպես «Պալատական հեղաշրջում»:
Պետք է նշել, որ «Ինովացիան» միակ պետական մրցանակն է, որը շնորհվում է ժամանակակից` ակտուալ արվեստի դաշտում աշխատող ստեղծագործողներին, եւ մինչ այս տարի մրցույթի որոշումները երբեք այդքան մեծ արձագանք չեն ունեցել, քանի որ աչքի են ընկել բացահայտ կոռեկտ ու կանխատեսելի պարգեւատրումներով: Սակայն այս տարի «Պատերազմի» նախագիծը իսկական պատերազմ հրահրեց, «Խ…-ն ԱԴԾ-ի գերության մեջ» ակցիան մեկ հանվում էր նոմինանտների շարքից, մեկ էլ` կրկին հայտնվում էր ցուցակում` մեծ հասարակական ռեզոնանս առաջացնելով: Եվ քանի որ «Ինովացիան» հայտարարված էր որպես ժամանակակից արվեստագետների որոնումների ուսումնասիրություն, ապա պետությունը (ի դեմս` ՌԴ Մշակույթի նախարարության) ստիպված եղավ չանտեսել այդ նախագիծը` հռչակելով այն արվեստի ստեղծագործություն:
Ժամանակակից (contemporary) արվեստը քաղաքացիական կոնկրետ դիրքորոշում է ենթադրում, իսկ ցանկացած նախագիծ անպայման հանրային շրջանառության մեջ է հայտնվում: Ոմանք կարծում են, որ ծայրաստիճան ռադիկալ փողոցային ակցիաները «արվեստ» կոչվելու իրավունք չունեն, քանի որ ստեղծագործության իմաստավորումը փոխարինում են քաղաքական ծաղրով: Սակայն մեր կյանքի հմայքը հենց նրանում է, որ արդեն գրեթե հնարավոր չէ հստակ ասել` թե որտե՞ղ է սկսվում եւ որտե՞ղ է ավարտվում արվեստը: Արվեստն ամենուրեք է: Նաեւ կամրջի վրա նկարված «տաբուացված» ֆալոսի մեջ է, որը միաժամանակ դատապարտվում ու ազատ մտածողության սիմվոլ է հռչակվում:
Ակնհայտ է, որ Ռուսաստանում (նաեւ մեզ մոտ) պետական ինստիտուցիաների եւ ժամանակակից արվեստի ստեղծագործությունների միջեւ բախում կա, նրանց նպատակները նույնը չեն, սակայն ուշագրավն այն է, որ անարխիստական նախագիծը դառնում է պետական մրցանակի դափնեկիր (նաեւ խոշոր գումար է ստանում պետությունից): Դա տեղի ունեցավ հիմնականում արվեստագետների, կուրատորների միախմբման շնորհիվ, ովքեր չկարողացան անտեսել տարվա ամենաաղմկոտ նախագիծը: Իսկ Անվտանգության ծառայությունն այս դեպքում` դարձավ նախագծի համահեղինակը, չէ՞ որ, առանց այդ կառույցի ներկայության, «Խ…ն ԱԴԾ գերության մեջ» ակցիան լիարժեք չէր ստացվի:
Մեր իրականության մեջ ստեղծվել է մի երերուն սահմանագիծ, երբ արվեստի գործերը նույն հեշտությամբ կամ մեծարվում, կամ էլ` խարազանման են ենթարկվում, իսկ դրանց հեղինակները կամ հերոս, կամ էլ պետության դավաճան են անվանվում: Ամեն դեպքում, երբ հասարակության մեջ ի հայտ են գալիս, այսպես կոչված` «լարման օջախները», դա միայն օգնում է հասարակությանը զգոն մնալ: Իսկ ժամանակակից արվեստը զգոն մնալու ամենալավ գործիքներից է: «Պատերազմ» արտ-խմբավորման ուշադրության կենտրոնում, օրինակ, հայտնվում են հիմնական այն հարցերը, որոնք հուզում են հասարակությանը: «Մենթի համբույրը» նախագծի շրջանակներում` հարյուրավոր կամավորներ դուրս էին եկել փողոց եւ համբուրում էին բոլոր հանդիպած ոստիկաններին` բացատրելով դա «միլիցիան» «պոլիցիա» վերանվանելու իրենց ուրախությամբ:
Եվ միայն առաջին հայացքից են այդ ակցիաները աննպատակ ու կազմաքանդիչ թվում, իրականում դրանք թույլ են տալիս «ակցիա» բառը դիտարկել որպես օրգանական վարքագիծ, ինչի շնորհիվ էլ պետական ստրուկտուրաները սկսում են ավելի լուրջ վերաբերվել եւ՛ արվեստագետներին, եւ՛ ընդհանրապես` հասարակությանը:
Հայաստանում ակտուալ արվեստը հիմնականում «փակ» տարածքներում է եւ երբեք չի արժանանում պետության ուշադրությանը (նրանց չեն նկատում` ոչ խոսում են նրանց մասին, ոչ էլ` ձերբակալում): Ինչը, թերեւս, փաստվում է ոչ միայն մեր արվեստագետների «անդերգրաունդում» մնալու ցանկությամբ, այլեւ` պետական կառույցների անհեռատեսությամբ: Կամրջի վրա հսկայական առնանդամի պատկերմանը մրցանակ շնորհելու փաստն, օրինակ, վկայում է նաեւ պետական կառույցների հումորի զգացումի մասին: Երբեմն ամենալավ պաշտպանության ձեւը հակառակորդին դաշնակից դարձնելն է: Իսկ դա, օրինակ, ամենաակտուալ թեման է մեր հասարակության մեջ: Չէ՞ որ դաշնակիցներ են դառնում ու նույն դաշտում են սկսել խաղալ նրանք, ովքեր հանրության առջեւ փորձում են ընդդիմադիրներ երեւալ: Իսկ դա պարարտ հող է ստեղծում արվեստի ակցիաների համար: