ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը երեկ` անդրադառնալով ՀԱԿ-ին հասցեագրված մեղադրանքներին, թե իշխանության եւ ՀԱԿ-ի միջեւ նախորդ հանրահավաքի ժամանակ գործարք է տեղի ունեցել, ինչից հետո ՀԱԿ հանրահավաքի մասնակիցներին թույլ տրվեց մտնել Ազատության հրապարակ, ասել է, թե իշխանության եւ իշխանության ներկայացուցիչների հետ շփումներ իհարկե եղել են, սակայն «դա եղել է մի քանի տասնյակ հազար մարդկանց աչքի առաջ` Ազատության հրապարակի, Մատենադարանի շրջակայքում»: «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ որեւէ այլ շփումներ եւ կոնտակտներ չեն եղել: Թեեւ, նույնիսկ, եթե լինեին էլ, այդտեղ ոչ մի կրիմինալ բան չկա, որովհետեւ երբեք մենք այդ ամենը հասարակությունից չէինք թաքցնի, եթե լինեին էլ: Օրինակ, 88-90 թվականների շարժման ընթացքում իշխանությունների հետ, կարելի է ասել, 24-ժամյա կապի մեջ էինք»,- ասել է Շահնազարյանը: