Մեր տեղեկություններով` առաջիկայում ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ակտիվացնելու է գործունեությունը ներքաղաքական կյանքում: Դա պայմանավորված է առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններով: Ի դեպ, կարծիք կա, թե նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես ակտիվանալու է: «Ես չգիտեմ, թե Քոչարյանի քաղաքական նպատակներն ինչպիսին են: Ես նրա հետ երկար տարիներ աշխատել եմ, որպես արտգործնախարար, եւ դրանից առաջ, երբ ինքը ԼՂՀ նախագահ էր: Ես կարծում եմ, որ արդյունավետ է եղել մեր աշխատանքը: Այսօր էլ ես կապերը Քոչարյանի հետ պահում եմ, պարբերաբար հանդիպում, զրուցում ենք երկրի խնդիրներից: Բայց միասին որեւէ քաղաքական կամ այլ ծրագրեր չունենք»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է Վ.Օսկանյանը: Դեռեւս 2008-ի նախագահական ընտրություններից առաջ խոսակցություն կար, թե քննարկվում է Վ.Օսկանյանի թեկնածությունն առաջադրելու հարցը: 2013թ. նախագահական ընտրությունների հետ կապված եւս կարծիք կա, թե Ռ. Քոչարյանի մերձավոր շրջապատում քննարկվում է Վ.Օսկանյանի թեկնածությունը: «Ես իմ քաղաքական ներգրավվածության ձեւը եւ ժամկետը դեռ չեմ որոշել, չեմ կարող այս պահին որեւէ բան ասել այդ կապակցությամբ: Բայց ձեր հարցին պատասխանելու համար կարող եմ ասել, որ ոչինչ չեմ բացառում»,- ասել է Վ.Օսկանյանը: