ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Սիրելի՛ կանայք, սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության գարնանային այս հիասքանչ տոնի առթիվ: Մաղթում եմ բոլորիդ անսահման երջանկություն եւ սեր: Հայաստանի Հանրապետության այս տոնը կրկնակի խորհուրդ ունի. այն առնչվում է մեր քրիստոնեական հավատքին եւ արմատներին: Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետումը, ինչը յուրահատուկ բովանդակություն է հաղորդում տոնին: Ապրիլի 7-ը մեր ընտանեկան արժեքները մեկ անգամ եւս վերաիմաստավորելու, մայրությունն ու գեղեցկությունը մեծարելու օրն է: Այսօր մենք ձեզ, սիրելի՛ կանայք, փոխանցում ենք մեր սերը` հայտնելով մեր գնահատանքն ու երախտագիտությունը: Զավակները երբեք չեն կարող վարձահատույց լինել իրենց ծնողներին, սակայն մշտապես պիտի գիտակցեն, որ իրենց խաղաղությունը, ձեռքբերումները, իրենց ընտանիքների լուսավոր ու կայուն ապագան մայրերի ամենամեծ երջանկությունն են: Սիրելի՛ կանայք, եղե՛ք առողջ ու երջանիկ, եղե՛ք ամուր թիկունք մեր երկրին, որպեսզի ձեր սերն ուժ տա բոլորիս միասին կերտելու հզոր երկիր` քայլ առ քայլ իրականություն դարձնելով մեր երազանքի Հայաստանը»: